Ֆրանսիական Ջունգլին դեռ չի մաքրվում


Կալեում տեղակայված փախստականների ճամբարում իրավիճակը շարունակում է լարված մնալ: Շուրջ երկու հազար մարդ, հիմնականում երեխաներ և դեռահասներ, մի կերպ տեղավորվել են նախկին «Ջունգլի» ավանում և ապրում են բեռնարկղերի մեջ: Նրանք հայտարարում են, թե Ֆրանսիայի իշխանությունները դավաճանել են իրենց, և հարկավոր է շտապ Մեծ Բրիտանիա տեղափոխվել:

Տեղաբնակները նույնպես պարսավում են պաշտոնական Փարիզին` անգործության համար և մեղադրում պոպուլիզի մեջ (հաղորդել է «Ռոսիա 24» հեռուստաալիքը): Այս իրավիճակը ձեռնտու է միայն բեռնատարների վարորդներին, ովքեր բեռները տեղափոխում են Եվրոթունելով. հիմա քչացել են դեպքերը, երբ գաղթյալների ամբոխները փակում են ճանապարհը:

Ինչպես տեղեկացվել էր` Կալեում ներգաղթյալների ճամբարը մեկ շաբաթ առաջ սկսել են քանդել, իսկ դրա բնակիչներին տեղավորելու են Ֆրանսիայի ուրիշ ապաստաններում: Նրանց մի մասն արդեն տեղափոխվել է Փարիզ, որի 3 մարզեր արդեն հեղեղված են փախստականներով: Իսկ երեխաները, ովքեր ձգտում են և հույս ունեն Մեծ Բրիտանիա տեղափոխվել, կարող են հուսախաբվել: Միացյալ Թագավորության կառավարությունը միայն 274 դեռահաս ընդունելու ցանկություն է հայտնել:

Իսկապես, երբ և ինչպես է հարթելու Եվրոպան փախստականների խնդիրը: Բացի այն, որ ազգային ինքնության խաթարումը կարող է լուրջ սպառնալիք լինել այդ պետությունների համար, նաև` տեղավորել է պետք ներգաղթյալներին և նրանց կարիքները հոգալ: Մինչդեռ հենց եվրոպական երկրներում ևս ստիպված են «գոտիները ձգել»: