Երկրի ապագայի համար բոլորս ենք պատասխանատու


Այն, որ տարբեր կարգի ընտրությունները վերջին 25 տարում դարձել են մեր հասարակությանը շարժման մղող գլխավոր ուժը, խորհրդային ընտրական, կամ գուցե ասենք` չընտրական համակարգին առնչված մարդկանց համար շատ ուշագրավ երևույթներ է բացահայտում: Իհարկե` այսօրվա աշխարհում, որտեղ ժողովրդավարությունը գլխավոր արժեք է հռչակվել, ընտրություններն ինքնին իրադարձություն են, սակայն Հայաստանի Հանրապետությունում երբեք առանց թեժացող կրքերի չեն անցնում: Ու թեև առաջիկա խորհրդարանական ընտրություններից մեզ վեց ամիս է բաժանում, սակայն մեր քաղաքական դաշտն արդեն դերի մեջ է մտնում:

Ստեղծվում են նոր կուսակցություններ, կազմվում են դաշինքներ, քաղաքական դաշտ են վերադառնում գործիչներ, շուտով իրենց մասին կհիշեցնեն նաև այնպիսիք, որոնց անունները հասարակությունը հասցրել է մոռանալ: Ավելի են կոշտացվում դիրքորոշումները, և բոլորը միաբերան քննադատում են իշխանություններին: Սա մի կետ է, որի շուրջը համախմբվում են բոլոր ընդդիմադիր կուսակցությունները: Գուցե թե հենց միակ այդպիսի կետն է, որովհետև տարիների փորձը ցույց է տալիս, որ անընդհատ միավորվելուց խոսող ընդդիմությունը վերջիվերջո անջատ-անջատ է գնում ընտրությունների` ընդամենը հաջողելով խորհրդարանում ոչ այնքան նշանակալից տեղեր ապահովել: Եվ ուրեմն զարմանալի չէ, որ ընդդիմության պառակտված, ցրված ձայների համապատկերին իշխանական մեծամասնություն կազմող կուսակցությունը հաջողության է հասնում: Մյուս կողմից` այսօր Հայաստանում հանրապետական նախագահի նախաձեռնությամբ փոփոխությունների ալիք է բարձրացել, որը որոշակի լավատեսություն է առաջացրել: Մինչդեռ այս անգամվա խորհրդարանական ընտրությունները միանգամայն նոր իրավիճակ են ստեղծելու, քանի որ ՀՀ-ում վերանում է կառավարման կիսանախագահական կարգը, և գլխավոր դերը վերապահվում է խորհրդարանին: Այս թեմային առնչվող մեր հարցերին պատասխանում է ԱԺ-ում ՀՀԿ խմբակցության պատգամավոր Մարգարիտ ԵՍԱՅԱՆԸ:

- Այսօր Հայաստանում զգալի փոփոխություններ են կատարվում, ՀՀԿ շատ կադրեր պաշտոններից զրկվում են: Դա կարելի՞ է համարել ինքնամաքրում: Այս տարվա ապրիլյան և հունիսյան դեպքերը դրա հետ ինչքանո՞վ են առնչվում:

- Մեր երկրում կատարվել է համակարգային փոփոխություն, փոխվել է երկրի գլխավոր օրենքը` Սահմանադրությունը, իսկ այս կարևոր իրողությունը պարզապես պարտադրում է բազմաթիվ փոփոխություններ կատարել: Երկրում գործող օրենքները, իրականությունը, մեր բոլորի քայլերը այսուհետ պիտի համահունչ լինեն Սահմանադրութ յանը: Մի մոռացեք, որ նոր սահմանադրությամբ Հայաստանի Հանրապետությունը այլևս ոչ թե կիսանախագահական, այլ` խորհրդարանական կառավարմամբ պետք է առաջ գնա: Սրանից էլ բխում են մեր բոլոր քայլերը: Համակարգային այս փոփոխությունը հայաստանյան բազմաթիվ քաղաքական ուժերի երազանքն էր, ինչը և իրականություն դարձավ ժողովրդի կամքով: Կլինեն այլ փոփոխություններ ևս, ամեն ինչ դեռ առջևում է: Հարցնում եք` ապրիլյան և հունիսյան դեպքերը որքանո՞վ են առնչվում այս փոփոխություններին: Ապրիլյան պատերազմը ադրբեջանական հերթական ագրեսիան էր, որին մեր բանակը տվեց արժանի հակահարված, թշնամին հասկացավ, որ երբեք չի կարող հարցը լուծել ուժի, ռազմական ճանապարհով, և խելոք նստեց իր տեղը: Աստված չանի, եթե հարկ լինի` ավելի հուժկու հարված կստանա: Ինչ վերաբերում է հունիսյան դեպքերին` կա երկու իրականություն. զինված մարդկանց խումբը զինված հարձակում գործեց պետական ռազմական հաստատության վրա, պատանդներ վերցրեց, սպանվեցին երեք ոստիկան, այսինքն, կատարվեց հանցագործություն: Մյուս կողմից, մեր հասարակության մի հատվածն այս մարդկանցից ակնկալիք ուներ, մտածում էր, թե դա հանուն հասարակության է արվում: Միայն թե ոչ մի նպատակ չի կարող արդարացնել ոստիկանների սպանությունը: Անկասկած է` ուժի միջոցով հարցերը չեն կարող լուծվել, չի կարելի ելնել պետության դեմ, սա էլ է կարևոր: Հասարակությունը, ընդդիմությունը, իշխանությունը, մենք բոլորս պարտավոր էինք և արեցինք հետևություններ: Վերադառնալով Ձեր հարցին` ուզում եմ շեշտել` իշխանությունը համակարգային փոփոխությունների է գնում, քանի որ հստակ գիտի, որ երկիրը առաջ տանելու և հաջողությունների հասնելու համար այլ ճանապարհ չկա: Հասարակության մեջ առկա խնդիրները պետք է լուծել, և պիտի ստեղծել այնպիսի միջավայր, որտեղ մարդն իրեն առավել ապահով կզգա, որտեղ քաղաքացին կլինի պաշտպանված, ապահովված աշխատանքով և արժանապատիվ աշխատավարձով: Մենք գնում ենք հենց այս նպատակն իրականացնելու ճանապարհով և ամեն ինչ անելու ենք` վերականգնելու համար վստահությունը մեր վաղվա հանդեպ, վստահությունը իշխանության նկատմամբ և հավատը, որ ամեն ինչ տեսանելի ապագայում ավելի լավ է լինելու:

- Ինչպես նշեցիք` Հայաստանում համակարգ է փոխվելու` անցնում ենք խորհրդարանական կառավարման: Ի՞նչ է դա տալու Հայաստանին, և ձեր կուսակցությունն այդտեղ ի՞նչ դեր կունենա:

- Զգալիորեն կմեծանա խորհրդարանի դերը երկրի կառավարման գործում: Այս օրերին խորհրդարանական ուժերը քննարկում են ԱԺ Կանոնակարգ-Օրենքի նոր նախագիծը, որը համահունչ պիտի լինի փոխված Սահմանադրությանը, մեր երկրում կմեծանա քաղաքական ուժերի դերակատարումը, երկրի նախագահին, վարչապետին և այլ բարձրաստիճան պաշտոնյաների կընտի խորհրդարանը, կլինի բոլորովին նոր, ավելի ժողովրդավարական իրավիճակ, քաղաքական ուժերը կկարողանան ինքնադրսևորվել: Իսկ թե ինչ դեր ունի ՀՀԿ-ն այս ամենում, պարզ է` այսօր Հանրապետական կուսակցությունը իշխող քաղաքական ուժն է և բոլոր այս փոփոխությունների պատասխանա տուն, նախաձեռնողն ու իրականացնողը: Կոալիցիոն գործընկեր ՀՅԴ-ի հետ միասին մենք բաց ենք բոլոր ուժերի համար և հարգանքով ենք վերաբերվում բոլորի առաջարկություններին: Մենք կողմ ենք միասին և բարեկամաբար աշխատելուն` անկախ քաղաքական հայացքներից:

Դուք կարողանում եք խորհրդարանական մեծամասնություն ձևավորել, բայց հաճախ եք կոալիցիաներ կազմում: Նպատակը պատասխանատվությունը կիսե՞լն է:

- Ոչ, մենք մեր պատասխանատվության չափը գիտենք, և չենք փորձում մեր պատասխանատվությունը դնել այլոց ուսերին: Բայց և կողմ ենք միասին աշխատելուն, քանի որ սա բոլորիս երկիրն է, մեր բոլորի հայրենիքը: Իսկ այդ հայրենիքի այսօրվա ու ապագայի համար պետք է պատասխանատու լինեն բոլորը: Սա է պատճառը, որ մենք ձգտում ենք միասնական աշխատանքի. ազգային համաձայնության կառավարությունը կարող է լինել արդյունավետ և ճիշտ:

Իսկ ընդդիմության տարբեր ճյուղերն անընդհատ խոսում են միավորվելու մասին, բայց այդպես էլ ընդհանուր հայտարարի չեն գալիս: Այս հանգամանքը ձեր կուսակցության համար իրավիճակն ավելի ձեռնտու չի՞ դարձնում :

- Իրականում` ճիշտ հակառակն է: Ցանկացած իշխանության համար աշխատելը, արդյունքները տեսանելի դարձնելը ավելի դյուրին կլինի, եթե երկրում լինի ուժեղ, գաղափարական ընդդիմություն: Իսկ թե ինչու մեր ընդդիմադիր ուժերն այդպես էլ չեն կարողանում միավորվել, իրենց խնդիրն է, թեպետ իմ անձնական կարծիքն այն է, որ դրա համար կան ավելի շատ սուբյեկտիվ, քան օբյեկտիվ պատճառներ:

Ասում են` ճշմարտությունը ծնվում է բանավեճի մեջ: Հայաստանյան իշխանական և ընդդիմադիր կուսակցությունների միջև բանավեճ կա՞, և արդյոք դա ձեզ ճի՞շտ գործելակերպ է հուշում:

- Մասամբ կա այդ բանավեճը, ապացույցը` վերջերս ընդունված նոր «Ընտրական օրենսգիրքը», որը կարելի է ասել` ծնվեց հենց առողջ բանավեճի շնորհիվ, ընդդիմադիր ուժերի գրեթե բոլոր առաջարկներն ընդունվեցին և տեղ գտան օրենսգրքում: Սա շատ դրական քայլ է, այս կարգի աշխատանքները պետք է շատ լինեն: Կարծում եմ` ճշմարտությունը ծնվում է այնտեղ, որտեղ կա աշխատանք:

Առողջ ընդդիմություն ունենալը, երևի, ցանկացած իշխանության երազանքն է: Ինչպիսի՞ն է ձեր ընդդիմությունը և ինչպիսի՞ն կուզենայիք ունենալ:

- Չգիտեմ` ինչ նկատի ունեք «ձեր ընդդիմություն» ասելով, անձամբ ես անձնական ընդդիմություն չունեմ: Իհարկե` կան մեկ-երկուսը, որ առիթով և անառիթ փորձում են վատաբանել, ցեխ շպրտել, բայց դա ինձ չի հասնում, իսկ իրենց ձեռքերը ցայսօր ցեխոտ են և դեռ երկար կմնան ցեխոտ:

Նկատի ունեմ իշխանությանն ընդդիմադիր ուժերին: Ինչևէ, եթե այնպես լինի, որ խորհրդարանական ընտրություններին ՀՀԿ-ն մեծամասնություն չձևավորի, ինչպիսի՞ն եք պատկերացնում ձեր հետագա գործունեությունը:

- Խորհրդարանական ընտրություններն ապրիլին են, դեռ աշխատելու ժամանակ կա: Ընտրությունը պետք է կատարի Հայաստանի Հանրապետության ազատ քաղաքացին: Թե ի՞նչ արդյունքներ կլինեն` կապրենք_կտեսնենք, կանխավ կարծիք հայտնելն իմ ոճը չէ: Թեպետ չեմ կասկածում, որ ՀՀԿ-ն կշարունակի մնալ հայաստանյան քաղաքական դաշտի առաջատար ուժը:

Ի՞նչ եք կարծում` այսօրվա Հայաստանում ընդդիմություն լինե՞լն է ավելի «ձեռնտու», թե իշխանության մաս կազմելը:

- Շատ երկիմաստ հարց եք տալիս, կարճ պատասխանեմ. այսօրվա Հայաստանում որոշ ընդդիմադիր գործիչներ շատ ավելի հարուստ և լավ են ապրում, քան որոշ իշխանական պատգամավորներ:

Ես նաև նկատի ունեմ, որ ընդդիմադիրի կեցվածքով հանդես գալը շատերին էժան հեղինակություն է բերում, սակայն իրականում նրանց գործունեութ յունից հասարակությունը ոչ մի օգուտ չի տեսնում: Իմ հաջորդ հարցը` մինչև խորհրդարանական ընտրությունները ի՞նչ վերադասավորումներ եք ենթադրում քաղաքական դաշտում:

- Կարծում եմ` կլինի ինչպես բոլոր ընտրություններից առաջ. հանկարծ «կծնվեն» նոր քաղաքական ուժեր, կառաջանան դաշինքներ, կլինեն «ամուսնություններ» և «ապահարզաններ», շատերը դուրս կգան լեթարգիական քնից, շատերը նորից ու կրկին իրենց մաշկը կփոխեն, կավելանա հայհոյանքը, ցեխակույտեր կնետվեն այս կամ այն ուղղությամբ, կոմպրոմատների և հորինված լուրիկների պակաս նույնպես չի լինի: Այս ամենը տեսել ենք բազմիցս, էլի կտեսնենք` տարին նախընտրական է, և անակնկալ ները կլինեն համարժեք:

Ասում են` քաղաքականություն մտնող մարդը կեղտի մեջ է թաթախվում: Սրա մեջ ճշմարտության հատիկ կա՞:

- Եթե մարդը մաքուր է, հոգին, գործերը և արարքները մաքուր են, ուր էլ մտնի` մաքուր է մնում, և նրա ուղղությամբ նետված կեղտն իրեն չի կպչում: Իսկ եթե մարդն ի սկզբանե կեղտոտ է, մտքերը, հոգին, գործերը, արարքները մաքուր չեն, չարության ավելցուկով է տառապում, ապա կարող է կեղտոտել ամեն ինչ, նաև` քաղաքական դաշտը:

Արմենուհի ՓԱԼԱՆԴՈՒԶՅԱՆ