ՆԵՐԻ´Ր, ԵՐԵՎԱՆ ՋԱՆ


Հայ մարդու արարումի հերթական քարե վկան պայթեցվեց` արդարացի վրդովմունք առաջացնելով հասարակության շրջանում: Պայթեցման օրն էլ խորհրդանշական էր` Հոկտեմբերի 27. օր նախճիրի, հիմա էլ` ավերումի:

Էս ի՞նչ մոլուցք է` ավիրել, ոչնչացնել իրենցից առաջ եղած ամեն ինչը: Էս ի՞նչ չար շունչ է մտել նորօրյա կառուցապատողների մեջ: Նոր շինությո՞ւն եք ուզում կառուցել` մարզեր գնացեք: Արվարձանների «խրուշչովյան» կոչվող բնակելիները նոր ու նորոգներով փոխարինեք. հներն արդեն ժամկետանց են, բնակիչների համար` վտանգավոր: Թե չէ` կուտակվել եք Երևանում, և հենց քաղաքի կենտրոնը փորձում եք վերաձևել ձեր ճաշակով: Թույլ տվեք կասկածել քաղաքաշինական ձեր ճաշակին: Իսկ ի՞նչ է մտածում Երևանի քաղաքապետարանը` մայրաքաղաքիս կենտրոնը վերածելով անոճ խառնիճաղանջ լաբիրինթոսի: Շուտով, շա˜տ շուտով աշխարհը կարձանագրի երևի, որ Երևանը 21-րդ դարի փորձարարական տեղավայր է, իսկ Երևանի իշխանիկներն էլ կառաջարկեն փոխել անունը. դիցուք` հյուրանոցավան կամ էլլլիտառռռռաշեն: Դե, Էրեբունի-Երևան տոնակատարությունն էլ կվերանվանեն… Չէ, չեն վերանվանի, կջնջեն պատմության հետքերը` իրենցից շատերի նման` անանցյալ թողնելով դարակուտակ ժողովրդին:

Նախկին Տպագրիչների (փողոցը հենց բարեհամբավ տպարանի անվամբ էր կոչվել)` ներկայիս Հանրապետության-Վարդանանց փողոցների հատույթում շուրջ 100 տարի առաջ կառուցված շենքը քանդել են պայթեցման միջոցով: Ասել է թե` շենքն այդ այնքան ամուր էր իր տեղում «նստած», այնքան որակով էր կառուցված, որ միայն դավադիր պայթյունով կարելի էր տեղից շարժել: «ՆորՏեղ Շին» կոչվող կազմակերպությունն այդքան որակով շինություն կարո՞ղ է կառուցել: Համոզված ենք` ոչ, որովհետև ճշմարիտ կառուցողը չի´ կարող քանդել: Փողատեր ոմն մեկի սիրտը Կենտրոնում տարա՞ծք էր ուզում, թող թեկուզ նույն շենքում իր հյուրանոցը կամ ժամանցավայրը (նմաններն ուրիշ ի՞նչ կարող են ստեղծել) ստեղծեր` այն նորոգելով, հարմարավետ դարձնելով, այլ ոչ թե բարբարոսաբար քարատակելով: Այն էլ` առանց տեղեկացնելու և տարհանելու շրջակա բնակչությանը: Ծանուցվում է, թե անվտանգության նկատառումներով տարածքում հերթապահել է ԱԻՆ 1 մարտական հաշվարկ: Եթե բնակելի մի շենք պայթյունից փլուզվեր, այդ մարտական հաշվարկն ի՞նչ էր անելու` ուսերո՞վ էին պահելու փլատակվող պատերը, թե՞ առաջին օգնություն էին ցույց տալու տուժածներին. եթե, իհարկե, իրենք էլ չզոհվեին: Կամ, քաղաքը ցնցած այդ դղրդյունը արդյո՞ք չի թույացրել հարևան շինությունների հիմքերը:

Վարչապետ Կարեն Կարապետյանը շատ դիպուկ արձագանքեց`

- Սա փորձադաշտ չէ´: Սա ռազմական պոլիգո՞ն է, ի՞նչ է: Իրականում այն տպավորությունն է, որ այս քաղաքում ով ինչ ցանկանա` կարող է անել...

Ասել են, թե շինկազմակերպությունը համապատասխան մարմիններին չի տեղեկացրել: Կասեինք` ճիշտ հակառակը. տեղեկացրել է ու խնդրել, որ աչք փակեն: Այլապես ո՞նց կարող էին տեխնիկա տեղափոխել` ան-նկատ մնալով: Փորձե՞նք մեր բնակարաններում դիցուք պատշգամբը 5 սմ առաջ տալ: Աննկատ կմնա՞…

Եվ ամենը` հանուն ինչի՞, հանուն ո՞ւմ:

Ներիր, Երևան ջան, ների´ր: Քեզ սիրողներն անզոր են, իսկ զորեղները չեն կարող շատ բան հասկանալ:

Երևան ջան, ներիր ու դիմացիր, զի դու տերերիցդ լավ գիտես, թե ո՞րն է արժեքը, և ինչն է մնայուն: Դու դարավոր փորձովդ գիտես նաև, որ պատմության անարգանքի սյունը հետո տառապանքի պարունակ է դառնում ավերակների կրակի բոցերին ձեռք տաքացնողների համար: