Այսինքն` «Մի° կռավիր, Յուլիա», հա՞


Չէ, շատ բարձր պաշտոնյա լինելն էլ մի բան չէ: Մանավանդ լրագրողների ամենատես հայացքից նույնիսկ ծննդյանդ օրվա «ավելորդ» մանրամասները չես թաքցնի: Ոււկրաինայի վարչապետուհին էլ չկարողացավ ներշրջապատային շնորհավորանքները հրապարակային քննարկումների թեմա չդարձնել, չնայած հայտարարել էր, որ ծննդյան օրը չի նշելու: Այնուամենայնիվ, նոյեմբերի 27-ին նա շնորհավորանքներ ու նվերներ ստացավ. այն էլ` ինչպիսի¯ նվերներ… Տիմոշենկոյի ծննդյան 48-ամյա տարելիցը առաջինը շնորհավորողներից է եղել ՌԴ նրա գործընկեր Վլ. Պուտինը: Իհարկե` ոչ անձամբ, այլ Ուկրաինայում Ռուսաստանի դեսպանատան միջոցով նա իր մաղթանքների շարքում նաև նշել է. «Կուզենայի կրկին ընդգծել շահագրգռությունս` Ձեզ հետ ընդհանուր աշխատանքում և ռուս-ուկրաինական համագործակցության հետագա ամրապնդման ուղղությամբ` բարեկամության ու բարիդրացիության ոգով»: Մի խոսքով, գրեթե ոչ ոք չի մոռացել նրա տարեդարձը: Բայց ամենա… ինքնատիպը, թերևս, Ներքին գործերի նախարար Յուրի Լուցենկոյի նվերն է եղել: Ուկրաինացի ճանաչված նկարիչ Վլադիմիր Միկիտենկոյի հեղինակած` մոլոշաքարե (մալախիտ) պատվանդանիկով ոսկեկտուց 33 սմ բարձրությամբ բրոնզե ագռավի արձանը կոչվում է «Երջանկության թռչուն»: Այն Լուցենկոյի պատվերն է, և սրամտողներ են եղել, թե արդյո՞ք այդ կերպ նա չի ակնարկում` «Մի կռավիր, Յուլիա»: Ի դեպ, Տիմոշենկոյի ծննդյան նախօրյակին, երկրի խոշոր քաղաքներում անցորդներին թերթիկներ են բաժանվել, որոնցով նոյեմբերի 27-ին Յուլիա Վլադիմիրովնայի անունից բոլորին հրավիրել են ՄակԴոնալդս` անվճար հյուրասիրության: «Արցունքն աչքերիս եմ հիշում մայրիկիս այն կարագահացերը, որոնք նա խնամքով տեղավորում էր դպրոցական պայուսակիս մեջ: Եվ ուկրաինացի միլիոնավոր երեխաների համար այդպիսի մայրիկ է դարձել «ՄակԴոնալդս» ռեստորանը,- նշված է եղել հրավիրաթերթիկներում: