ԱՅՍ ԿԵՐՊ ԿԴԻՄԱԿԱՅԵ՞ՆՔ


Հետաքրքիր ու շատ ինքնատիպ է մեր խորհրդարանը: Ահավասիկ հերթական անոմալիան. բյուջետային քննարկումների ընթացքում հորդացող քննադատությունը գրեթե կասկածներ չէր թողնում, որ այս անգամ հնարավոր ու հավանական է բյուջե-2009-ի քվեարկության տապալման հիրավի արտառոց իրողության արձանագրումը: Սակայն մեր սիրելի պատգամավորների խոսքն ու գործը դարձյալ չհամընկավ. քվեարկության արդյունքում հաջորդ տարվա գլխավոր ֆինանսատնտեսական փաստաթուղթը գրեթե հարյուր տոկոսանոց դրական վերաբերմունքի արժանացավ: Այսինքն` կրկին վերահաստատվեց անսկզբունքայնության այն բանաձևումը, երբ մարդը մտածում է (եթե, իհարկե, մտածում է) մի բան, ասում է այլ բան և անում է բոլորովին հակառակը: Ինչպես ասում են, արդեն կայացած այս փաստը կարելի էր նաև մանրամասնորեն չտնտղել, եթե չլիներ հետևյալ կարևոր նրբերանգը. նոր բյուջեն գրվել է այն ժամանակ, երբ համաշխարհային ֆինանսական ճգնաժամը միայն հոռետեսներն էին կանխատեսում… Ասել է թե` անցնող ամիսներին առաջ եկած լրջագույն հիմնախնդիրները, որոնք արդեն իսկ չոքել են նաև մեր դռանը, ոչ միայն անհնար էր շրջանցել, այլև աներկբայորեն ներառել էր պետք գործադիրի հաջորդ տարվա անելիքներում: Հենց այս մտավախությունն էլ հայրենի խորհրդարանին ստիպեց այս տարի աննախադեպ «բեղուն» գործունեություն արձանագրել` թե իբր մեր երեսփոխանները շուրջ 500 առաջարկ են ներկայացրել: Կասկածից վեր է, որ եթե գոնե դրանց մի մասը ինչպես ասում են խելքին մոտ լինեին, ապա բյուջետային քննարկումները հաստատ մինչև տարեվերջ կձգվեին: Այդուհան դերձ, Ազգային ժողովը ավանդույթի համաձայն ավելի շատ ձգտեց ցույց տալ, թե խորհրդարանն իր մասով իր անելիքն արել է, ու մնացածն էլ ավելի շատ արդեն գործադիրի խնդիրն է: Հովիկ Աբրահամյանն այդպես էլ ամփոփեց, թե ցանկալի կլիներ, որ կառավարությունը բյուջեի նախագծում արտացոլեր հակաճգնաժամային այն միջոցառումների ցանկը, որոնց իրագործմամբ փորձելու է դիմակայել ճգնաժամը: Մինչդեռ թվում էր, թե դիմակայելը ոչ այնքան գործադիրի խնդիրն է, ոչ էլ առավել ևս Ազգային ժողովի: Դեռ մի քանի շաբաթ առաջ Տիգրան Սարգսյանը հավաստիացնում էր, որ եթե ճգնաժամի մասին չխոսենք, ապա այն մեզ կշրջանցի… Կարելի էր ենթադրել, թե այս տրամաբանությամբ առաջնորդվող վարչապետը նախատեսում է կոնկրետ իրավիճակում կոնկրետ հարցերի վերաբերյալ կոնկրետ լուծումներ գտնել: Ասվածը դեռ ինչ-որ տեղ հնարավոր կլիներ ընդունել, եթե ահագնացող խնդիրները մեր ժամանակներում այդքան հեշտ լուծվեին, եթե դրանք այդչափ շաղկապված, համընդգրկուն ու անհնարին լինելու չափ դժվարլուծելի չլինեին: Չէ՞ որ այդ չարաբաստիկ ճգնաժամի պտուղներն արդեն սկսել ենք վայելել, ու, ինչպես տեսնում ենք, դրանք առայժմ անլուծելիների շարքում են: Նախ գործազրկություն կոչված աղետը Սյունիքի մի քանի քաղաքներ պատուհասեց: Հիմա էլ Լոռու մարզի հանքագործներն են նույն խնդրի առաջ կանգնել: Մայրաքաղաքում են առանձին կազմակերպություններ փակվում… Երևանում գործող «Լայկոս-Հայաստան» ընկերությունն է գործունեությունը դադարեցնում` գործազուրկների բանակը ստվարացնելով իր` 1.000 աշխատակիցներով: Հավելումն այս ամենի` օրերս էլ Մ. Բաղդասարովը հայտարարեց, թե իրեն պատկանող Հրազդանի ցեմենտի գործարանը նույնպես առաջիկայում համալրելու է չաշխատող ձեռնարկությունների շարքը: Գործազրկության, հետևաբար նաև արտագաղթի անցանկալի հետևանքները առաջիկայում պարզապես անխուսափելի են դառնալու: Զուգահեռաբար ասենք` ցեմենտի արտադրության ծավալների կրճատման դեպքում զգալիորեն նվազելու կամ, որ ավելի հավանական է, իսպառ վերանալու է նաև նշված շինանյութի արտահանումը: Իր հերթին Հրազդանում գործող ձեռնարկության փակումը տեղական շինարարության ծավալների էական կրճատման է հանգեցնելու` ազդելով նախորդի համեմատ արդեն իսկ նվազած հաջորդ տարվա տնտեսական աճի վրա: Այս պայմաններում հարկային վարչարարարության խստացումը ուղղակիորեն կարող է նպաստել ծանր ժամանակներ ապրող հայրենի տնտեսության քայքայմանը: Համենայն դեպս, չնայած հարկային բեռի թեթևացման շարունակական խոստումներին, մեր տնտեսվարողները դեռևս որևէ թեթևություն չեն զգում, եթե չասենք հակառակը: Իսկ կառավարության թարմացված ցանկությունը` Հայաստանում սփյուռքահայերի կատարելիք ներդրումների մասով, ավելի հավանական է, որ իբրև չիրականացված երազանք էլ մնա: Միայն իրենց տեղացի գործընկերների ու առանձին պետական կառույցների փոխհարաբերություններում առկա անառողջ մոտեցումները բավարար են` հայրենիքում ներդրումներ կատարելու մտքից հրաժարվելու համար: Եվ բացի այդ, եթե անցնող տարիներին հատ ու կենտ սփյուռքահայեր են միայն Հայաստան տեղափոխվե. ուրեմն նրանց խրախուսելու համար ոչ թե քարոզել-համոզելու, այլ ավելի գործնական ինչ-որ նոր քայլեր է պետք մտածել: Այլապես բյուջեները ամեն տարի էլ կընդունվեն-կգնան: Կարևորն այն է, որ քննարկումների ելակետը առկա սուղ միջոցները մի կերպ տեղաբաշխելը չլինի, և օրենսդիրները հաճախ նաև անձնանպաստ օրինագծեր հրամցնելու փոխարեն մի քիչ ավելի շատ հնարավորություն ու ցանկություն ունենան` հանրային ու պետական շահը գործով գերադասելու: