Հայկական առաջին լիամետրաժ մուլտֆիլմը «Սասնա ծռերի» ոդիսականը


ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, կինոբեմադրիչ Արման Մանարյանի պատանեկան խանդավառությամբ վարակվել էին հայկական առաջին լիամետրաժ անիմացիոն ֆիլմի շնորհանդեսին հրավիրված բոլոր ներկաները£ Տեսախցիկների ու ձայնագրիչների այսպիսի առատության հազվադեպ կարելի է հանդիպել մշակութային միջոցառումների անցկացման վայրերում£ Երևի թե ամենբախտավորն այս առումով գրիգորովիչյան «Սպարտակ»¬ն էր£ Գերադրական գնահատականները, որոնք պարզապես հորդում էին այս ու այն կողմում ԶԼՄ¬ների ներկայացուցիչներով «պաշարված» ստեղծագործական խմբի անդամների ու աջակից հովանավորի հարցազրույցներից, սրտապնդում էին ավելի քան տասնամյա ոդիսական անցած նկարահանման աշխատանքների փայլուն ավարտով£ «Սասունցի Դավիթ» հերոսավեպի բազմաթիվ մշակումներից հիմք ընտրելով իր սցենարի համար Հովհաննես Թումանյանինը` Արման Մանարյանը 1995¬ից ուղիներ է որոնել նորահնար մտահղացման իրականացման համար£ 2001¬ից նախաձեռնված աշխատանքները վհատ ռիթմով են ընթացել, տևական ընդմիջումներով, քանի որ տարեկան 25-30 մլն դրամ բյուջետային հատկացումներն անբավարար են եղել ստեղծագործական փոքրաթիվ կազմի գործունեության խթանման համար£ Դեռ լավ է, որ հանելուկային մի պայծառատեսությամբ` Արման Մանարյանը Սասունցի Դավթի ամբողջ տեքստը վաղօրոք ձայնագրել էր Խորեն Աբրահամյանի ընթերցմամբ£ Անցյալ տարի ֆիլմն արդեն գործնականում պատրաստ էր, երբ պարզվեց, որ եղած տեխնիկական հագեցվածությամբ անկարելի է հաղթահարել վերջին` մոնտաժի և հնչյունավորման փուլը£ Ժամանակ առ ժամանակ հայրենական մշակութային կյանքում բարեգործական ներարկումներ անող Վարդանյանների ընտանիքը օգնության ձեռք է պարզում` կարևորելով Մանարյանի կողմից իրականացվող նախագծի հոգևոր-բարոյական նշանակությունը մատաղ սերնդին հայրենասիրություն պատվաստելու տեսակետից£ «Վիճակագրական տվյալներով` երեխաների ընդամենը 5 %¬ն է գիրք կարդում,¬ ասում է պր¬ն Վարդանյանը£¬ «Սասունցի Դավթի» չիմացությունը, անկասկած, խոշոր գաղափարական, ազգային ու մշակութային կորուստ է` անդառնալի ծանր հետևանքներով£ Գեթ մուլտֆիլմի տեսքով հիմա հայ երեխաները պատկերացում կկազմեն մեր ազգային դյուցազնավեպի մասին, նրա գլխավոր հերոսը` Սասունցի Դավիթը, ընդօրինակման արժանի իր վսեմ նկարագրով նրանցում հայրենասիրական ազնիվ մղումներ կարթնացնի£ Ի տարբերություն ներկայիս հեռուստատեսային վատորակ քրեածին, քաղքենիաշունչ ու պարզունակ «գեղարվեստական» արտադրանքի, որին էապես փորձում է հակադրվել մեր սատարած «Հայրենիք»¬ը£ Այսուհետ էլ աջակցելու ենք հայրենասիրական, ազգապահպան ուղղվածություն ունեցող մշակութային նախագծերի իրականացմանը»£ Հուսադրում է նաև այն հայտարարությունը, որ 2010¬ից սկսվելու են «Փոքր Մհեր»¬ի նկարահանման աշխատանքները` հավելելով էկրանավորված 80 րոպեներին ևս 20¬ը£ Այդպիսով «Սասնա ծռերի» բոլոր 4 ճյուղերի բովանդակային շերտերով կամբողջանա էպոսի անիմացիոն լիամետրաժ տարբերակը, որը, ըստ հավաստիացումների, մրցունակ է միջազգային կինոշուկայում արդեն արվածով£ Ցանկալի կլիներ, որ վերջին ֆիլմի կենսագործմանն անհրաժեշտ միջոցները ժամանակին հատկացվեին` չդատապարտելով նույն ոդիսականին, ինչն անշուշտ անդրադարձել է այս օրերին զանգվածային կինոսիրողին «Մոսկվա» կինոթատրոնում ներկայացվող հատվածի միակերպ ներդաշնակության վրա£ Չէ՞ որ Հայաստանի ազգային կինոկենտրոնի տնօրեն, «Սասնա ծռեր»¬ի պրոդյուսեր Գևորգ Գևորգյանը նախնական խոսքուզրույցում չթաքցրեց հետաքրքրված լրագրողներից երկարաձգման բերումով (ամեն տարում ի զորու են եղել ընդամենը 10 րոպե նկարահանել) նկատված որակական անհամաչափությունը հին ու նոր` 3D համակարգով արված, տեսանյութերի£ Եթե պետության տրամադրած 350 և «Գրանդ Քենդիի»` 10 միլիոն դրամ ընդհանուր գումարը ֆիլմի մեկնարկային փուլում ունենային, անշուշտ, անհամեմատ արագ ու հարթ, համաչափ ու բարձրարժեք վերջնարդյունք կկարողանային ապահովել£ Այս եզրակացությանն հանգում են արդեն «Սասնա ծռերի» հրապարակային առաջին ցուցադրությունը դիտողները£ Ըստ արժանվույն գնահատելով անվանի կինոբեմադրիչի շուրջ հավաքված բոլոր ստեղծագործողների պրոֆեսիոնալ ջանադրությունը` անմիջական տպավորությամբ չեն թաքցնում, նախ, իմաստային թերհագեցվածությունը Մանարյանի սցենարի£ Թումանյանական մշակմանը էպոսի հավաքական տեքստից կցմցված ընտրովի դրվագներով հատկապես օտարազգիները հազիվ թե հստակ գաղափար կազմեն դիպաշարերով հարուստ ու փոխկապակցված ամբողջի պատմագեղարվեստական անուրանալի իրական արժանավորության մասին£ Ասենք, համացանցային ու հեռուստատեսային տեղեկատվությանն առավելապես ապավինած մեր հայրենակիցները` նույնպես£ «Մոսկվա» կինոթատրոնի Կարմիր կինոսրահում գտնվածներից շատերը, հաստատ, վերապահությամբ ընդունեցին ֆիլմի սկզբում ստացած տեղեկատվության (1874 թվականին ականավոր բանահավաք Գարեգին Սրվանձտյանի «Գրոց ու բրոց և Սասունցի Դավիթ կամ Մհերի դուռ» խորագրով Կոստանդուպոլսում հրատարակած գրքով ժամանակների մոռացության գրկից փրկված մեր հերոսական էպոսի հայտնության) դարակազմիկ նշանակության համարժեքությունը իրենց ներկայացված տարարվեստ ֆիլմին£ Պատահական չէ, որ 1939¬ին, երբ Խորհրդային Միությունում մեծ շուքով տոնվեց «Սասունցի Դավիթ» հերոսավեպի հազարամյա հոբելյանը, ասպարեզում եղած մոտ 160 պատումներից ընտրված 60¬ի հիման վրա արարատյան բարբառով հավաքական տեքստը հյուսեցին ականավոր բանասերներ Մ. Աբեղյանը, Գ. Աբովը և Ա. Ղանալանյանը£ Հոբելյանական հանձնաժողովի հավանությանն արժանացած բնագիրը խմբագրվեց Հովսեփ Օրբելու կողմից` նրա իսկ նախաբանով հրատարակվելով և շուտով մեծ հանրաճանաչում գտնելով թարգմանական շքեղ հրատարակություններով. նախ, ռուսերեն, ապա ԽՍՀՄ ժողովուրդների, հետագայում նաև` քաղաքակիրթ աշխարհի շատ լեզուներով£ Ամենևին չնսեմացնելով լիամետրաժ անիմացիոն ֆիլմի փորձ չունեցող «Սասնա ծռերի» ստեղծագործական խմբի մոտ 10-ամյա ոդիսականի ջանադիր մաքառումները` նրանց համատեղ նվիրման այս ծնունդը ողջունողները չթաքրեցին հիացմունքը նկատած մի շարք գեղարվեստական հնարքներով£ Երբ մորեմերկ Ծովինարի երկարաձգված փախուստն ի վերջո հանգեց Կաթնաղբյուրի ժայթքումին, անսպասելի զարմանքի ալիք անցավ դահլիճով նրա խմած մեկուկես բուռ ջրից հառնած Մասիսի ու Սիսի պատկերով£ Անտեսելով հանիրավի հետին պլան մղված կանանց (ըստ իս, Դավթի կյանքում Արտատեր պառավի դերակատարությունը գեթ չպետք է մոռացության մատնվեր) կերպարների այրակերպ նկարագրերի տխրեցնող ընդհանուր տպավորությունը` երանելի ժպիտով հետևեցին Մեծ Մհերի մենամարտին առյուծի հետ, ժառանգ աղերսող ուխտին, Քուռկիկ Ջալալու և Դավթի հրաշածին երկունքին… Գունապատկերային մտածողության (բեմադրող նկարիչ` Վարդան Զաքարյան) բազում ուշագրավ կոնկրետ դրսևորումներով ոգեշնչված` այդուհանդերձ գրեթե բոլոր ներկաները տրտմեցին զուտ նկարեն դրվագների առատությունից ու առանձին պատկերների «շարժունակության» անկատարությունից, ինչը մասամբ հնարամտորեն «քողարկվում» էր Հայկ Մանարյանի ու Խաչիկ Սահակյանի երաժշտական հմուտ ձևավորմամբ£ Կարծում եմ, «Սասնա ծռերի» դժվարին ծնունդով գոտեպնդված ստեղծագործական խումբը, ծանրագույն բեռից ի վերջո ազատագրվելով ֆիլմի ներկայացուցչական տոնական ընդունելությամբ` ամրագրված «Գրանդ Քենդիի» նոր արտադրատեսակով, «Փոքր Մհեր»¬ին ի զորու կլինի շուտով և անհամեմատ լիարժեք էկրանային մարմնավորում պարգևել£ Եվ հնարավորինս կշտկվեն նաև արդեն արվածի թերացումները ինչ¬ինչ անկարկատան «սրբագրություններով»£ Այդ դեպքում միայն արդի փառատոնային մշակույթի չափորոշիչներից զատ այն, ամբողջությամբ վերցրած, կհամապատասխանի նաև մնայուն բարձր արվեստի թելադրած պահանջներին£

Նվարդ ԱՍԱՏՐՅԱՆ