«Էլիտար» աղբավայր


Ասում են` ցանկացած պարագայում մատուցման ձևը շատ կարևոր է£ Ու ոմանք գործադիրում սա այնքան բառացի են ընկալել, որ սկսել են լրջորեն մտածել նույնիսկ աղբավայրերի դիզայնի մասին£ Էկոնոմիկայի նախարար Ներսես Երիցյանի հավաստմամբ` - Եվրոպական զարգացման և վերակառուցման բանկի հետ, քաղաքաշինության նախարարությունը Կոտայքի մարզում սկսել է աղբավայրի դիզայնի հարցը£ Ասել է թե` աղբավայրն այնպիսի արտաքին տեսք պետք է ունենա, որ գրավի աղբ թափողներին և նրանք էլ փորձեն նախընտրել, թե ո՞ր աղբանոցն է ավելի «շքեղ» ձևավորված£ Փաստորեն, պետական մակարդակով բոլոր հարցերը լուծվել էին, մնացել էր աղբանոցների դիզայնը, դրանք «գեղագիտորեն» ու «ակնահաճո» ներկայացնելը£ Իհարկե, ճաշակով ձևավորումները հաճելի են£ Բայց, դիցուք, վթարային ճանաչված ու չճանաչված կիսախարխուլ բնակելիներ, ավիրվող պատմամշակութային կոթողներ ունեցող երկրի հոգածության առարկան, թերևս դրանք պետք է լինեին£ Ի դեպ, մեր քաղաքացիներն էլ, կարծես, այդ հարցում հետ չեն մնում հայրենի իշխանություններից£ Եվ մինչ վերջիններս մտորում են «աղբադիզայնի» մասին, աղբ թափողներն իրենց գործողություններում նույնիսկ ավելի առաջ են գնացել ու նույնիսկ պատմամշակութային նշանակության տեղանքն են համապատասխան վայր ընտրել` իրենց աղբի համար£ Դիցուք` Թոխմախ, Կարմիր բլուր, և այլն... Մ.Ծ.