«...Պետք է հետևողական լինել»


ԵԽԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության անդամների հետ մանրամասներ ներկայացնելով Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի հերթական նստաշրջանի աշխատանքներից, Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Նաիրա ԶՈՀՐԱԲՅԱՆԸ տեղեկացրեց, որ վեհաժողովի ընթացքում տեղահանված անձանց սեփականության իրավունքի վերաբերյալ զեկույցին ադրբեջանական պատվիրակը հատուկ կարծիք էր կցել` խեղաթյուրված փաստեր ներկայացնելով ԼՂՀ վերաբերյալ և խոսելով մեկ միլիոն փախստականների մասին: - Մենք անդրադարձանք այդ զեկույցին` նշելով, որ փաստերը խեղաթյուրված են: Ադրբեջանցիների զգալի մասը, ովքեր տեղահանվել են Հայաստանից, հայկական կողմից փոխհատուցում ստացել են և հնարավորություն են ունեցել իրենց սեփականությունը վաճառելու` ի տարբերություն Ադրբեջանում բնակվող հայերի, ովքեր պարզապես փախել են ադրբեջանցիների կողմից իրականացրած սպանդի պատճառով` թողնելով իրենց ողջ սեփականությունն ու առ այսօր չստանալով որևիցե փոխհատուցում: ԵԽ պատվիրակ ներին, այդ թվում և ադրբեջանցի, մեր կողմից բաժանվել է 1990 թ. Բաքվի ջարդերի վերաբերյալ «Իրական ողբերգություն» և «21-րդ դարի վանդալներ» տեսաֆիլմերը, որտեղ վիդեոկադրեր են ներկայացված ադրբեջանցի զինծառայողների կողմից Ջուղայի հայկական գերեզմանոցներում խաչքարերի ոչնչացման վերաբերյալ: Հայկական պատվիրակությունը ընտրական համակարգի վերաբերյալ զեկույցը օգտագործել է` խոսելով ԼՂՀ-ում 7 համապետական ընտրությունների մասին, որոնք անցել են միջազգային չափանիշներին համապատասխան, և կոչ է արել ԵԽ-ին` չանտեսել ամռանը ԼՂՀ-ում սպասվող խորհրդարանական ընտրությունները: Անդրադառնալով «Հարգանք մամուլի ազատության նկատմամբ» զեկույցին, ուր բացասական անդրադարձ է եղել Հայաստանի վերաբերյալ, պատվիրակությունը կողմ է քվեարկել այդ զեկույցին` համոզված լինելով, որ զեկույցում արծարծված խնդիրները արժանի են ուշադրության և պետք է հետևողական լինել այդ խնդիրները լուծելու հարցում: