Օլիմպիադայից հեռու


 

 

Մեծ Բրիտանիայի չափահաս քաղաքացիների յուրաքանչյուր 10-րդը երկրից հեռանալու է` ամառային Օլիմպիադա-2012-ի օրերին: Այս եզրահանգումը կատարվել է ավելի քան 2000 բրիտանացիների շրջանում անցկացված հասարակական կարծիքի ուսումնասիրման արդյունքում: Հուլիսի 27-ից մինչև օգստոսի 12-ը նրանք որոշել են արտասահման մեկնել` խույս տալու մարզական տենդից:

Առավել հոռետեսորեն են տրամադրված ավագ սերնդի ներկայացուցիչները` 65-ից բարձր տարիք ունեցողները և 55-64 տարեկանների 18 %-ը: Տեղի տեսաբանների հաշվարկներով` նշյալ ժամանակահատվածում միլիոնավոր մարդիկ ոչ թե մարզադաշտեր կշտապեն, այլ կաճապարեն հատել երկրի սահմանները: Շուրջ 9 %-ը ծրագրել է հանգստանալ Միացյալ Թագավորության տարածքում. այն վայրերում, որոնք զերծ կլինեն իրարանցումից:

Բրիտանացիների 30 %-ն ընդհանրապես արհամարհում է մրցամարտերը, իսկ 11 %-ը հատուկ այդ ժամանակ հանգստյան օրեր կձևակերպի` օլիմպիական խաղերի հեռարձակումը տանը` հարմարավետ պայմաններում դիտելու: Եվ միայն 5 %-ն է որոշել արտահերթ արձակուրդ ձևակերպել` ներկա գտնվելու խաղերին ու դրանց առթիվ կազմակերպվելիք միջոցառումներին:

Ինչպես հաղորդել է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը` Օլիմպիադան մեծ աշխույժ կառաջացնի երիտասարդության շրջանում: