Գողերը ... պահպանողներն էին


 

Ոստիկանության պետական պահպանության և քրեական հետախուզության գլխավոր վարչությունների աշխատակիցների ձեռնարկած համատեղ միջոցառումների արդյուն քում օրերս բացահայտվել է երեք տարի առաջ կատարված մի գողություն: Այս բացահայտումը առանձնահատուկ էր ոչ միայն վաղեմությամբ ու գողոնի մեծ արժեքով` տարել էին 17 միլիոն դրամի ապրանքներ: Ամենամեծ առանձնահատկությունն այն էր, որ գողություն կատարելու կասկածանքով բռնվել են հենց նրանք, ովքեր կոչված էին պահպանելու ապրանքը: Պետական պահպանության գլխավոր վարչության Էրեբունու բաժնի ծառայողներ էին. Արտակ Ղազարյանն աշխատում էր որպես վարորդ-ոստիկան, համակարգում էր 2000 թվականից, Գևորգ Գևորգյանն աշխատում էր որպես ջոկի հրամանատար, համակարգում էր 1988 թվականից, Վաչագան Իսպիրյանն աշխատում էր որպես ջոկի հրամանատար, համակարգում էր 2000 թվականից:

Նրանք խոստովանեցին, որ 2009 թվականի հոկտեմբեր-նոյեմբեր ամիսներին, կոնկրետ օրը չեն հիշում, հարմարեցված բանալիով բացել են «Քաղաքային ունիվերսալ բազա» ՍՊԸ-ի Արին-Բերդի փողոցում գտնվող պահեստներից մեկի կախովի փականը և հափշտակել 130 արկղ թեյ ու լուծվող սուրճ: