Պուտի´ն, հեռացի´ր


 

Առանց ավելորդաբանության` հակիրճ այս պահանջն էր հստակ ներկայացնում նախօրեին Կրեմլի հարևանությամբ գտնվող բարձրահարկ շենքերից մեկի վերնամասում հայտնված հսկայական պաստառը: Իսկ վերջինիս վրա պատկերված վարչապետի և «Միացյալ Ռուսաստան» կուսակցության առաջնորդի նկարը` մերժումի խաչաձև ընդգծումով: Այս կերպ իրենց բողոքն են արտահայտել «Համերաշխություն» շարժման ներկայացուցիչները: Ակտիվիստներից մեկի` Իլյա Յաշինի խոսքերով` 140 քառակուսի մետր չափսերով հսկայական պաստառը խոշորագույնն է Ռուսաստանի «ապստամբության» պատմության մեջ:

Ոստիկանները հնարավորինս արագ հեռացրել են պուտինամերժ ցուցանակը:

«Համերաշխության» առաջնորդն իր բլոգը հնարավորինս հանգամանորեն նկարագրել է ձմեռային պայմաններում ակցիան իրականացնելու բոլոր դժվարությունները, ապա շեշտել, թե պաստառի վրա պատկերվել է Վլ. Պուտինի դեմքը, քանի որ նա եղել և մնում է Կրեմլի տերն ու տիրականը: Ի դեպ, Իլյա Յաշինն անցյալ տարի երկշաբաթյա ժամկետով ձերբակալվել է «Հանուն արդար ընտրությունների» շարժումը ղեկավարելու համար: Սակայն համառ ընդդիմադիրը գործուն մասնակցություն կունենա փետրվարի 4-ին կայանալիք միտինգին: