Թիվ 1 շահագրգիռը ժողովուրդն է


 

Նախկին արտգործնախարարը գտնում է, որ առաջիկա ընտրություններով ավարտվում է Հայաստանի ընտրական կանոնադրությունների պատմության կարևոր փուլը: Նրա գնահատականով`

- Ազգային Ժողովի այդ ընտրությունները կլինեն ճահճային վերջին ընտրությունները Հայաստանում: Այս ընտրություններով մենք կհասնենք արդեն հատակին, որից հետո կա´մ պետք է բարձրանանք, կա´մ կխեղդվենք` որպես պետություն:

Ուստի, Արման Մելիքյանն այս ընտրություններին չի մասնակցելու: Նրա կարծիքով` ապագա խորհրդարանից դուրս պետք է լինի մի քաղաքական հատված, որը կարողանա հավուր պատշաճի ներկայացնել հասարակության ընդհանրական շահը, «ով չի վարանի լավին լավ, վատին` վատ ասել»: Իսկ Հայաստանի թիվ մեկ արժեքն այսօր, որը պետք է պահպանվի, խոսքի ազատությունն է:

ԼՂՀ նախկին արտգործնախարար, ներկայումս «Փախստականները և միջազգային իրավունքը» քաղաքացիական ցանցի` քաղաքական հարցերով խորհրդական Արման Մելիքյանը համարում է, որ համամասնական-մեծամասնական ընտրակարգերի մասին ստեղծված քաշքշուկի մեջ ընտրողի շահը ներառված չէ: Ըստ նրա, միայն համամասնական ընտրակարգը թողնելու կողմնակիցները խնդիրն այնպես են ներկայացնում, թե`

- …կա 41 ավազակ օլիգարխ և մի շարք սուրբ կուսակցություններ, որոնք օլիգարխներին դուրս մղելով, կկարողանան հավուր պատշաճի պաշտպանել ընտրողի և ժողովրդի շահը:

Արման Մելիքյանի կարծիքով` 41 մարդուն մեջտեղից հանելով, մենք գործ կունենանք կուսակցապետ-խմբապետերի հետ:

- Ես չեմ գտնում, որ սա բխում է ընտրողի շահերից. Ես կողմ եմ խառն ընտրակարգին, -լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց ԼՂՀ նախկին արտգործնա խարարը:

Խառն ընտրակարգի օգտին բանախոսի նշած կռվանների համաձայն` համամասնական ընտրակարգը լիովին օտարում է ընտրողին այն անձից, ում ընտրողը կուզի տեսնել որպես պատգամավոր.

- Ընտրողն ընտրում է կուսակցություն, որի մարմնավորումն է կուսակցապետը. սա է մեր իրավիճակը:

Մեր իրականությունում իր ազդեցությունն ունի նաև կուսակցական Բրենդը: Օրինակ` «Դաշնակցությանը քվե տալով, ընտրողը մեծամասամբ քվե է տալիս Գևորգ Չաուշին, Սերոբ Աղբյուրին: …Այսօր սա քաղաքական մտածողության որակն ու մակարդակն է Հայաստանում:

Ըստ Արման Մելիքյանի, Հայաստանում ներկուսակցական ժողովրդավարության իսպառ բացակայության ներկա պարագայում համամասնական-մեծամասնական խնդիրը թույլ է տալիս կուսակցապետերին մենաշնորհ սահմանել քաղաքական իշխանության նկատմամբ:

Մեծամասնական, կամ համամասնական, կամ էլ խառն ընտրակարգով` միևնույն է`

- Ընտրություններն արդար չեն լինի, ինչպես արդար չեն եղել նախորդ ընտրությունները, -հայտարարեց բանախոսը:

Նա չի բացառում, որ իշխանությունը կփորձի գործարքի մեջ մտնել ընդդիմության հետ`վերջինիս փողոցից բերելով խորհրդարան, սակայն հատկացնելով այնքան տեղ, որ «ընդդիմությունն անգամ լսելի ձայն չունենա»:

Հոռետեսական կանխատեսումներ անելով` Արման Մելիքյանը պատասխանեց նաև «Ավանգարդի» հարցին` թե ինչպե՞ս կարելի է մեկնաբանել այն, որ նման իրողությունների առկայությամբ Եվրոպական հանրակցությունն, այնուամենայնիվ, 1,7 մլն Եվրո է հատկացրել Հայաստանին` արդար, ժողովրդավարական ընտրություններին օժանդակելու համար: Ըստ նրա, դա արվել է` ընտրությունները լեգիտիմ հայտարարելու համար` ընտրություններն անցկացնողներին արդարացնելու նպատակ ունենալով, «ընդորում` նաև Եվրոպայի ակտիվ ներգրավմամբ»:

Ըստ էության, բանախոսն այսպիսով ցանկանում է ասել, որ Եվրոպան օժանդակելով Հայաստանի գործող իշխանությանը, փորձում է հաստատվել այստեղ` դրա համար աշխարհաքաղաքական լրջագույն դրդապատճառներ ունենալով: Արման Մելիքյանը նկատում է, որ հնարավոր է այդ խնդրին ծառայեցնել նաև համամասնական-մեծամասնականի հարցը: Տեղի տալով ընդդիմության պահանջին, ՀՀԿ-ն կարող է փոխել ընտրակարգը: Այդպիսով իշխող կուսակցությունը «լրացուցիչ փաստարկ կստանա` ասելու, որ ձեր ուզածն էլ արեցինք, հիմա՞ ինչ եք ուզում»:

- Այսինքն, գումար ներդնելն արդար ընտրություններ անցկացնելու հավանականությունը բարձրացնող գործոն չէ. սա մի գործոն է, որը հնարավոր է շահարկել, -հարցը եզրափակեց ԼՂՀ նախկին արտգործնախարարը` ընդգծելով`

- Հայաստանում արդար ընտրություններ անցկացնելու թիվ մեկ շահագրգիռ կողմը Հայաստանի ժողովուրդն է. բոլոր մնացածների համար այս ընտրություն ները քաղաքական շահի խնդիր է:

Արթուր ԴՈԽՈԼՅԱՆ