ՆՈՐԻՑ ԳՆԱՃ 


 

Վառելիքի շուկայում այս տարվա առաջին թանկացումն է արձանագրվել: Նախօրեին Երևանի բոլոր բենզալցակայաններում բենզինի լիտրը թանկացել է ևս 10 դրամով, և այժմ դրա ամենաէժան տեսակը (որն, ըստ հավաստիացումների` չափազանց անորակ է ու դրանով իսկ վտանգավոր մեքենայի «առողջության» համար) վաճառվում է 450 դրամով:

Նոր գնաճը լցակայաններում դոլարի բարձր գնով են պայմանավորում` մանրամասնելով, թե վառելանյութի բոլոր տեսակների դիմաց ներկրողներն արտարժույթով են վճարում: Տարօրինակ է սակայն, որ դիզելային վառելանյութի գինն է անփոփոխ մնացել: Ասում են, թե դիզվառելիքն ավելի մեծ գնային թռիչքի է պատրաստվում: Ինչպես հայտնի է` այն սովորաբար գարնան գյուղատնտեսական աշխատանքների սկսվելուն պես է թանկանում` գնաճային ալիքը տարածելով բենզինի բոլոր տեսակների վրա: