Համակարգն է պետք փոխել


 

 

Թե´ ընտրողները, թե´ թեկնածուները հաճախ անխնա քննադատում կամ հանդես են գալիս կոնկրետ անձանց դեմ: Հերթական հարցախույզի նպատակն էր հստակեցնել քաղաքացիների տեսակետն այն խնդրի շուրջ. արդյո՞ք միայն անձերի փոփոխությամբ հնարավոր է հասնել լուրջ տեղաշարժերի, փոխել տիրող իրավիճակը, թե՞ համակարգի փոփոխությունն է այսօր հրատապ:

Հատկանշական է, որ մեր զրուցակիցներից ոմանք իրենց պատրաստակամությունը հայտնեցին` ցանկացած թեմայով զրուցելու, բացի ընտրություններից: Իսկ հնչած կարծիքներում բավական շատ են ընդհանրությունները:

 

Համակարգն է պետք փոխել

1 ապրիլի, Երևան, Գայի պողոտա

Մանան ԱՌԱՔԵԼՅԱՆ.

ազգագրագետ, 26 տ.

- Ես կարծում եմ, որ մեր երկրին, մեր ժողովրդին այսօր համակարգային խորը, կասեի` աննախադեպ փոփոխություն է հարկավոր: Բոլոր ժամանակների փորձը ցույց է տալիս, որ անհատը, որքան էլ ուժեղ և նպատակային կամքով օժտված լինի, համակարգում լիովին չի ինքնաբացահայտվում, և նրա գործն ի վերջո խեղվում է կամ մնում անավարտ: Նժդեհը, որպես բազմակողմանի օժտված անհատ և որպես հանճար` արեց ամենավեհն իր ժողովրդի համար, սակայն այլ համակարգի, այլ իշխանությունների պարագայում ամեն ինչ այլ կլիներ: Իմ կարծիքով հայ ժողովուրդն այսօր ապրում է իր պատմության ծանրագույն շրջաններից մեկը: Հայն այսօր ունի իր երկար երազած պետականությունը, բայց աստիճանաբար նրանից կորզում են նրա հզոր հոգևոր արժեհամակարգը: Անհատներին ես այլևս չեմ հավատում: Նույնիսկ իրապես արդար ու մտահոգ անհատների ճիգերն իմ ժողովրդին ոչինչ չեն բերի: Հային պետք է կառավարման իր այն համակարգը, որով նա ժամանակին առաջնորդվում էր: Համոզված եմ, որ այդ համակարգի մասին վկայում են մեր գրավոր աղբյուրները: Ուղղակի պետք է համախմբվել և նորովի կերտել այն:

Անուշ ՀԱԿՈԲՅԱՆ.

մանկավարժ, 25 տ.

- Անձերի փոփոխությամբ ոչ մի կերպ էական տեղաշարժ լինել չի կարող: Բոլորն էլ ձևական են կառավարում: Ընդհանրապես համակարգն է պետք փոխել: Հակառակ դեպքում ով էլ գա` լուրջ փոփոխությունների ականատես չենք լինելու:

Տաթևիկ ՊՈՂՈՍՅԱՆ. հանրային կառավարման մասնագետ, 23 տ.

- Մեր երկրում յուրաքանչյուր քաղաքական-հասարակական իրադարձությունից առաջ սկսում են քննադատել իշխանությանը` ասելով, որ չեն մտածում ժողովրդի մասին, միայն իրենց շահն են գերադասում` մի կողմ դնելով հանրային շահը և այլն: Իմ կարծիքով իշխանությունը փոխվելու դեպքում անգամ քննադատությունը չի դադարի: Նոր իշխանության եկած ղեկավարը ևս կենթարկվի քննադատության: Այդ պատճառով կարելի է և պետք է մտածել քաղաքական համակարգի փոփոխության մասին: Ուշադրությամբ հետևելով Հայաստանի ներկա քաղաքական կյանքին և զարգացումներին, կարելի է ասել, որ քաղաքական համակարգի տարրերի միջև բացակայում են կամ թույլ են անհրաժեշտ փոխհարաբերությունները, առանց որոնց քաղաքական համակարգը կայանալ չի կարող: Ցավալի է, բայց իմ կարծիքով քաղաքական համակարգը մեր երկրում դեռ կայացած չէ, ձևավորման փուլում է:

ՆԵՐԿԱՅԱՆԱԼ ՉՑԱՆԿԱՑՈՂ

-Այն իրականությունը, որի մեջ մենք ապրում ենք, չի փոխվի: Ոչինչ էլ չի փոխվելու: Նոր ընտրվողները ոչնչով չեն տարբերվելու ներկա իշխանությունից: Դժվար է որևէ լավ բանի սպասել: Ցավալի է, բայց մնում է կարծել, որ մեզ ժամանակավոր այլազգի թագավոր է պետք:

Ռիտա ԱՎԱԼՅԱՆ. անգլերենի մասնագետ.

-Կոնկրետ անձերի քննադատությունը ես ևս չեմ ընդունում: Մենք այնքան հետ ենք գնացել, որ մի անձը մի քանի ամսվա կամ մի քանի տարվա մեջ չի կարող ոչինիչ փոխել` նույնիսկ մեծ ցանկության դեպքում: Ընդհանրապես ամեն ինչ պետք է փոխվի: Համակա´րգը պիտի փոխվի, նոր բան է պետք մեզ: Գուցե ես չկարողնամ ասել, թե ինչը պետք է փոխել. ավելի խելացի մտածողներ կան: Բայց միանշանակ կարող եմ ասել, որ մեկ կամ մի քանի անձերի փոփոխությամբ շատ մեծ բան չի փոխվի:

Մարինա ԱՂԱՋԱՆՅԱՆ. բժշկուհի, 40 տ.

- Անձերի փոփոխությամբ իհարկե շատ բան չի փոխվի: Ընդհանրապես մարդկանց մտածելակերպը պետք է փոխել: Մի փոքր էլ գոնե քրիստոնեական արժեքներով պիտի մարդիկ դաստիարակվեն: Մարդու հոգեկերտվածքը պիտի փոխվի, իսկ դա հնարավոր է` միայն քրիստոնեական արժեքներով դաստիարակվելու դեպքում:

Օնիկ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ. թոշակառու, 77 տ.

-Ոչինչ չեմ կարող ասել, միայն մի բանում համոզված եմ` եթե այս ձևով շարունակվի, ոչինչ չի փոխվի: Չեմ տեսնում որևէ մեկի, ով կկարողանա ինչ-որ բան փոխել:

ՆԵՐԿԱՅԱՆԱԼ ՉՑԱՆԿԱՑՈՂ

-Ես ոչինչ չեմ կարող ենթադրել, որովհետև մեր Հայաստանը յուրահատուկ երկիր է:

Հասմիկ ԳՅՈԶԱԼՅԱՆ