Ո՞ՒՄ ԵՆ ՍՊԱՍԱՐԿՈՒՄ ԲԱՆԿԵՐԸ


 

Եթե շարքային հայաստանցին փորձի վարկ ստանալ բանկից կամ որևէ ապառիկ գնում ձևակերպել, ապա նա ստիպված է լինելու անցնելու բազմաթիվΖ արգելքների, դժվարությունների միջով` հաճախ նաև ենթարկվելով մարդու իրավունքների ոտնահարման: Հաճախ օգտագործելով տարբեր երկրներից ու բանկերից ստացվող պետական վարկերը` մեր առևտրային բանկերը վերածվել են յուրատեսակ մոնստրների, որոնք գործում են միայն ու միայն հզորների և արտոնյալների համար` շարքային քաղաքացու առջև օրավուր մեծացնելով պատնեշները:

Հիմա էլ դրանք սկսել են վարկերի տեսքով շատ մեծ գումարներ տրամադրել պատգամավորության մի խումբ թեկնածուների` այստեղ ևս առաջնային դարձնելով խտրականությունը: Մեր ունեցած տեղեկություններով` պատգամավորության հիսունից ավելի թեկնածու այս օրերին 500 հազարից մինչև երկու միլիոն դոլարի վարկ է վերցրել` ամենայն հավանականությամբ ընտրությունների ժամանակ «փողային կարուսել» պտտելու համար: Բանկերը սիրով են տրամադրել այս գումարները, որովհետև նրանք տարիներ շարունակ սպասարկում են միայն ունևորներին ու բոլոր նրանց, ովքեր Հայաստանում ձևավորել են արտոնյալների «խավը»: Մեծամասնական ընտրակարգով առաջադրվող մի շարք թեկնածուներ արդեն սահմանել են «սակագները»` յուրաքանչյուր ձայնի համար խոստանալով 10-15 հազար դրամ: Նրանք ավելի մեծ գումար չեն էլ պատրաստվում տալ ընտրողներին, որովհետև գիտեն ու համոզված են, որ շատերն են պատրաստ այս գումարով քվեարկության գնալ: Հատկապես մարզերում 10-15 հազար դրամը համարում են մեծ շռայլություն: Բանկերից շատ մեծ գումարներ են վերցրել նաև որոշ գործարարներ և տրամադրել մի քանի կուսակցությունների` այսպես կուսակցություններին ևս օժտելով ֆինանսական միջոցներով: Իսկ այդ միջոցները նույնպես գործի են դրվելու որպես ընտրակաշառք: Ասում են, որ կուսակցությունները շատ ավելի թանկ են գնահատելու ընտրողների քվեները և յուրաքանչյուր ձայնի համար տալու են մինչև 20 հազար դրամ: Ստացվում է, որ ընտրողներից շատերը կարող են այս ընթացքում վաստակել մի քանի տասնյակ հազար դրամ` հետագա հինգ տարիներին աղքատության մեջ ապրելու համար: