Աստվածուրաց պոռնկուհու ինքնագովազդը 


 

Սովորաբար իրենց «առաջընթացի» մայրամուտին են պոռնկուհիները եկեղեցիներ այցելում: Գուցե` թողություն խնդրելու, գուցե` իրենց «գործին քար չգցելու» աղերսանքով: Բայց պատանեհասակ այս «սիրո քրմուհին» բրիտանական Քենթ կոմսության Սուրբ Վարֆոլոմեյի եկեղեցում պարծեցել է իր իսկ գործած սրբապղծություններով և երդվյալ անբարոյականի «արժանապատվությամբ» ինքն իրեն «անամոթ» անվանել: Սոցցանցերում Ջեմմա անունով ճանաչված կինը հենց տաճարի ներսում մերկ մարմինն է ցուցադրել` Սուրբ Սեղանի կողքին (տեղեկացրել է This Is Kent-ը):

Եկեղեցու վանահայրերն, ապշահար` պատմել են.

- Մարմինը հրաշալի բան է, սակայն դա ցուցադրելու համար անհրաժեշտ է ընտրել ճիշտ տեղ և ճիշտ ժամանակ:

22-ամյա Ջեմման երևի իր ուրույն պատկերացումներն ունի տեղի ու ժամանակի մասին: Համացանցում տեղադրված մի լուսանկարում, օրինակ, նա մորեմերկ ծունկի է իջած Սուրբ Սեղանի կողքին` խաչն էլ ձեռքին:

Այս պոռնկուհին սիրում է մարմնի տարբեր մասերը մերկացրած` կեցվածքներ ընդունել իր բնակավայրի տարածքում պահպանվող 12-րդ դարի մահարձանների վրա: Դժվար է գտնել որևէ լուսանկար, որտեղ նա ձեռքին խաչ բռնած չլինի: Բրիտանիայի շատ եկեղեցիներ նույնիսկ ցերեկները դատարկ են լինում` հաճախ առանց հոգևորականների ու պահակների: Եվ տարատեսակ խուլիգաններն օգտվում են դրանից` հագուրդ տալով իրենց մեղսավոր ցանկություններին:

Մեկ այլ` Ֆոլկսթոն քաղաքի Սուրբ Յոհանի քահանա Ջոն Լիչը հոգեկան մեծ ցնցում է ապրել` իմանալով, որ մարմնավաճառ կանայք մատակարարող ծառայության ներկայացուցչուհին եկեղեցիներն օգտագործում է` գովազդելու իր բարեմասնությունները:

- Այս աղջիկը սրբություն չի ճանաչում: Դժբախտաբար այս իրողությունը բնորոշ է ժամանակակից հասարակությանը:

Հոգևորականի այս մտահոգությունը երևի տեղին է, որովհետև սրբապիղծ արարքների համար Ջեմմային պատժելու ուղղությամբ քայլեր չեն ձեռնարկվել: Համենայն դեպս` մինչ օրս: