ԳՅՈՒՄՐԻՈՒՄ ԼԱՐՎԱԾ ԵՆ ՄՏԱՎՈՐԱԿԱՆՆԵՐԸ 


 

Տարիներ առաջ Գյումրիում հիմնադրված «Գյումրու տարվա մարդ» հիմնադրամի նպատակն էր խրախուսել մեկ տարվա ընթացքում նշանակալի հաջողությունների հասած այն գյումրեցուն, ով հանրահռչակել է քաղաքը միջազգային ասպարեզում, մեծ ներդրումներ է ունեցել գիտության, կրթության, մշակույթի, առողջապահության, բիզնեսի ասպարեզում, դարձել է ճանաչելի գյումրեցիների համար: Անցած տարիներին այս տիտղոսի մի շարք շնորհումներ լուրջ խոսակցություններ և տարաձայնություններ են ծնել, երբեմն հուշել, թե տիտղոսը տրվում է ոչ նրանց, ովքեր իսկապես մեծ ներդրումներ են ունեցել:

Այս տարի էլ այդ տիտղոսը շնորհվել է «Շանթ» հեռուստաընկերության «Ժողովրդական երգիչ» նախագծի հաղթող 22-ամյա Պետրոս Պետրոսյանին: Այս շնորհումն էլ առաջ է բերել Գյումրու մտավորականության խորին զայրույթը: Նրանք հանդես են եկել նամակով` քննադատելով տիտղոսը շնորհող հանձնախմբին, որն, ըստ մեկնաբանության, առաջնորդվել է բոլորովին այլ շահերով:

Պետրոսը Գյումրու մեծահարուստներից մեկի` «Վանատուր» ռեստորանային համալիրի ու Գյումրու օդակայանի գործադիր տնօրեն Սեյրան Չուխաջյանի փեսան է, հենց այս հանգամանքն էլ վճռորոշ է եղել…

«Գյումրու տարվա մարդ» ծրագրի հեղինակ Արթուր Էդարը, ով փորձում է ամեն կերպ արդարացնել հանձնախմբի որոշումը, ասել է.

- Խրախուսել ենք Գյումրու ողջ երիտասարդությանը` հանուն իրենց քաղաքի նորանոր հաղթանակներ տանելու միտումով:

Անշուշտ, արտաքուստ որևէ վատ բան չկա, որ խրախուսվել է երիտասարդը, սակայն հազիվ թե անկեղծ է Արթուր Էդարը, քանզի տարիներ շարունակ մեծ թվով երիտասարդներ հաջողությունների են հասել միջազգային ասպարեզներում, մեծ նվաճումներ գրանցել սպորտում և կրթության ասպարեզում, սակայն նույն հանձնախումբը քար լռություն է պահպանել, չի կամեցել հիշել որևէ տաղանդավոր երիտասարդի: Անվանի գիտնականներ ու մշակույթի գործիչներ են տարբեր տարիների մեծ նվաճումներ ունեցել, բայց ահա հանձնաժողովը գերադասել է տիտղոսը շնորհել Սամվել Բալասանյանին, Արման Սահակյանին, Ռալֆ Յիրիկյանին: Այսինքն, մարդկանց, որոնցից նյութական շահ է ակնկալել, ովքեր կարող էին տիտղոսը ստանալիս հյուրասիրություն կազմակերպել, վճարել վկայականի և հուշանշանի համար: Իսկ ահա մտավորականության շատ ներկայացուցիչներ, բնականաբար, չէին կարող հյուրասիրություններ կազմակերպել, «սիրաշահել» հանձնախմբի այն անդամներին, ովքեր որոշումներ կայացնելու մենաշնորհն ունեն:

Հատկապես Պետրոս Պետրոսյանի դեպքում կրքերն ավելի են բորբոքվել, որովհետև շատ մասնագետներ մինչև այսօր էլ չեն ընդունում նրա հաղթանակը երգի մրցույթում, նշում են, որ դեր են կատարել ոչ ազնիվ մղումները:

Գյումրեցիները գիտեն, որ Սեյրան Չուխաջյանը փեսայի հաղթանակն ապահովելու համար մի քանի հազար հեռախոսաքարտ էր գնել և բաժանել իր աշխատակիցներին` քվեարկելու համար, մինչդեռ շատ ավելի տաղանդավոր մի երիտասարդ չկարողացավ արժանանալ վաստակած հաղթանակին: Հիմա էլ` «Գյումրու տարվա մարդ»:

Մենք զրուցեցինք Արթուր Էդարի հետ, փաստարկներ ներկայացրեցինք, թե ինչպես տարիներ առաջ մի քանի մշակութային գործիչներ Գյումրուց ինչպիսի նվաճումներ արձանագրեցին, ինչպես հանրահռչակեցին քաղաքը եվրոպական մայրաքաղաքներից մեկում: Արթուր Էդարը սկսեց սկզբում ինչ-որ մեկնաբանություններ տալ, իբրև թե դա վաստակ է, մինչդեռ իրենք երևույթն են գնահատում: Հետո չքմեղացավ, թե` տեղյակ չի եղել այս ամենին, թե ներկայացնողներ չեն եղել: Իսկ ո՞վ է ներկայացրել Պետրոս Պետրոսյանին, ո՞ր կազմակերպությունն է հայտավորել… Այս ամենի մասին Արթուր Էդարը լռում է: Պարզ է, որ նա ընդամենը այս մեծ խաղի մի պտուտակն է, մինչդեռ նրա փոխարեն որոշումներ կայացնում են ուրիշները:

Ցավալի է, որ մշակույթի մայրաքաղաք հայտարարված Գյումրիում այսօր նման կրքեր են եռում, ցավալի է, որ ճշմարիտ արժեքին փոխարինելու են գալիս փողն ու ունեցվածքը…