ՃԱՐՏԱՐԱՊԵՏՆԵՐԻ ՄԻՈՒԹՅՈՒՆՆ

ԱՐԹՆԱՆՈՒՄ Է ԹՄԲԻՐԻՑ


 

Միշտ մեր հանրային խնդիրների միայն հետևից քայլող, շատ հաճախ համարձակ ու վճռական դիրքավորումներից հեռու մնացող Ճարտարապետների միությունը վերջապես որոշել է համարձակ լինել ու խոսել մայրաքաղաքի Փակ շուկայի մասին: Ավելին, ոչ միայն խոսել, այլև նամակ է հղել Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանին: Նամակն, իհարկե, ուշագրավ է, սակայն տարօրինակն այն է, որ Ճարտարապետների միությունն ընդամենը նամակ է հղում, երբ կարող էր ինքնուրույնաբար լծվել գործին և հասնել հաջողության` նամակը հասցեագրելով ՀՀ Գլխավոր դատախազին: Բայց այստեղ էլ մեր ճարտարապետները որոշել են վատամարդ չլինել և ընդամենը որպես հասարակական կազմակերպություն, ինչ-որ խոսք ասել: Դե թող Տարոն Մարգարյանը կրակը վերցնի իր վրա և զբաղվի: Հետո ճարտարապետները կմեղադրեն քաղաքապետին, քաղաքաշի նության նախարարին, բայց ոչ երբեք` իրենց:

Նամակում ասվում է.

- Մենք, քաղաքապետարանի ճարտարապետական հանձնաժողովի անդամներս, քաջատեղյակ ենք Մաշտոցի պողոտայի Ծածկած շուկայի խեղման հանդեպ քաղաքապետարանի և անձամբ Ձեր անհանդուրժողական դիրքորոշմանն ու նաև կիրառած վարչական պատժամիջոցներին: Սակայն շուկայի սեփականատիրոջ ցուցադրական անհնազանդությունը, օրինազանցության հարաճուն շարունակականությունը ու դրա հետ մեկտեղ հանրության զանգվածային բողոքարկումների հանդեպ պետական ատյանների թևաթափ կեցվածքը մտահոգիչ են ու անբացատրելի: Ճիշտ է, լիազոր բոլոր մարմինները կազմել են գործառույթը դատապարտող պատշաճ արձանագրություններ, սակայն դրանք բոլորն ի վերջո խորհուրդներ են միայն և ոչ պարտադրանք: Տպավորությունն այնպիսին է, կարծես սեփականատերը ապահովագրված է անպատժելիության զորավոր մուրհակով: Մինչդեռ զավեշտալի այս ներկայացմանը վերջակետ դնելու համար գոյություն ունի օրենսդրական հստակ ճանապարհ: Այն է` Երևանի Մաշտոցի պողոտայում գտնվող ու որպես հանրապետական նշանակության պատմաճարտարապետական հուշարձան պետության պահպանության տակ վերցված Կենտրոնական ծածկած շուկայի հետ կատարվածը որակավորել որպես մշակութային վանդալիզմ, իսկ սեփականատիրոջ նկատմամբ հարուցել դատական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 264-րդ հոդվածի հիմքերով, պահանջելով նրանից հուշարձանին հասցված վնասի հատուցում ու զրկելով նրան գույքի նկատմամբ սեփականության իր իրավունքից: Այնուհետև Մաշտոցի պողոտայի Ծածկած շուկան ազգայնացնել ու վերադարձնել Երևանի համայնքին: Սա միակ օրինական ելքն է` ստեղծված իրավիճակից արժանապատվությամբ դուրս գալու համար: Եվ քանի որ երևույթի հանդեպ ըմբոստացողը հանրությունն է, ապա և քրեական գործը, բնականաբար, պետք է հարուցի հանրային շահերը ներկայացնող ատյանը` քաղաքապետարանը: Սա ոչ միայն մեր, հանձնաժողովի անդամների, այլև մտահոգ ողջ հանրության պահանջն է` ուղղված պետական ատյաններին, այդ թվում Երևանի քաղաքապետարանին:

Նշենք, մասնագիտորեն լավ հիմնավորված նամակ է: Հուսանք, ուրեմն, որ այն անարձագանք չի մնա: Սակայն մեզ մի այլ հարց էլ է հետաքրքրում: Միշտ տպավորություն է ստեղծվել, որ որոշ իշխանավորների կողմից հովանավորվում է «Լֆիկ»-ը, ում դեմ այսօր ելնում են շատերը: Արդյո՞ք չի կարելի ենթադրել, որ իշխանությունները որոշել են հակահարված տալ նրան` հավանաբար չցանկանալով այլևս թույլ տալ, որ նա շարունակի ինքնաթողության հաղթարշավը: 

Լևոն ՄՈՒԹԱՖՅԱՆ