Երկու նախագահները` «Ժիգուլի»-ում


 

Որպես իսկական աշխատավորներ, Ռուսիո գործող և նորընտիր նախագահները մայիսմեկյան ցույցից հետո Աշխատավորության միջազգային օրը նշել են Արբատում գտնվող «Ժիգուլի» գարեջրատանը: Նրանց, իհարկե, սպասել են այնտեղ` վոբլայով, չիփսերով, տարատեսակ ընկույզներով, օսական կարկանդակներով, խեցգետիններով և ֆիրմային գարեջրով տոնական սեղանը պատրաստ:

- Ես ոչ մի անգամ այստեղ չեմ եղել,- խոստովանել է Մեդվեդևը:

Սեղանի առատությունը չի խամրեցրել նախագահների հետաքրքրասիրությունը: Նրանք ուսումնասիրել են ճաշացուցակը, հետո մոտեցել սննդի բաշխման սեղանին, ու ամեն մեկն իր սկուտեղի վրա տեղավորել է իրեն դուր եկած ուտեստը: Մեդվեդևը խաշած կարտոֆիլ ու ձողաձուկ է ընտրել, Պուտինը` տապակած կարտոֆիլ ու ոչխարի մսից երշիկ: Երկուսն էլ չզտված ժիգուլևյան գարեջուր են վերցրել:

Նախագահների ուղեկիցների շարքում և´ պատգամավորներ են եղել, և´ արհմիության աշխատող, քաղգործիչ ու նաև` խառատ: Եվ հենց վերջինս էլ հիացմունքով պատմել է որոշ մանրամասներ նրանց զրույցներից:

Ասում են` բարի մուտքն ազատ է եղել բոլոր ցանկացողների համար, բայց բակում «բարձրաստիճան» մեքենաների շարասյունը տեսնելով` շատ քչերն են համարձակվել ներս մտնել: