Խարդախության դեմ` բարեփոխումներով-1


 

Ի՞նչն է դրդում տուժողներին խաբեության զոհ դառնալ, ինչո՞ւ են մարդիկ գործարքի գնում անծանոթի հետ: Ինչո՞ւ են վստահում...

Այս հարցերի պատասխանները քաղաքացին պետք է փնտրի նախևառաջ իր մեջ, որովհետև խարդախման մեխանիզմը գործի է դրվում, երբ տուժողը ինչ-ինչ նպատակներ կյանքի կոչելու համար փորձում է շրջանցել օրենքն ու ցանկալի գործարքը իրականացնել զարտուղի ճանապարհով:

Ցանկացած առաջարկության անվերապահորեն մի հավատացեք: Անծանոթի խոստումներն էլ «հալած յուղի տեղ» մի ընդունեք, փորձեք կշռադատել, ճիշտը զատել ստից: Եվ ամենագլխավորը. դեպի նպատակ գնացեք միայն օրինավոր ու օրինական ճանապարհով, ինչը ձեզ զերծ կպահի անկանխատեսելի հետևանքներից:

Խաղաթղթերը բացելու ժամանակն էր,

Տեղեկանալով, որ իր ծանոթը ցանկանում է Ռուսաստանում բնակվող բարեկամի համար բնակարան գնել Երևանում, Աշոտ Հովհաննիսյանն «իրար անցավ»: «Վաստակելու» լավ հնարավորություն էր, իսկ ինքը ձեռքի տակ հարմար տարբերակ ուներ:

Խնամու բնակարանը ներկայացնելով որպես իր սեփականություն` 75.000 դոլարով վաճառքի է հանում: Վերջնարդյունքում, բնականաբար, այդքան գումար չէր «վաստակելու», որովհետև վաղ թե ուշ` կիմացվեր խարդախությունը, բայց նախնական փուլում կարող էր որոշ կլորիկ գումարի տեր դառնալ:

Ծանոթը մետրոյի «Շենգավիթ» կայարանից ոչ հեռու գտնվող տունը հավանում և 15.000 դոլար կանխավճար է տալիս: Աշոտ Հովհաննիսյանի ասելով` այդ գումարն իբր անհրաժեշտ էր տան ինքնակամ շինություններն օրինականացնելու համար: Գնորդին ներկայացնում է նաև տան սեփականության վկայականի պատճենը, որի առաջին էջը, որտեղ պետք է նշված լիներ սեփականատիրոջ անունը, բացակայում էր: Դրա բացատրությունն էլ Հովհաննիսյանն ուներ. իբր ինքնակամ շինություններն օրինականացնելու համար վկայականի բնօրինակը տվել էր կադաստրի աշխատակցին: Ճշմարտանման կեղծիքը որպես ճշմարտություն էլ ընդունվում է, և գնորդը սպասում է պայմանավորված երկամսյա ժամկետի վերջին` առուվաճառքի գործարքը հասցնելու համար: Երկու ամիս անց առուվաճառքի պայմանագիր կնքելու համար գնորդն ու վաճառողը հանդիպում են նոտարական գրասենյակում: Ի դեպ, մինչ այդ` Աշոտ Հովհաննիսյանը ծանոթի վստահությունը շահելու նպատակով «Փոխառության պայմանագիր» անվանումով կեղծ փաստաթուղթ էր կազմել ու տվել նրան: Ամեն ինչ տեղը տեղին ու հաշվարկված էր, բայց նոտարական գրասենյակում նոր մարտավարություն պիտի բանեցներ:

Պատճառաբանելով` իբր մոռացել է տան սեփականության վկայականն ու կադաստրի կողմից տրված միասնական տեղեկանքը, Աշոտ Հովհաննիսյանն առաջարկում է վերադարձնել փոխառության պայմանագիրը, նաև տասը հազար դոլար է ուզում, որն իբր անհրաժեշտ էր որոշ գործարքների համար: Հասկանում էր, որ խարդախության վերջին արարն է. որքան շատ գումար պոկեր, միաժամանակ վերացնելով հետքերը, այնքան շատ կշահեր հաջողությամբ սկսված գործարքից: Բայց գնորդը հրաժարվում է վերադարձնել ինչպես ձեռքի տակ եղած միակ հավաստիքը` «փոխառության պայմանագիրը», այնպես էլ տալ տասը հազար դոլարը: Միայն նոտարով, միայն օրինական վավերացմամբ` սա էր նրա պահանջը, ինչը նշանակում էր Աշոտ Հովհաննիսյանի «բռնած գործի» տապալում:

Խաղաթղթերը բացելու ժամանակն էր, և Աշոտ Հովհաննիսյանը հարկադրված էր անկեղծանալ` տունն իրենը չէ, այլ խնամունը, եւ այն հնարավոր չէ վաճառել, որովհետեւ գրավի տակ է: Խոստովանում է, որ տասնհինգ հազար դոլարով պարտքերն է մարել, նաեւ խոստանում է, որ խաբեությամբ վերցրած գումարն ամբողջությամբ կվերադարձնի:

Որքան էլ դառն էր հիասթափությունը, որքան էլ ծանր էր խաբված լինելու փաստը, խաբված ծանոթը որոշում է սպասել փողերի վերադարձին:

Սպասումը, սակայն, երկար է տեւում. ամիսներն անցնում են, բայց Աշոտ Հովհաննիսյանի կողմից` ոչ մի քայլ: Ավելին` որոշ ժամանակ անց նա կտրականապես հրաժարվում է ոչ միայն վերադարձնել գումարը, այլեւ ժխտում է ծանոթից փող վերցրած լինելու հանգամանքը. ինքը ոչ մի գումար էլ չի վերցրել ու` վերջ. գնա եւ ում կուզես` բողոքիր:

Նախաքննական մարմինը խարդախության փաստը հիմնավորել է քննության ընթացքում ձեռք բերված, ստուգված և գնահատված բավարար ապացույցներով: Իսկ Աշոտ Հովհաննիսյանի` իրեն մեղավոր չճանաչելու վերաբերյալ ցուցմունքները պարզապես քրեական պատասխանատվությունից խուսափելու նպատակ են հետապնդում: Այդպես է լինում սովորաբար խարդախության համարյա բոլոր դեպքերում. խարդախություն կատարած համարյա բոլոր անձինք հետագայում փորձում են ժխտել իրենց հանցանքը` մոռանալով, սակայն, որ կա ինչպես հանցանք կատարելու, այնպես էլ պատասխանատվության ենթարկվելու ժամանակը: