ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՎԱՐԱԳՈՒՅՐԻՑ ԱՅՆ ԿՈՂՄ


 

Հայաստանում ընթացող նախընտրական արշավն այնքան է զբաղեցրել մեր հանրությանը և դարձել երկրի թիվ մեկ իրադարձությունը, որ այս օրերին գրեթե վարագուրվեցին մի շարք կարևորագույն իրադարձություններ: Դրանք կարող էին շատերին ստիպել ժամերով խոսել մեր մշակութային ձեռքբերումների և հաջողությունների, համաշխարհային մշակույթի հանդեպ մեր ունեցած հետաքրքրությունների, ի վերջո` մեզանում հիմնավորվող գեղարվեստական ավանդույթների մասին: Հենց այս օրերին մեկնարկեց և իր ավարտին մոտեցավ «Թատրոն X» հանրապետական հինգերորդ փառատոնը, որին մասնակցեցին 30-ից ավելի թատրոններ և թատերախմբեր Հայաստանից և Լեռնային Ղարաբաղից: Մեկնարկեց «Ազգային պատկերասրահ» ավանդական երաժշտական փառատոնը, որը միշտ էլ հանդիսացել է մեր մշակութային կյանքի գլխավոր իրադարձություններից մեկը: Էլ չենք խոսում այն մասին, որ Երևանը վերածվեց Գրքի համաշխարհային մայրաքաղաքի` այստեղ բերելով մեծ թվով բարձրաստիճան պաշտոնյաների աշխարհի տարբեր երկրներից: Բոլոր միջոցառումներն ու իրադարձությունները վկայեցին, որ Հայաստանում մեծ ցանկություն կա միանալու համաշխարհային մշակութային գործընթացներին, համակողմանի քննարկման նյութ դարձնել մեր մշակութային իրողությունները: Սակայն երկրում բոլորը զբաղված էին ընտրություններով, քարոզարշավներով, նախընտրական հանդիպումներով: Անգամ Աշխատավորության միջազգային օրը չդարձավ շատերի ուշադրության նյութը:

Այս ամենը խոսում է այն մասին, որ, ինչպես երրորդ աշխարհի շատ պետություններ, մենք նույնպես հակված չենք հեռանալու զուտ քաղաքական իրադարձություններից և կարևորելու ճշմարիտ արժեքներն ու իրադարձությունները: Մինչդեռ դրանք ընտրություններից պակաս կարևոր չեն: Մանավանդ` ընտրություններն, ըստ էության, կարելի է գրեթե ավարտված համարել, քանզի հազիվ թե արձանագրվեն անակնկալներ կամ էլ լինեն այնպիսի նախապատվություններ, որոնք կփոխեն երկրի կյանքը: Մշակույթի հանդեպ քամահրանքը, որի համար արդարացումը, թերևս, նախընտրական թոհուբոհն էր, միայն այս ժամանակաշրջանով պայմանավորելը չափազանց սխալ կլիներ: ԱԺ երկու վերջին գումարում ներում էլ ցանկություն չունեցան քննարկման նյութ դարձնել այն օրինագծերը, որոնք աղերսվում են մշակույթին: Իսկ օրինագծեր կային առաջարկված, որոնց մեջ հրատապ էին համարվում մշակութային օրենսգիրքն ու թատրոնի մասին օրինագիծը: Անտարբերությունը ձևավորեց մի անօրինակ վիճակ, երբ մեր մշակույթը հայտնվեց օրենսդրական դաշտից դուրս` այսպես առիթ տալով բազմաթիվ շահարկումների, կամայական որոշումների:

Մշակույթի և գեղարվեստական իրողությունների հանդեպ ուշադրությունը խոսում է ցանկացած ազգի ու ժողովրդի ինքնագիտակցության մասին, այն մասին, որ այսօր աշխարհում շատ պետություններ մշակույթը համարում են ազգային անվտանգության և պետության ռազմավարության կարևոր բաղադրիչներից: Մինչդեռ անուշադրության մատնված մշակութային իրադարձությունները, առհասարակ` մշակույթը, մեկ անգամ ևս հավաստեցին, որ մենք չափազանց «նյութականացված» մտածողություն ունենք. կարևորը ընտրություններն են, պաշտոններն ու ազդեցությունները...

Լ.Մ.