ՄԱՐԶՊԵՏՆ ՈՒ ՊԱՏԳԱՄԱՎՈՐՈՒԹՅԱՆ ԹԵԿՆԱԾՈՒՆ


 

Տավուշի մարզի թիվ 40 ընտրատարածքում պատգամավորության թեկնածու առաջադրված Մարինե Մարաբյանի նախընտրական քարոզչությանը, որին մասնակցում էին մայրաքաղաքից եկած երգիչներ Մհերը, Սոնա Շահգելդյանը, Արսեն Գրիգորյանը, ծաղրածուներ կրկեսից` մասնակցում էր նաև մարզպետ Արմեն Ղուլարյանը: Ուշագրավն այն է, որ մարզպետն ակնհայտորեն կոչեր էր հնչեցնում ձայն տալ Մարաբյանին` այսպես բոլորին հասկացնելով, որ բոլոր դեպքերում այստեղ իր համար նախընտրելի թեկնածուն հենց Մարաբյանն է:

Տավուշցիների զարմանքն էր հարուցել այն հանգամանքը, որ Իջևանում կազմակերպված այս քարոզչության ժամանակ մարզպետը ոչ միայն չէր թաքցնում իր համակրանք ները, այլև իր համերկրացիներին ջանասիրաբար համոզում էր: Մարզպետը պետության կողմից լիազորված մարմնի ղեկավարն է, ինչպես ասում են նման դեպքերում` «չեզոք անձ», ով պարտավոր է ապահովել բոլոր թեկնածուների համար հավասար պայմաններ, հրապարակավ հանդես չգալ որևէ մեկի օգտին: Բայց Արմեն Ղուլարյանը, ինչպես տեսանք, ոչ միայն գերազանցել էր իր լիազորությունները, այլև, լինելով Հանրապետական կուսակցության անդամ, կոչ էր անում ձայն տալ մեծամասնականով առաջադրված անկուսակցական թեկնածուի օգտին: Ասում են, որ այս ամենը շատ է զայրացրել հայ միակ մարքսիստ Դավիթ Հակոբյանին, ով տեսնելով մարզպետի «կողմնակալությունը»` որոշել է նրա «ջգրու» շատ ձայներ ստանալ հենց Իջևան քաղաքից: