Մաուգլին` Սիբիրից


Հնգամյա աղջնակին «դաստիարակել» են ոչ թե ծնողները, այլ շներն ու կատուները: Չէ°, փոքրիկը ջունգլիներում կամ տայգայում չի ապրել: Չիտայի երեք սենյականոց նրանց բնակարանում ապրել են նաև նրա հայրը, տատիկն ու պապիկը, սակայն Նատաշենկային ոչ ոք չի խնամել: Պարտքերի պատճառով վաղուց ի վեր այս բնակարանում անջատել են ջուրը, ջեռուցումը, գազը. կոյուղին էլ չի գործում: Ու երբ ահազանգի հետքերով ոստիկաններն այստեղ են եկել, կեղտի մեջ կորած աղջնակը շանը վայել ցատկով հարձակվել է նրանց վրա: Նա խոսել չգիտե. հաչոց հիշեցնող ձայներ է արձակում և երբեևէ դրսում չի եղել: Նրա հարազատներն, իհարկե, փորձել են դիմադրել, սակայն ուժի գործադրմամբ տարվել են բաժանմունք: Նախնական հետազոտությունների արդյունքում փոքրիկ Նատաշան հոգեկան լուրջ շեղումներ չունի. բայց ֆիզիկական աճը բավարար չէ. արտաքնապես նա հազիվ 2-3 տարեկանի տեսք ունի: Բժիշկներին հուսադրում է նրա լավ ախորժակը: