«Պատմությունը չի կարելի ջնջել»


Արկադի ԱՆԴՐԵԱՍՅԱՆ. Սպորտի միջազգային կարգի վարպետ, ՀՀ վաստակավոր մարզիչ, ԽՍՀՄ չեմպիոն, «Արարատ» թիմի 1969-79 թթ. կիսապաշտպան, օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր, «Արարատ» ֆուտբոլային ակումբի փոխնախագահ, գլխավոր մարզչի խորհրդատու Այսօր հայաստանյան ֆուտբոլի մասին խոսելիս` շատերը ներողամիտ ժպիտով են գնահատում մեր մարզիկների աշխատանքը: Սակայն 1973-ին Հայաստանին մարզական փառապսակ պարգևած «Արարատի» անվանի մարզիկ Արկադի Անդրեասյանի օրինակը ենթադրել է տալիս` հայ ազգը դեռ կարող է վերստին ֆուտբոլային բարձունքներ նվաճել: - Ի՞նչն է կյանքում ամենադժվարը եղել Ձեզ համար: - Որպես անհատականություն կայանալը, ինչը եղավ ֆուտբոլի շնորհիվ: Կյանքս տվեցի ֆուտբոլին ու սկսեցի աշխատել, իսկ լավ արդյունքի հասնելու համար տքնաջանություն, նվիրվածություն է անհրաժեշտ: Բնականաբար, ժամանակիս, ուժերիս մեծ մասը ներդնում էի` ընտրածս մարզաձևի կայացմանը, մեր թիմի ուժեղացմանը նպաստելու: Կարծում եմ` ընդհանրապես, կյանքում անհնար է ինքնահաստատվել` առանց դժվարությունների. պարզապես, պետք է կարողանաս կամքի ուժ գտնել` դրանք հաղթահարելու համար: - Եթե ոչ հայ, ապա ո՞ր ազգի ներկայացուցիչ կնախընտրեիք լինել: - Շատերը չէ, որ գիտեն. մայրս ազգությամբ ռուս է: Բնական է` դաստիարակությանս վրա կա նաև ռուսական ազդեցությունը, ինչ-որ առումով` հակվածությունը մայրական կողմին. գեն է` ոչինչ չես կարող անել: Հետևապես, ավելի շատ այդ ազգին եմ համակրում: Ռուսները որոշ հարցերում նման են հայերին: Նրանց ազգային առանձնահատկություններից կառանձնացնեի ուղղամտությունը: - Ձեր կյանքի որևէ գաղտնիք, կամ անցյալում այն չասվածը, որն այժմ կբարձրաձայնեիք: - Չասված հասկացողությունը մի փոքր խորթ է ինձ համար. մտքիս եղածը միշտ բարձրաձայնել եմ: Իհարկե, տարբեր միջավայրերում տարբեր կերպ ես արտահայտվում, բայց այնպես չի եղել, որ ինձ հուզող, անհանգստացնող հարցի վերաբերյալ կարծիքս չհայտնեմ` ինչ- ինչ հանգամանքներից ելնելով: Գուցեև երիտասարդ տարիների համեմատ այնքան էլ զգացմունքային չենք, ինչը ես պայմանավորում են տարիքով, կյանքի փոխվելով: Սակայն մարդու բնավորությունը լիովին չի փոխվում: Ճշմարտությունը չուրացողը, միևնույն է, իրերն իրենց անունով է կոչելու: - Ի՞նչն է Ձեզ համար դեռևս առեղծվածային: - Կարելի է ենթադրել, որ կյանքի իմաստը հասկացել ենք. ինչո՞ւ է մարդը ծնվում, ի՞նչ պետք է անի: Ինձ թվում է` Աստծո հետ է կապված կյանքում բարության գերակշռումը, քանի որ գրեթե համոզված եմ` չարը վերջիվերջո պարտվելու է: Մարդը պետք է հնարավորինս լավ գործեր կատարի, որպեսզի ապրած տարիների համար տանջալից ապրումներ չունենա: Այսուհանդերձ, անհասկանալի է, երբ մի լավ գործ ես ուզում անել, փորձում են խանգարել քեզ: Չգիտես, թե ինչ են ուզում, թեև ենթադրում եմ` որն է նրանց նպատակը: Երևի թե բնության օրենքի թելադրանքն է, որ տաղանդավորները պակաս օժտվածներին զիջում են թվաքանակով: Եվ այդ անխուսափելի լարված մթնոլորտի համար միշտ գտնվում են մարդիկ, ովքեր փորձում են այնպիսի բաներ «ապացուցել», որից չեն հասկանում: Իրենց թյուր կարծիքը հաստատելու համար` ցանկանում են ջնջել այն, որի ճշմարտացիությունը պատմությամբ է ապացուցված: Պատմությունը չի կարելի ջնջել: Դա է ինձ երբեմն ապշեցնում: - Որևէ զավեշտալի դեպք Ձեր կյանքից: - Ֆուտբոլիստների խնդիրները հիմնականում մրցավարների հետ էին լինում. խաղացել ենք Ադրբեջանում, Վրաստանում, և այլազգի խաղավարները անաչառ չէին դատում: Բայց ամենավատը վերջին անգամն էր` Հայաստանի ֆուտբոլի առաջնության ընթացիկ խաղերից մեկում: 2009 թ. մայիսի 24-ին` «Հրազդան» մարզադաշտում, որտեղ մեր ֆոտբոլասերների լավագույն պահերն են անցել, «Կիլիկիա»-«Արարատ» հանդիպման ժամանակ, հայ մրցավարները նույն թիմին 4 անգամ 11 մետրանոց նշանակեցին: Իմ մարզական կենսագրության մեջ ես նման բան չէի տեսել: Այսպիսի ցավալի պատմություն: Կարող է տարօրինակ թվալ, որ զավեշտի մասին խոսելիս` այս պատմությունն եմ մտաբերում: Սակայն, այլ տեսանկյունից եթե իրողությունը դիտարկենք` այն նաև զավեշտալի է, կա՞ արդյոք նախադեպը, որ մի խաղում 4 անգամ նույնը կրկնվի, միգուցե մենք Գինեսի գրքի նշաձո՞ղն ենք հաղթահարել: Իրոք, ծիծաղելի է: Ուստի կարելի է նաև սարոյանական փիլիսոփայությամբ վերաբերվել հարցին. վիճակն այնքան ողբերգական է, որ նույնիսկ ծիծաղ է առաջացնում: - Մանկության այն հուշը, որ մինչ այժմ ուղեկցում է Ձեզ: - Կյանքիս մեծ մասը, ինչպես նշեցի, կապված է ֆուտբոլի հետ, ու մանկությանս հուշերն էլ մեծամասամբ ֆուտբոլային կյանքից են: Հիշում եմ` անմիջապես նկատում էի բարձրակարգ ֆուտբոլիստներին և ձգտում էի նրանց նմանվել: Ես Բաքվում էի ապրում, այնտեղ լավ ֆուտբոլիստներ կային, արտերկրից էին գալիս` միջազգային կարգի մարզիկներ: Ինձ համար իդեալներ էին լեգենդար Պելեն, Բեկենբաուերը, Կրուիֆը: Ջանում էի նրանցից վերցնել լավագույնը և հավանաբար, դա էլ նպաստեց, որ լավ ֆուտբոլիստ դառնալու ձգտում-երազանքս իրագործվի:

Տիգրան ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ