ԲԺԻՇԿԸ, ԶԻՆՎՈՐԸ, ՔԱՂԱՔԱՑԻՆ


Նոր էի ընդունվել աշխատանքի Կենտրոնական կլինիկական հոսպիտալի վիրաբուժական բաժանմունք և շատ բժիշկների դեմքով չէի հասցրել ճանաչել: Մեր բաժանմունքի նախկին պետ Աշոտ Զոհրաբյանի հանձնարարությամբ վիրահատված հիվանդին անզգայացման բաժանմունքից հիվանդասենյակ պետք է տեղափոխեի: Արագ իջա ներքև, մտածեցի` մեկնումեկին կգտնեմ, կօգնի` մահճակալով հիվանդին բաժանմունք հասցնելու: Օրը կիրակի էր, և մի բուժքույր կամ մայրապետ չգտա, որ խնդրեի օգներ: Վերջապես տեսա մոտեցող միջահասակ, բժշկական հանդերձանքով մի տղամարդու և խնդրեցի օգնել… Մարդը կապույտ աչքեր ուներ, շատ խոսուն հայացք: Զվարթ տոնով, մի քիչ էլ կշտամբանքի երանգով ասաց. - Իհարկե, տանենք, բա ո՞նց… Գուցե մի երկու պտույտ էլ Մուրացանով շուռ գանք, հը՞… Ես փոքր-ինչ անհարմար զգացի պատասխանից, բայց տեսնելով վարանմունքս, նա արագ-արագ ասաց. - Տանենք, տանենք հիվանդին: Ու մինչև վերելակ, հետո նաև մինչև բաժանմունք ինձ հետ հրեց մահճակալը: Հետո իմացա, որ բարեհամբույր այդ մարդը անզգայացման բաժանմունքի պետ բ/ծ մայոր Ղազարոս Ամիրանյանն է: Դիպվածն առաջին հայացքից կարող է աննշան թվալ, բայց այն առիթ էր` ճանաչելու բժշկի հարուստ և ինքնատիպ ներաշխարհը… Այսօր արդեն բուժծառայության փոխգնդապետ է Ղազարոս ԱՄԻՐԱՆՅԱՆԸ, ում աշխատասենյակի մի պատը զբաղեցնում են այն բոլոր պարգևները, շնորհակալագրերը, մեդալները, որոնք ինչ որ չափով արտացոլում են նրա անցած ուղին: Ասում եմ ինչ-որ չափով, քանի որ բժշկի անցկացրած օրերը, հիվանդի սնարի մոտ ապրած հոգեվիճակները հնարավոր չէ արտահայտել վավերագրերով, մանավանդ պատերազմի առաջին գծում կյանքի համար կռիվ տված բժշկի, վերևից` ռմբակոծության ահը սրտում, կոպերում անվերջ հոգնածության կարմիր ավազը, օրական 10-15 վիրահատվող մարտիկի միջից հանելով ցավը` աչքի առաջ մահվան ցինիկ պատ… Արցախյան պատերազմը հարյուրավոր հայրենասեր բժիշկների նման Ղազարոս Ամիրանյանին նույնպես տարավ կռվի դաշտ: Նա ինքն է ընտրել զինվորական բժշկի ճակատագիրը` նախ 1990-92 թթ. աշխատելով Երևանի Ներքին գործերի հոսպիտալում, իսկ 1993 թ.-ից` ՊՆ ԿԿԶՀ-ում որպես անեսթեզիոլոգիայի բաժանմունքի ավագ օրդինատոր, այստեղից էլ նույն թվականի օգոստոսից գործուղվեց Հադրութ… Իսկ Հադրութը այդ օրերին նշանակում էր թեժ պատերազմ` վիրավորների խելահեղ հոսքով դաշտային հոսպիտալ: Բուժգործունեություն ծայրահեղ լարված և անբարենպաստ պայմաններում. այստեղ ի հայտ է գալիս մարտական ընկերությունը: Միմյանց թև ու թիկունք են կանգնում վիրաբուժական բաժնի վարիչ Գառնիկ Ալեքսանյանը, երիտասարդ վիրաբույժ Տարոն Տոնոյանը, բժշկականի 4-րդ կուրսի ուսանող Ատոմը և էլի շատեր… Անհրաժեշտության թելադրանքով նրանք բժիշկ լինելուց զատ սանիտար ու բուժակ էին նաև, խմբով իջեցնում էին մեքենաներից վիրավորներին, լվանում վերքերը, դեղորայք պատրաստում… Առանց հատուկ հրահանգի` պարզապես բժշկի պարտքի, մարտական եղբայրության, Հայրենիքին ծառայելու պարզ գիտակցությամբ: Մինչև Հադրութ մեկնելը բժիշկ Ղազարոս Ամիրանյանը չէր եղել Արցախում, Հայրենիքի այդ եզերքը նրա համար ավելի շատ հոգևոր գոյություն էր` ինչ-որ չափով անշոշափելի, անընդունելի: Հադրութում լինելու ամիսները, իսկ այնուհետև Ջաբրաիլում ծառայելու ընթացքը նրան համոզեցին մի կարևոր բան. այն, որ Հայրենիքը միայն հոգևոր ոլորտ չէ, հեռվից սիրելու երազային տեսարան, այն նաև հող ու ջուր է, մարդ ու երկինք է, որոնցով պիտի ճանաչես ինքդ քեզ և տաս նրանց այն, ինչը ակնկալում են քեզանից… Այն գիտակցությունը, որ հայրենիքը օդեղեն իրողություն չէ, այլ շոշափելի` ինչպես Աստծո աշխարհը, նա ժառանգել էր հորից` Ռուբեն Ամիրանյանից. դժվար ճակատագրով ապրած մի սքանչելի հայ մարդ, ում ամբողջ կյանքում ձգտեց նմանվել որդին: Եվ որքանով որ դա հաջողվել է իրեն` համարում է երջանկության իր մասն այս աշխարհում: Ղազարոսի հայրը` Ռուբենը, զինվորական բժիշկ էր: Մասնակցել է 2-րդ աշխարհամարտին և 66 բժիշկների հետ գերի ընկել, չորս տարի անցկացրել Օսվենցիում համակենտրոնացման ճամբարում: Այնտեղ էլ զբաղվել է բժշկությամբ: Նրա մասնագիտական հմտությունները տեսնելով, թույլ են տվել քննություն հանձնել և դիպլոմ ստանալ: Այնուհետև Ռուբենը Հարավսլավիայի գերիների հետ փախչում է ճամբարից, ապաստանում Հարավսլավիայում, որտեղ նույնպես շարունակում է զբաղվել բժշկությամբ: Պատերազմի ավարտից հետո բարի համբավի արժանացած բժշկին առաջարկում են մնալ, աշխատել Հավավսլավիայում: Ռուբենը մերժում է և աճապարում տուն` Վլադիկավկազ, որտեղ էլ նրան ձերբակալում են և դատապարտում 9 տարվա ազատազրկման… Կյանքի մեծ դպրոց անցած, անկոտրում ոգու տեր այդ հիանալի հայորդին քաջաբար տանում է իր վրա նետված «բախտի պարսաքարերը» և ինը տարի անց արդարացված, առողջ հոգով ու մարմնով վերադառնում է խորհրդային տաժանավայրից: Երբ 1959 թ. ծնվում է առաջնեկը` Ռուբենի սրտում միայն մի տենչ ու ձգտում կար` գնալ Հայրենիք, զավակին զորացնել Հայաստանի համար: 1961 թ. Ամիրանյանի ընտանիքը հաստատվում է Ալավերդիում, որտեղ մինչև իր կյանքի վերջը Ռուբենը ղեկավարում է հակատուբերկուլյոզային դիսպանսերը: Հայրը Ղազարոսի համար հպարտությունների անսպառ ակունք է: Նրա կերպարը երբեք չի հեռանում մտապատկերից: Մահվանից շատ տարիներ անց էլ հայրը շարունակում է իմաստնության լույսով ողողել որդու ճանապարհը: Դպրոցն ավարտելիս Ղազարոսը չի երկմտել` ինչ մասնագետ դառնալ, որովհետև հորը նմանվելու առաջին պայմանը նրա կարծիքով հոր մասնագիտությունն ընտրելն էր: Եվ գերազանց գնահատականներով դպրոցն ավարտած պատանին ընդունվում է Երևանի բժշկական ինստիտուտ: Երրորդ կուրսում բացվում է նրա անձնական երջանկության առաջին դուռը` ամուսնանում է սիրած աղջկա` համակուրսեցի Կարինեի հետ: Մինչ ավարտելը` նորաստեղծ ընտանիքում արդեն աչք էին բացել երկու մանկիկներ: Այն տարիների համար դա անգնահատելի հաղթաթուղթ էր բոլոր նրանց ձեռքին, ովքեր ուզում էին մնալ ու աշխատել մայրաքաղաքում: Սակայն Ղազարոսի համար այստեղ էլ ուղենիշը հայրն էր, հոր ներարկած ոգին: Նա ընտանիքի հետ մեկնում է Ալավերդի` օգտակար լինելու այն մարդկանց, որոնց միջավայրում աչք էր բացել, հասակ առել. հոգու պարտքի նման մի զգացողություն նրան կանչում-տանում էր դեպի Լոռվա չքնաղ աշխարհ: Ղազարոսը հինգ տարի աշխատեց Թումանյանի շրջանային հիվանդանոցում որպես անեսթեզիոլոգիայի և վերակենդանացման բաժնի վարիչ: Կործանարար երկրաշարժի ժամանակ արդեն փորձառու բժիշկ էր և անգնահատելի ծառայություն մատուցեց անհամար տուժածների: Հետո որոշեց ընտանիքով տեղափոխվել Երևան` մասնագիտական գործունեության առավել մեծ ասպարեզ ունենալու ազնիվ մղումով, որտեղ և ընտրեց զինվորական բժշկի ճակատագիրը` երբեք չշեղվելով հոր ճանապարհից: Այնուամենայնիվ հայրական ճանապարհի խորհուրդը ոչ այնքան մասնագիտական նույնության մեջ է, որքան հոգեկան ընդհանրության, ապրելու կերպի մեջ: Ահա այդ տոհմիկ շիտակության վարքն է, որ բժիշկ Ղազարոս Ամիրանյանը ժառանգել է նաև իր երեք զավակներին, այդ վարքն է նրան ամեն օր բերում հոսպիտալ` իրեն սպասող հիվանդ զինվորականների ու զինակից ընկերների մոտ… Բժիշկն իր ամենօրյա գործի մեջ է` ժամ ու ժամանակ չճանաչող նուրբ չափումների մեջ, կյանքի ու մահվան աներևույթ սահմանագծին ցավը վանող, վիրավոր մարմնին հաղորդող շունչը կենարար… Իսկ դրսում այնքան սիրելի Երևանն է, փողոցներն ու պուրակները հարազատ են, ուր սեղմ ժամերի արանքում մի քանի րոպեով անգամ լինելու, մի ծանոթ-մտերիմ հոգու բարևելու, մի գավաթ սուրճ բաց սրճարանում վայելելու համար իսկապես արժե ապրել ու քեզ համարել երջանիկ մարդ: Կարինե ՄԿՐՏՉՅԱՆ ԿԿԶՀ վիրաբուժական բաժանմունքի հերթապահ բուժքույր