ՔԱՂԱՔԱԿԱՆ ԲԱՐՔԵՐ. Որտեղ` ոնց Համարյա` ինչպես 300 տարի առաջ


Անգլիացիներին նույնպես զայրացրել է իրենց ընտրյալների վարքագիծը. նրանք անձնական ծախսերը կատարում են պետական գանձարանի հաշվին: Համաժողովրդական ցասումի թիրախ են դարձել Հանրային պալատի խոսնակն ու երկու լորդեր: Պառլամենտարիզմի անսասանության խորհրդանիշ խոսնակը 300 տարվա ընթացքում առաջին անգամ վաղաժամ պաշտոնաթող կլինի: Իսկ հռչակը կորցնող վարչապետ Բրաունը պատրաստվում է վերադասավորել աշխատակազմը: Քաղաքական խավին ցնցած իրադարձությունները Daily Telegraph-ը որակել է հեղափոխություն: Եվ այդ հեղափոխությունն, իհարկե, հասունանում է անգլիական ձևով` անարյուն, բայց բարձրապաշտոն այրերի պաշտոնանկումներով ու մեղքերի խոստովանությամբ: Նրանց շարքում ամենալուրջ պաշտոնյան ստորին պալատի նախագահ Մայքլ Մարտինն է, ով Լեյբորիստական կուսակցության շարքերում է աճել և 8 տարի զբաղեցրել ներկայիս իր պաշտոնը: Բուռն բանավեճերի ընթացքում նրա ղեկավարած պալատն անկառավարելի է դարձել: Պարզվել է, որ պետական գանձարանի հաշվին մեկը մերսման բազկաթոռ է ձեռք բերել, մյուսը` այգու համար ձիու գոմաղբ, երրորդը իր տան համար ստացած հիփոթեքային վարկն է մարել… Եվ այդ ամենը` ֆինանսական ճգնաժամի ընթացքում, երբ բազմաթիվ բրիտանացիներ գործազուրկ են դառնում, կորցնում են գրավ դրած տները: Գալիք տարի կայանալիք ընտրություններից առաջ իրենց հեղինակությունը պահպանել ցանկացող պատգամավորները գրավոր անվստահություն են հայտնել Մարտինին, և նա այլ ելք չունի` քան հեռանալ: Բրիտանիայի պատմության մեջ նման դեպք վերջին անգամ տեղի է ունեցել 1695 թ.` երբ խոսնակ Ջոն Թրևորը պատժվեց` կաշառք վերցնելու համար: Պալատի 2 անդամների վարքագիծը ևս` լորդ Տրասկոտան և լորդ Թեյլորան (նույնպես` լեյբորիստներ) աննկատ չի մնացել լրագրողներից, ովքեր ներկայացրել են նրանց մի ձայնագրությունը, ուր ժողընտրյալները ներկայացել են իբրև արտասահմանյան մի ֆիրմայի գովազդողներ և պէրերի (բարձր) պալատից համաձայնություն են կորզել` օրինագծում փոփոխություն կատարելու: Տրասկոտային և Թեյլորային արգելվել է մասնակցել խորհրդարանի նստաշրջանին: Նմանատիպ իրավիճակ եղել է նաև 350 տարի առաջ: Այս խառնաշփոթից հավանաբար գլուխը կորցրած վարչապետ Գորդոն Բրաունը տորիների առաջնորդ Դևիդ Քեմերոնի հետ բանավիճելիս մեծ սխալ է թույլ տվել: Քեմերոնը նրան կոչ է արել անհապաղ լուծարել պալատը և նոր ընտրություններ անցկացնել: Վարչապետն էլ ասել է, որ դրանից քաոս կառաջանա: Քեմերոնն էլ փաստարկել է, թե` - Դուք քարոս եք անվանում այն, որ կհաղթեն պահպանողականները: Տորիները 17-19 դդ. Անգլիայի ազնվական հողատերերի կուսակցություն էր. հիմա նրանց ժառանգորդներն են պահպանողականները, որոնց հեղինակությունն աճում է` ի հակակշիռ լեյբորիստ ների: Վարչապետն առաջարկում է բարեփոխել խորհրդարանականների աշխատավարձերը. նրանք հիմա ստանում են տարեկան 100 հազար դոլար: Լեյբորիստների կարծիքով` իրենց վարկանիշը փրկել կհաջողվի նաև` նախարարների կաբինետի վերակազմավորմամբ: