ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԼՐԱՀՈՍ


m Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է արգենտինահայ հայտնի գործարար, «American International Airports» ընկերության նախագահ Էդուարդո Էռնեկյանին: Հանրապետության ղեկավարը եւ գործարարը համաձայնել են, որ չնայած միջազգային ֆինանսատնտեսական ճգնաժամի հարուցած որոշակի դժվարություններին, այնուամենայնիվ պետք է առաջ շարժվել: Ըստ Էդուարդո Էռնեկյանի, իր նախաձեռնած բոլոր ծրագրերը բնականոն ընթացքի մեջ են: Ներկայացնելով գյուղատնտեսության ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրերը` գործարարը նշել է, որ կիրառում են նորագույն տեխնոլոգիաներ, մշակության եւ ոռոգման նոր եղանակ: Երկրի ղեկավարը կարեւորել է այդ տեխնոլոգիաների ուսումնասիրումը եւ դրանց տարածումն այլ գյուղտնտեսություններում: m Իրան-Հայաստան բարեկամության միության եւ «Հայ դպրոց» հիմնադրամի նախագահ, հայտնի բարերար Լեւոն Ահարոնյանը երեկ ՀՀ սփյուռքի նախարարին հակիրճ ներկայացրել է իր այն ծրագրերը, որոնք իրագործում է Հայաստանում, մասնավորապես դպրոցաշինությունը եւ նոր կառուցված դպրոցները համապատասխան աշակերտական աթոռ-նստարաններով կահավորելու աշխատանքները: Ըստ նախարար Հրանուշ Հակոբյանի` այդ ծրագրերի շնորհիվ դպրոցահասակ 20 հազար երեխա այսօր ունի բարվոք աշակերտական տեղ: Այնուհետեւ նախարարը ծանոթացրեց այն խոշոր` համահայկական ծրագրերին, որոնք նախաձեռնել է սփյուռքի նախարարությունը` մասնագիտական համաժողովների միջոցով հայկական ներուժը բացահայտելու, համախմբելու եւ հայրենիքի հզորացմանը ծառայեցնելու նպատակով: