ՄՇՈՒՇԸ ԹԱՆՁՐԱՆՈ՞ՒՄ Է


Մի քանի օր հետո Ս. Պետերբուրգում տեղի կունենա Սարգսյան-Ալիև հերթական հանդիպումը: Իսկ անցած շաբաթ Երևանում էին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները: Վերջիններս Հայաստանի և Ադրբեջանի նախագահների պրահյան բանակցություններից հետո մեծ հույսեր էին կապում Ս. Պետերբուրգում կայանալիք հանդիպման հետ` ասելով, թե այն կարող է շրջադարձային լինել: Նկատենք, որ վերջին ժամանակահատվածում եռանախագահներն ավելի հաճախակի են այցելել տարածաշրջան, ինչը կարող է վկայել, որ ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացում ինչ-որ, այսպես ասած, արագացում է սկսվել: Հատկապես մայիս ամսվա ընթացքում միմյանց հաջորդեցին հակամարտության կարգավորման միջնորդ և այդպիսին չհամարվող, բայց իրականում հակամարտությանն առնչվող Թուրքիայի հայտարարությունները: Բաքուն դժգոհեց պրահյան հանդիպումից. Ադրբեջանի արտգործնախարար Մամեդյարովն էլ ասաց, թե Հայաստանի նախորդ նախագահ` Ռոբերտ Քոչարյանի հետ բանակցություններում որոշ հարցերի շուրջ ինչ-որ համաձայնություն կայացել էր, սակայն Սերժ Սարգսյանի վարչախմբի հետ հակամարտության կարգավորման հարցում ոչ մի առաջընթաց չի գրանցվել: Մամեդյարովը նաև սրտնեղել էր Մինսկի խմբի համանախագահների, իր ասելով, հայամետ դիրքորոշումից: Եվ ահա, օգնության է շտապում ավագ եղբայր Թուրքիան` Բաքվում Էրդողանի հնչեցրած հայտնի հակահայ հայտարարություններով: Էրդողանն անպատասխան չմնաց. նրան իր տեղը ցույց տվեց Պուտինը, հայտարարելով, թե կարգավորման հարցում պետք է համաձայնության գան հայերն ու ադրբեջանցիները, իսկ մուս երկրներն այդ գործում կարող են միայն օգնել նրանց: Այսպիսով, Ռուսաստանն ակնարկում էր, թե չի հանդուրժի, որ Թուրքիան չափից ավելի ազդեցություն ունենա Հարավային Կովկասում: Այնուամենայնիվ, անհանգստացնող է այն փաստը, որ անցած շաբաթ համանախագահները Բաքվից Երևան ժամանեցին առանց Ստեփանակերտ մտնելու: Ստեփանակերտ չայցելելը եռանախագահները պատճառաբանեցին այնտեղի իբր անբարենպաստ եղանակով: Իրականում Ստեփանակերտում շատ լավ եղանակ էր: Խնդիրն ուրիշ էր: Հակամարտության տարածաշրջան կատարած գրեթե բոլոր այցերի ընթացքում Մինսկի խմբի համանախագահները եղել են նաև Ստեփանակերտում ու հայտարարել, որ բանակցային գործընթացի որոշակի փուլում բանակցություններին կմիանա նաև Լեռնային Ղարաբաղը և որ առանց վերջինիս դիրքորոշումը հաշվի առնելու խնդիրը չի լուծվի: Իսկ պետերբուրգյան առաջիկա հանդիպումից առաջ Ստեփանակերտի շրջանցումն, իրոք, անհանգստության տեղիք է տալիս, հատկապես, եթե հաշվի ենք առնում, որ ԼՂՀ-ում շարժում է սկսվել Ղարաբաղը բանակցային կողմ ճանաչելու մասին ԵԱՀԿ բուդապեշտյան որոշումը վերականգ նելու ուղղությամբ: Թերևս, Բաքվում համանախագահները բանակցային գործընթացին Ղարաբաղի միանալու մասին հարցը քննարկել և Բաքվից կտրուկ մերժում են ստացել, ուստի խուսափել են Ստեփանակերտ մտնել… Անհանգստացնող է նաև վերջերս Մինսկի խմբի ֆրանսիացի համանախագահ Բեռնար Ֆասիեի` Թուրքիա կատարած այցը: Այցի վերաբերյալ լիարժեք տեղեկատվություն չտարածվեց, ինչն է°լ ավելի է մեծացնում անհանգստությունը: Թուրքիան ԵԱՀԿ անդամ երկիր է, բայց ընդգրկված չէ ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորմամբ զբաղվող Մինսկի խմբում: Սակայն այս տարի հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման առնչությամբ բազմիցս է հայտարարել, թե առանց ղարաբաղյան հակամարտության կարգավորման Հայաստանի հետ սահմանը չի բացի: Պարոն Ֆասիեի` Անկարա կատարած այցը, արդյո՞ք չի հուշում, որ Մինսկի խումբն այնուամենայնիվ դե ֆակտո Թուրքիային ընդունում է որպես ղարաբաղյան հակամարտության կողմ կամ միջնորդ, ինչը հասկանալի և հայտնի պատճառներով չի բխում հայկական կողմի շահերից… Այս ամենը զուտ ենթադրությունների շարքից կարող են լինել: Սակայն, անհանգստությունն ավելի է առարկայանում Կազիմիրովի կատարած հայտարարության ֆոնին: Կազիմիրովը ղարաբաղյան հակամարտության գծով աշխարհում ընդունվող ռուս փորձագետ է, և նրա կարծիքի հետ հաշվի են նստում բոլորը: Իսկ մայիսի 13-ին նա հայտարարել էր, թե հայերին և ադրբեջանցիներին, ինչպես երևում է, չի հաջողվում հաշտության եզրեր գտնել և լուծել հակամարտությունը: Այդ դեպքում, հնարավոր է, որ ղարաբաղյան հակամարտությունը լուծելու համար միջազգային հանրությունը կիրառի Բոսնիայի տարբերակը` որտեղ օգտագործվեցին ՆԱՏՕ-ի զինված ուժերը: Ղարաբաղի պարագայում պարտադրված խաղաղության կարելի է հասնել, եթե այդ մասին համաձայնություն կայանա ԱՄՆ-ի և Ռուսաստանի միջև, ինչը քիչ հավանական չէ, թերևս: Այս երկու գերտերություններն էլ շահագրգռված են տարածաշրջանային էներգետիկ ծրագրերի իրականացման հարցում. մեկը «Նաբուկո», մյուսը` արդեն գործող Իրան-Հայաստան գազամուղներով, ընդ որում երկրորդը շարունակվելու և Եվրոպա հասնելու հնարավորություն ունի: Իսկ շարունակվող ղարաբաղյան հակամարտությունը խիստ պայթյունավտանգ կարող է լինել ողջ տարածաշրջանի համար` վիժեցնելով ոչ միայն էներգետիկ, այլ նաև ճանապարհային ծրագրերը… Այնպես որ, ղարաբաղյան հակամարտության կարգավորման ապագան այսօր, թերևս, ավելի մշուշոտ է, քան երբևէ:

Արթուր ԴՈԽՈԼՅԱՆ