ԻՐԱՏԵՍՈՒԹՅԱՆ ՊԱԿԱ՞ՍԸ ԽԱՆԳԱՐԵՑ


Տևական քարոզարշավն իր ողջ ընթացքով` թերություններով ու դրամատիզմով, վերջապես արդեն անցյալում է: Շուրջ մեկ ամիս քաղաքական ուժերն այնպիսի ակտիվությամբ էին ձգտում հիմնավորվել հանրային կյանքում, որ քիչ էր մնում քաղաքապետական ընտրությունը հավերժության զգացողության հետ շաղկապված սկսեր պատկերվել: Ինչպես սովորաբար ու առավել ևս նման քվեարկություններից առաջ, բոլորն անվերջ խոսում էին. ընդ որում այնքան ու այնպես, որ երբեմն սկսում էր արժեզրկվել նույնիսկ սեփական խոսքն ու խոստումը: Իսկ մայիսի 31-ն` իբրև այս ամենի վերջնակետ, ինքնաբերաբար է°լ ավելի ցանկալի էր դառնում. դեպի քաղաքապետարան սուրացող յոթնյակի համար իրական ու թվացյալ հաղթանակներ էին արձանագրվելու (ոչ մի մասնակից պարտվելը հնարավոր չէր համարում), ընտրազանգվածն էլ ի վերջո ձերբազատվելու էր այդչափ հոգեմաշ գործընթացից… Դե եթե ամեն ինչ այլևս բարեբախտաբար անցյալում է, ուրեմն ժամանակն է նաև խոսել այնպիսի հարցերի մասին, որոնց ամենանրբանկատ քննարկումն անգամ քարոզչության շրջանում մասնակից քաղաքական ուժերի կողմից առնվազն սև PR-ով, միտումնավորությամբ կբնորոշվեր: Այսպես, մեկ անգամ ևս վերահաստատենք` բոլոր ընտրությունների աքիլլեսյան գարշապարն ընտրակաշառքն է, ինչն իր անտեսանելի ներկայությամբ մայրաքաղաքային քարոզարշավի ուղեկիցը նույնպես դարձավ: Որքան էլ տարօրինակ լինի, բայց ընտրական ավանդույթները մեզանում չեն վերափոխվում: Ընտրազանգվածն իբրև քարոզարշավի կարևորագույն «բաղկացուցիչ», բոլորից և ամենուր բողոքներ ու դժգոհություններ էր լսում այս երևույթի վնասակարարության, անբարո լինելու մասին: Հաջորդիվ հետևում էր քաղգործիչների հորդորը` ընտրակաշառքից չհրաժարվելու, բայցև «խղճի մտոք» քվեարկություն կատարելու մասին: Ինչպես նախկինում, այս անգամ էլ անհայտ մնաց, թե քաղաքական ուժերն ի վերջո դե՞մ են, թե՞ կողմ փողով քվե գնելու արատին: Տպավորությունն այնպիսին է, թե նրանք սովորույթի ուժով այս անգամ էլ կողմնորոշվելու խնդիրն ընտրողների հայեցողությանը թողեցին` միաժամանակ չանտեսելով սակայն առաջ քաշել ծանոթ ձևակերպումը` «Ձեր քվեարկությամբ է պայմանավորվելու մեր երկրի ու քաղաքի ապագան» մոտիվներով: Հետաքրքիր է նաև, որ այս անգամ նույնպես որևէ կուսակցություն գումարներ բաժանող որևէ մրցակից(ների) անուն չցանկացավ բարձրաձայնել: Իր հերթին որևէ մեկի բարի համբավը չնսեմացնելու զգուշավորությամբ Ահարոն Ադիբեկյանը քարոզարշավի վերջում ձևակերպեց, թե մեր ժամանակներում այնքան է փոքրացել ընտրակաշառքի այնքան փոքր ազդեցությունը, որ հազիվ թե որևէ քաղաքական ուժ կարողանա ընտրողների 30 տոկոսին փողեր բաժանել` լավագույն դեպքում գումար ստացածների տասը տոկոսի քվեին արժանանալու համար: Թե ի վերջո ով որքան քվե ստացավ` հուսախաբ անելով կամ արդարացնելով հայրենական սոցիոլոգների հույսերն ու կանխատեսումները, հետընտրական օրերին արդեն հաղորդվում էր լրատվամիջոցներով: Առավել հետաքրքիր է, որ այս քվեարկությամբ ևս մեկ անգամ փաստվեց քաղուժերի ճնշող մեծամասնության` տարրական իրատեսությունից հեռու լինելու ակնհայտ դարձած հանգամանքը: Արդյունքում` ստանալիք քվեների վերաբերյալ նախնական հաշվարկներն ու հավաստիացումները ուռճացված ներկայացվող ամբողջ տոկոսային խճանկարը հօդս ցնդեց: Ինչ խոսք, լավատես միշտ և բոլորս պետք է լինենք: Բայց հիմա էլ տեսնենք, թե «ուր էր հասնում» մասնակից քաղուժերի երևակայությունը, և ինչ ստացվեց ընտրությունների արդյունքում: Այս շարքում ամենահավակնոտն ակնհայտորեն Հայ Ազգային Կոնգրեսն էր: ՀԱԿ-ի թեկնածու-ակտիվիստները ամենաքիչը 70-80 տոկոսի մասին էին խոսում… Մինչդեռ քվեարկության արդյունքում շուրջ չորս անգամ ավելի պակաս քվե տրվեց Կոնգրեսի օգտին: Այս պարագայում այլ տիպի բոլոր հարցերի քննարկումն ավելորդ է, քանի որ ընդամենը նախորդ ուրբաթ տարածված հայտարարությունում ՀԱԿ-ն այսպես է ամփոփում նախընտրական գործընթացները. «Մենք անց ենք կացրել արդյունավետ քարոզարշավ, և մեզ պատրաստ է ձայն տալ ընտրողների 75-80 տոկոսը»: ՀՀԿ և ԲՀԿ հաղթական հույսերն արդարացան: Եվ թեպետ նշված քաղաքական ուժերը քվեարկությունից առաջ խուսափում էին կոնկրետ թվեր հրապարակելուց, այնուամենայնիվ, կանխատեսվածի համաձայն, քվեների զգալի մասը հենց նրանց միջև բաշխվեց: Ի տարբերություն վերևում հիշատակված առաջատարների` մեծ էին նաև Դաշնակցության ակնկալիքները: Սակայն քվեարկութ յամբ փաստվեց, որ ՀՅԴ-ն ոչ միայն զգալիորեն զիջում է առաջատարներին, այլ հավաքած քվեներով նույնիսկ 7 տոկոսանոց ընտրական արգելապատնեշը չի հաղթահարել: Ինչ վերաբերում է 15-20 տոկոսի մասին հայտարարած ՕԵԿ-ին, քվեների 15-18-ն ակնկալող ՀԱՍԿ-ին և կամ 10 տոկոսը քարոզչության միջնամասում հատած և վստահաբար չորրորդ տեղին հավակնող ժողովրդական կուսակցությանը, ապա վերջիններիս մնում է միայն հաջողություններ մաղթել` հետագայում կայանալիք ընտրություններում: