ԿԱՐԾՐԱՏԻՊԵՐԻՑ ՀՐԱԺԱՐՎԵԼՈՒ ԺԱՄԱՆԱԿԸ


Խոշորամասշտաբ բոլոր ընտրություններից հետո սրվող ներքաղաքական իրավիճակը մշտապես այնպիսի ճշգրտությամբ է կրկնվում, որ թվում է, թե մեզանում միայն ժամանակն է առաջ հոսում` նույնությամբ առաջ մղելով դեպքերի ու իրադարձությունների հերթականությունը: Արդեն սպասելի էր, որ այս անգամ նույնպես, արդյունքներից անկախ, քվեարկությունը դժգոհություններով ու բողոքներով է նշանավորվելու: Հատկանշական է, որ անհաջողության մատնվածների կողմից այս ու այնտեղ հնչող անծայր դժգոհության պարագայում հատ ու կենտ բողոքներ են միայն պատկան մարմիններին հղվել: Հակառակ այս ամենին` ոչ այնքան փաստարկված բողոքները դժգոհության «տեսք» և կոնկրետ հասցե այդպես էլ չեն ստանում` տեղիք տալով դրանց լիարժեքորեն փաստարկված լինելու մասին կասկածների: Եվ քանի որ ընտրական գործընթացներում տեղ գտնող հնարավոր սխալները վեր հանելուն ու շտկելուն կոչված ատյանները հրապարակներում կամ կուսակցական հայտարարություններում ներկայացվող մեղադրանքներին պարտավոր չեն պատասխանել, դժգոհության ձայնապնակը պտտվում է այնքան` մինչև դրա ձայնն այլևս որևէ մեկը լսել չի էլ ցանկանում: Ամբողջ այս «գործընթացն» ուղեկցվում է պարտություն կրածների բավական ագրեսիվ վարքագծով, ինչն էլ հանրության շրջանում է հերթական անգամ կեղծված և հետագայում էլ կեղծվելիք ընտրությունների մասին մտացածին կարծրատիպը ամրապնդում: Արմատավորվող այս միտումը կիրակնօրյա քվեարկությամբ հատկապես ընդդիմադիր Հայ Ազգային Կոնգրեսի պարագայում բումերանգի նշանակություն ունեցավ: Միաժամանակ առիթ դարձավ մտածելու, որ արմատականների ընտրազանգվածն այնքան է հիասթափվել ու հուսահատվել, որ շուրջ քսան կուսակությունների միավորման տեսքով ներկայացող Կոնգրեսը հեշտությամբ կարող է զիջել ոչ միայն իշխանության հիմնական թեկնածուին, այլ նաև համեմատաբար կարճ քաղաքական կենսագրություն և ընտրական գործընթացների ոչ այնքան հարուստ փորձ ունեցող Բարգավաճ Հայաստանին: «Հիմնական» ընդդիմությունը անկասկած հետագա պայքարի համար դաշնակիցներ չէր կարող գտնել նաև յոթ տոկոսանոց ընտրական շեմը չհաղթահարած մասնակիցների շրջանում: Ոմանց պարագայում թեպետ հեռակա և «փոխշահավետ» սիրախաղերը նկատելի էին դեռևս քարոզչության շրջանում, բայց պարզից էլ պարզ էր, որ վերջնահաշվում Կոնգրեսի հետ անհամատեղելի էին դառնալու թե° Դաշնակցությունը, թե° փոխադարձաբար բոլոր կամուրջներն այրած «Օրինաց Երկիրը», և թե° առավել ևս Տիգրան Կարապետիչը: Ի տարբերություն նույն Նախագահի ընտրություններին հաջորդող շրջանի բուռն ակտիվության` այս անգամ անխուսափելի (՞) թվացող միակ հետընտրական հանրահավաքը ՀԱԿ-ի համար «երկրորդ շնչառություն» բացելու հնարավորություն, համենայն դեպս, այս անգամ, կարծեք չուրվագծեց: Իսկ հանրահավաքի բուն հիմնապատճառը ակամա դարձավ ընդհանրացված դժգոհությունը` ակնարկվող ընտրակեղծիքներից: Իր հերթին, եթե մայիսի 31-ին առանձին ընտրատեղամասերում իրականացվող և այս օրերին այդչափ շատ քննարկվող դեպքերի համար ոստիկանությունը սահմանափակվում էր` դրանք մեկը մյուսի հետևից հերքելով, ապա նախօրեին հայտնի դարձավ, որ հատկապես Մալաթիա-Սեբաստիա համայնքում տեղի ունեցած ապօրինությունների առթիվ դատախազությունը շուրջ մեկ տասնյակի չափ քրգործեր է հարուցել… Նկատի ունենալով, որ մայիսի 31-ին կայացել է հասարակական լայնամասշտաբ միջոցառում, որին շուրջ կես միլիոն քաղաքացի է մասնակցել, ապա նույնիսկ մշակութային նմանածավալ հավաքի դեպքում մի քանի անցանկալի միջադեպերը դարձյալ անխուսափելի կլինեին: Իսկ նման իրավիճակում Կոնգրեսը, թերևս, պայքարի կամ ընդվզման միջոց պետք է ընտրեր ոչ այնքան հանրահավաքները, որքան ակնարկվող նյութերն ու ձայնագրությունները դատախազությանը փոխանցելն ու դրանով իսկ տեղի ունեցած ապօրինությունների բացահայտմանը նպաստելը, ինչի մասին արտահայտվել է նաև Հանրապետության նախագահը: Այլապես հետընտրական սցենարները միշտ էլ կարելի է կրկնել` մեղադրելով ամենքին ու դժգոհելով ամեն ինչից, այդպես էլ ոչինչ չկոնկրետացնելով: