ԳԱՎԱՌԱՅԻՆ ՀԱՆԴԵՍԻ ԱՐՁԱԳԱՆՔՆԵՐԸ


Հանրապետության օրվա միջոցառումների բարձրակետը Ազատության հրապարակում տեղի ունեցած համերգն էր, որը ստացել էր հետաքրքիր խորագիր. «Գոհար և Հայաստանի աստղեր»: Սփյուռքահայ Խաչատրյան ընտանիքի միջոցներով իրականացված այս ահռելի նախագիծը Հայաստան էր բերել պարսիկ և արաբ, բրիտանացի և գերմանացի մասնագետների, ովքեր էլ ապահովեցին տեխնիկապես հագեցած և աննախադեպ մի շոու, որը զարմացրեց լուսաձայնային հրաշալի հնարքներով, Օպերայի և բալետի թատրոնի ճակատամասին պատկերվող անիմացիաներով... Անհնար էր չհրճվել շոուի զանգվածայնությամբ, տեխնիկական հագեցվածությամբ, այն հետաքրքրությամբ, որը հանդես էին բերել հայաստանցիները` կամենալով Հանրապետության օրը տեսնել իսկապես տոնական շողարձակումների մեջ: Եվ ակնկալիքներն իրականություն դարձան. համերգ-նախաձեռնությունն ապացուցեց, որ Հայաստանում կարելի է կազմակերպել միջազգային չափանիշներին համապատասխանող շոուներ` իրենց տեխնիկական, լուսաձայնային հնարքներով ու գյուտերով: Պատահական չէ, որ օրեր շարունակ շատերն էին հիացմունքով խոսում այն միջոցների մասին, որոնցով կազմակերպիչները դիտարժան էին դարձրել այն: Այս համերգը նաև հույս ներշնչեց, որ մանկական «Եվրատեսիլին», որի մասնակից պետությունների թիվը, ցավոք, առայժմ վեցն է, մենք կկարողանանք ապահովել այնպիսի որակ, որը կբավարարի բոլորի պահանջները: Խոսելով կիրառված հնարքների մասին, հայաստանցիներից շատերը և, հատկապես երաժշտական աշխարհի ներկայացուցիչները, շարունակում են քննարկել այն որակը, որը ներկայացվեց այդ օրը` լուրջ մտահոգություն ծնելով և առիթ տալով մեկ անգամ ևս արձանագրել, որ խախտված են շատ չափանիշներ, որ հայկական շոուն լուրջ խնդիրների առաջ է կանգնած, իսկ «փառաբանված» «Գոհար» սիմֆոնիկ նվագախումբն ընդամենը գավառային մի երևույթ է, որի ելույթը լսելիս` շատերը զարմացած բացականչեցին. «Մի՞թե ԱԼՄ-ն վերաբացել են»... Սփյուռքահայ Խաչատրյանների ընտանիքը, միանգամայն ազնիվ մղումներով, Գյումրիում տարիներ առաջ հիմնեց «Գոհար» նվագախումբը` այն կոչելով ընտանիքի մոր անունով: Նվագախմբի կողքին ստեղծվեց նաև համանուն երաժշտանոցը, որը տասնյակ գյումրեցի պատանիների և աղջիկների ծանոթացնում է երաժշտության աշխարհին, նրանց մեջ ի հայտ բերում երաժշտական ունակություններ և տանում դեպի բարձր կատարողականությունը: Խաչատրյանները ներդրել ու ներդնում են ահռելի ֆինանսական միջոցներ, հարյուրից ավելի երաժիշտների ապահովում աշխատավարձերով, հոգում նվագախմբի հյուրախաղային ծախսերը: Այս ամենն անճառ հայրենասիրության վառ դրսևորում է, որը միայն խորը հարգանքի է արժանի: Նվագախմբում և երգչախմբում ընդգրկված են բարձրակարգ երաժիշտներ` բոլորն էլ կոնսերվատորիական կրթությամբ: Նրանցից շատերը տասնամյակներ շարունակ հանդես են եկել Գյումրու պետական սիմֆոնիկ նվագախմբում, կոնսերվատորիական պրոֆեսորներ են: Սակայն... Սակայն ի սկզբանե «Գոհար» նվագախումբը դատապարտված էր, որովհետև նրա գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր էր նշանակվել Սեպուհ Աբգարյանը. ցածրաճաշակ, երաժշտական պարզունակ գրագիտություն ունեցող մի մարդ, ով 1960-ականներին աշխատել էր Կիպրոսի ռադիոյում` ղեկավարելով նրա նվագախումբը, իսկ հետո դուրս մնացել ակտիվ նվագախմբային գործունեությունից, ինչի պատճառը նրա ունեցած արհեստավարժ ցածր որակն էր: Պետք չէ ունենալ ընդգծված մասնագիտական կրթություն` հասկանալու համար, որ դիրիժորի «ընկալումների» պատճառով նվագախումբը չունի հզոր հնչողություն, ստեղծագործությունների գործիքավորումները պարզունակ են, միօրինակ, ամեն ինչ կառուցվում է «հանրամատչելի» հղացումների վրա` երբեմն հնչող ստեղծագործությունը զրկելով իր մեղեդային բազմազանությունից: Այս նվագախմբի այն կատարումներն են հետաքրքիր, որոնք մշակվում են արհեստավարժ մասնագետների կողմից, ում անունները երբևէ չեն հայտարարվում, որովհետև նրանք հրավիրվում են նվագախմբի հետ աշխատելու` «թաքցնելու» Սեպուհ Աբգարյանի մասնագիտական «լյապսուսները»... Գյումրին երաժշտական անապատ չէ, այստեղ սիմֆոնիկ նվագախմբի հարուստ ավանդույթներ են ձևավորել Սերգեյ Մացոյանը, ով այսօր Օդեսայի կոնսերվատորիայի մեծ նվագախմբի գլխավոր դիրիժորն է, Սամվել Ադամյանը, ուրիշներ: Տարիներ շարունակ քաղաքի երգչախումբը ղեկավարեց Ռոբերտ Մլքեյանը, ով այսօր ամենանշանավոր դեմքերից մեկն է մեր երգչախմբային արվեստում, իսկ ահա «Գոհար» նվագախմբին ունկնդրելիս այն տպավորությունն ես ստանում, թե դեռ գտնվում ենք անցած դարի 30-ական թվականների շեմին, երբ այս քաղաքում նոր էին ձևավորվում դասական երաժշտության մատուցման ավանդույթները... «Գոհարի» ներկայացրած որակներին համահունչ էին նաև մեր «աստղերը», որոնցից մի քանիսը, պարզվեց, տարիներ շարունակ այն երևութականությունն են ստեղծել, թե` լավ ձայներ ունեն, մինչդեռ համերգի ժամանակ ակնհայտ դարձան նրանց «կարողությունները». մի շարք հայտնի երգեր հնչեցին ոչ թե սխալ երաժշտական մեկնաբանություն ներով, այլ` երգիչների ձայնային «տարօրինակ ելևէջումներով», նվագախմբի հետ համագործակցել չկարողանալու «դրսևորումներով»: Մատուցված երգացանկն էլ, մեկ-երկու բացառությամբ, արդեն իսկ խոսում էր այն մասին, որ մեր «աստղերը» առաջ չեն գնում, չեն ջանում իրենց երկացանկերում ընդգրկել նոր ու հետաքրքիր ստեղծագործություններ, մեզ դուրս բերել կիսառաբիսային և պարզունակ մեղեդիների «տիրապետությունից»... Այս համերգին մեր անդրադարձը պատահական չէ. ժամանակն է, որպեսզի մասնագիտական լուրջ խոսակցություն ծավալվի մեր երգարվեստի և նրա մատուցումների մասին, արդեն սպառված ու հոգնած կատարումների, մաշված երգերի փոխարեն` ստեղծվի մի նոր ու հետաքրքիր շարժում: Վերադառնանք մեր ձեռքբերումներին և գնանք առաջ...

«Ժպտացող գույներ»