Մենք բոլորս գալիս ենք մանկությունից…


Գունեղ ու հեքիաթային է մանկան աշխարհը` երբ պաշտպանված ու հզոր է հայրենիքը: Քանի դեռ սահմանը հսկում է հայրենյաց պաշտպանը, մեր խաղաղ երկնքի ներքո երջանիկ կժպտա հայ մանուկը` հյուսելով անհոգ մանկության իր հեքիաթը: Պաշտպանության նախարարության վարչական համալիրը Երեխաների պաշտպանության միջազգային օրը տոնական տեսք էր ստացել: Թևածում էր մանկությունը` վառվռուն գույներով, հեքիաթների հերոսներով, երեխաների ժպիտներով ու հրճվանքով, փոքրիկ ձեռքերում ամուր բռնած Եռագույներով: - Այսօր հարյուրավոր մանուկներ եկել են Պաշտպանության նախարարություն` տեսնելու, թե իրենց ծնողներն ինչպիսի պայմաններում են աշխատում և պաշտպանում իրենց: Ապահովելով մեր սահմանների անառիկությունը` բանակն ամեն օր պաշտպանում է մեր երեխաներին և նրանց պարգևում խաղաղ մանկություն: Այսպիսի ծավալով ու հանդիսավորությամբ միջոցառումն աննախադեպ է: Սա նաև ուղերձն է Պաշտպանության նախարարությունից մեր մյուս հասարարական, պետական կառույցներին առ այն, որ երեխաների պաշտպանությունը միայն մեկ օր չէ, որ պետք է իրականացնել: Նրանց պետք է պաշտպանել ամեն օր և´ արտաքին, և´ ներքին վտանգներից,¬ ասում է Պաշտպանության նախարարի մամուլի քարտուղար Դավիթ ԿԱՐԱՊԵՏՅԱՆԸ: Երեխաներն այդօր մանկական «ուրախ գնացքով» շրջեցին գերատեսչության վարչական համալիրի ընդարձակ տարածքում: Ու եթե նույնիսկ ողջ խորությամբ չէին էլ կարող ընկալել դրա իրական կարևորությունը, միևնույն է` առաջին այս ծանոթությունը նրանց մանկության հուշալբոմում ամենաառեղծվածայինն ու ամենահիշարժանն է լինելու : Ինքնաբուխ էին տոնական համերգի ընթացքում հնչող մանկական ուրախ ու զվարթ երգերը: Իսկ «Փոքրիկ նժդեհիկների» թնդացրած ռազմապարերը` քոչարին ու յարխուշտան այս անգամ նաև մանկության անբիծ աշխարհի ելևէջներն էին սփռում շուրջբոլոր: - Թող որ նժդեհիկները միայն պարերով կռվեն, սակայն չկասկածեք` եթե հարկ լինի, նրանք կարող են զինվորի պես կռվել,¬ ասում է փոքրիկ հաղորդավարը: Զինվորական խրոխտ երգերի ինքնատիպ կատարումներից հետո ավելի անկեղծ էր հնչում «Արևներ» մանկական համույթի սաների երդումը` դառնալ Հայոց բանակի արժանի զինվորներ: Իսկ «Խաղաղությունը մեր աչքերով» թեմայով կավճանկարներով պատված վարչական համալիրի մուտքին հարող տարածքը նախարարություն այցելողներին դեռ երկար հիշեցնելու է խորհրդանշական այս հանդիպման մասին: Երեխաներն իրենց անվարժ ձեռքերով պատկերել էին արև, ծաղիկ, Մասիս սար, Եռագույն: 6-ամյա մի փոքրիկ իր աշխատանքի տակ, անվան կողքին մակագրել էր` «Ապագա զինվոր»: Իսկ 5-ամյա Էդմոնդը ցանկություն հայտնեց շուտ մեծանալ և զինվոր դառնալ. - Զինվոր եմ դառնալու, որ պաշտպանեմ բոլորին: Մանուկներին իրենց շնորհավորանքը հղեցին հանդիսությանը ներկա զինվորականները. - Կցանկանայի միշտ ուրախ, զվարթ լինեն, ժպիտներն` անպակաս, կապույտ երկինք, աշխարհին էլ խաղաղություն: Թող մեր մանուկները երբեք հոգս չունենան: Իսկ այսօրվա միջոցառումը հիանալի էր կազմակերպված, շատ հաճելի է, երեխաները լիցքեր ստացան,¬ նշում է ենթասպա Արսեն Թումասյանը: - Առողջություն մեր բոլոր մանուկներին, երջանիկ մանկություն ու պայծառ, լուսավոր ապագա,¬ մաղթում է Վյաչեսլավ Հակոբյանը: Մաղթանքները շատ են ու բոլորն էլ անկեղծ: Այսպիսի պահերին հայ սպան, հայ զինվորն առավել առարկայական են պատկերացնում, որ ծառայելով հայրենիքին` նախևառաջ արևաչ այս մանուկներին են պաշտպանում: Մանուկներին. ասել է թե` իրենց օջախները և երկրի ապագան:

Հասմիկ ԳՅՈԶԱԼՅԱՆ