ԹՈՒՐՔԻԱ-ԱՄՆ. Արդյո՞ք նոր զարգացումներ կլինեն


Համաշխարհային լրատվական դաշտի վերջին օրերի ամենաարտառոց նորություններից մեկը վերաբերում է թուրքական «Էրգենեկոն» կազմակերպության սենսացիոն հայտարարությանը. 2001 թվականին Նյու-Յորքում իրականացված «երկվորյակ» երկնաքերների պայթյունը նախապատրաստվել է Թուրքիայում` Անկարայի քաղաքապետարա նում: Այս բացահայտումն արել է խմբավորման ակտիվիստներից մեկը, ով հիմա կանգնած է թուրքական դատարանի առջև: Ըստ լրատվամիջոցների, դատավորը նրան լռեցրել է` թույլ չտալով շարունակել ցուցմունքը: Հասկանալի է, որ դատավորը նրան պիտի լռեցներ, որպեսզի աշխարհը չիմանար մանրամասների մասին, պարտակվեին ահաբեկչական մյուս գործողությունները, որոնք հղացվել են Թուրքիայում և իրականացվել տարբեր երկրներում: Եվ ոչ միայն Թուրքիայում: Գաղտնիք չէ, որ Ադրբեջանն ու Թուրքիան վերածվել են յուրօրինակ փորձարանների, որտեղ ռազմական վարժեցումների են ենթարկվում զինված խմբավորումներ, ահաբեկիչներ և վարձու զինվորներ, որոնք հետագայում ուղարկվում են թեժ կետեր, աշխարհի տարբեր երկրներ` կյանքի կոչելու Թուրքիայում մշակված ծրագրերը: Հենց Թուրքիան էլ, որպես հավատարիմ արբանյակի, օգտագործում է Ադրբեջանին, որը պատրաստ է, հանուն իր «ավագ եղբոր», կատարելու ցանկացած հանձնարարություն: Թուրքիա-Ադրբեջան համագործակցության մասին, անշուշտ, գիտեն աշխարհի շատ երկրներում, գիտեն ՆԱՏՕ-ում, որն էլ ամեն ինչ անում է` Ադրբեջանին իր կառույցում ընդգրկելու և նրան Իրանի դեմ օգտագործելու համար: Թուրքական դատարանում արված խոստովանությունը պիտի որ առաջին հերթին մտահոգեր և հետաքրքրեր թե´ ամերիկյան վարչակազմին, թե´ ՆԱՏՕ-ի ղեկավարությանը, քանզի բացահայտվելու առիթ էր ներկայացել մի այնպիսի ահաբեկչական գործողության, որը ցնցեց ողջ աշխարհը և սկիզբ դրեց աշխարհաքաղաքական նոր զարգացումների: Սակայն, զարմանալի կեցվածքով, Օբամայի վարչակազմն ու Հյուսիս-Ատլանտյան դաշինքի ղեկավարությունը լռություն պահպանեցին` պարտադրելով շատերին զարմանալ, իսկ ոմանց էլ` հիասթափվել: Զարմանքի ու հիասթափության զգացումներն ապրել են առաջին հերթին թուրքական այն լրատվամիջոցները, որոնք հրապարակել էին բացահայտման մասին լուրը` հավանաբար ընդդիմանալով հայրենի իշխանությունների դիրքորոշումներին: Միաժամանակ, ինչպես նշել էր թուրքական «Զամանը», այդ բացահայտումը կարող էր ԱՄՆ-Թուրքիա հարաբերություններում նոր զարգացումներ արձանագրել` ի վնաս Թուրքիայի, քանի որ դեպի Եվրոպա ձգտող այս պետությունը միշտ էլ յուրատեսակ ցույցեր է սարքել, իր հավատարմությունն ու նվիրվածությունը ներկայացրել ԱՄՆ-ին: Եվ հանկարծ` Թուրքիան է դարձել նոր աշխարհաքաղաքական իրադարձությունների կենտրոնն ու առիթ հանդիսացել 3 հազարից ավելի մարդկանց մահվան: Բայց ԱՄՆ-ում լռություն պահպանեցին: Ամերիկյան մի շարք թերթերի հրապարակումներ անպատասխան մնացին: ԱՄՆ-ում թուրքական դեսպանատան առջև բողոքի ցույցեր տեղի չունեցան: Ինչո՞ւ: Մի՞թե Վաշինգտոնում հումորով վերաբերեցին մի այնպիսի փաստի, որի հետևանքների մասին խոսում են մինչև օրս: Հազիվ թե գործ ունենք հումորի հետ: Սա լավ մտահղացված պետական քաղաքականության մի կարևոր դրսևորումն էր, երբ ԱՄՆ-ը չկամեցավ այդ փաստը դարձնել իր և Թուրքիայի միջև քննարկման նյութ: Հիմա, ինչպես հուշում է տրամաբանությունը, ԱՄՆ-ին պետք չէր վատթարացնել իր հարաբերությունները Թուրքիայի հետ: Մանավանդ որ երկնաքերների պայթյունից հետո ԱՄՆ վարչակազմը հայտնվեց «բարենպաստ» պայմաններում` նվաճելով Աֆղանստանն ու ոչնչացնելով Սադամ Հուսեյնի իշխանությունը` արդեն մի քանի տարի ցնցումների մեջ պահելով Իրաքը: ԱՄՆ-ին անհրաժեշտ էր ոչնչացնել Արևելքի հզորագույն պետություններից մեկը, թուլացնել այստեղ տնտեսությունը և հաստատել իր տիրապետությունը` այսպիսով տարածաշրջանում հասնելով սեփական դիրքերի ամրապնդման: Իսկ տարածաշրջանում ԱՄՆ-ին ամենահավատարիմ երկիրը Թուրքիան է, որը լինելով ՆԱՏՕ-ի անդամ` պարտավորություններ ունի ԱՄՆ-ի հանդեպ: Հետևաբար, պաշտոնական Վաշինգտոնի ծրագրերի մեջ չի մտնում հակասությունները Անկարայի հետ, քանի որ առաջիկայում ԱՄՆ-ը մտադրություններ ունի առաջ շարժվելու իր ծրագրերով և Եվրոպային հասկացնել, որ, այնուամենայնիվ, ինքն է մնում բոլոր նախաձեռնությունների հեղինակը: Ավելին, ԱՄՆ-ը միշտ էլ Իրանին համարել է իր ամենավտանգավոր հակառակորդը տարածաշրջանում, երբեմն վախեցել նրա դեմ ռազմական գործողություններ սկսել, քանզի որ գիտե ու համոզված է, որ իրանական բանակը հզորներից մեկն է աշխարհում: Վաշինգտոնին դաշնակիցներ են պետք, այնպիսի երկրներ, որոնց միջոցով կարողանա հասնել ռազմական գործողությունների ակտիվացման, ունենա միջանցք, ապահովի իր թիկունքը: Իսկ Թուրքիան ու Ադրբեջանն այն հարմար երկրներն են, որոնք կարող են նպաստամատույց լինել ամերիկյան ծրագրերի իրականացման ճանապարհին: Որքան էլ Թուրքիայում հայտարարություններ հնչեն կրոնական եղբայրության և հավատարմության մասին, այնուհանդերձ քաղաքական շահերը միշտ էլ վեր են դասվում կրոնականից: Ուրեմն, մուսուլմանական Թուրքիան տանդեմ կստեղծի ԱՄՆ-ի հետ ու կսատարի նրան հակաիրանական գործողություններում: Թուրքիայի կողքին կկանգնի նաև Ադրբեջանը, որին հիմա հարկավոր է ամերիկյան աջակցությունը: Ոմանք աջակցությունը տեսնում են միայն Ղարաբաղյան խնդրի կարգավորման մեջ, որը, ըստ ադրբեջանական պաշտոնական շրջանակների, լինելու է հօգուտ իրենց: Վերջին շրջանում ԱՄՆ-ը հատուկ վերաբերմունք է դրսևորում չճանաչված երկրների հանդեպ: Ուրեմն, պաշտոնական Բաքուն հազիվ թե ամբողջապես հավատա ամերիկյան «անկեղծությանը», սակայն խնդիրը տեղափոխվում է բոլորովին այլ հարթություն` առաջադիր համարելով Ալիևների դինաստիայի շահերի պաշտպանությունը: Հանուն իր իշխանության և ունեցվածքի պահպանման` Իլհամ Ալիևը պատրաստ է ամեն ինչ անել` ԱՄՆ-ին դուր գալու համար: Նկատենք, որ հունիսի 25-ին կայանալիք Սարգսյան-Ալիև հանդիպումից առաջ հնչեց Դովիլյան հայտարարությունը, որով եռանախագահող երկրների առաջնորդները բաց տեքստով հասկացնում են Հայաստանի և Ադրբեջանի նախագահներին` պատրաստվել համաձայնագրերի ստորագրման: Որքան էլ անկեղծ լիներ հատկապես Բարաք Օբաման` Ղարաբաղյան խնդիրը կարգավորված տեսնելու ցանկություններով, այնուհանդերձ, դժվար չէ կռահել, որ այդ հայտարարությունը առաջին հերթին Իլհամ Ալիևին հղված «մեսիջ» էր, քանի որ հենց Ադրբեջանն է ապակայունացնում իրավիճակը: Հատկապես Բարաք Օբաման շատ լավ է հասկանում, որ ցանկացած համաձայնագիր առաջ է բերելու Ադրբեջանի և Հայաստանի հանրության դժգոհությունը, ինչն էլ կարող է հանգեցնել այդ երկրների նախագահների պաշտոնանկութ յուններին: Օբամային պետք չէ Բաքվում ունենալ նոր տեր, որովհետև Ալիևն իր համար ամբողջապես կառավարելի է: Ուստի, թե´ դովիլյան հայտարարությունը, թե´ Անկարայի բանտում արված բացահայտումը, թե´ դրա հանդեպ ցուցաբերված ամերիկյան «անտարբերությունը» սերտակցված են իրար: Հիմա զարգացումների սպասենք «այլ ոլորտներում»:

Լևոն ՄՈՒԹԱՖՅԱՆ