Մարտիկ էր, հիմա կալանավոր


Դիարբեքիրում հունիս 6-ի նախընտրական հանրահավաքի ժամանակ սադրանքներ կազմակերպելու մեղադրանքով ձերբակալվել է ծայրահեղ ազգայնականների շրջանում հեղինակություն Յուսուֆ Զիյա Արփաջըքը: Թուրքական Internethaber-ի փոխանցմամբ` թուրքական ոստիկանությունը ձերբակալել է 17 հոգու, ովքեր նախապատրաստել են սադրանքներ իրականացնել Դիարբեքիրում տեղի ունենալիք Դևլեթ Բահչելիի նախընտրական հանրահավաքի ընթացքում: Ձերբակալվածների մեջ է նաեւ MHP-ի ճանաչված առաջնորդ Ալփարսլան Թյուրքեշի թիկնապահ Յուսուֆ Զիյա Արփաջըքը: Վերջինս 1992-ին Ղարաբաղում պատերազմել է հայերի դեմ: Կան նաև լուսանկարներ, որոնցում Արփաջըքը զինվորական հագուստով նկարվել է Ղարաբաղյան պատերազմի ժամանակ: Արփաջըքը 2003-ից Իրաքում պատերազմել է ամերիկյան ուժերի դեմ: Արփաջըքը 1978-ից անդամակցում է ծայրահեղ ազգայնական «Իդեալիստների շարժում» կազմակերպությանը և դատապարտվել 10 տարի ազատազրկման: Նրան անվանում են «Յուսուֆ հոջա», ով ծայրահեղ ազգայնականների մեջ մեծ հեղինակություն է վայելում: