ՄԵԾ ԽԱՂԻՑ ԱՌԱՋ


Առայժմ դժվար է ասել, թե իշխանություն-ընդդիմություն երկխոսությունը վերջնարդյունքում ինչպիսի հաջողություններ կարձանագրի: Չշտապելով լավատեսական գնահատականներ հնչեցնել` նկատենք, որ մինչև վերջերս ծայրահեղ հակադիր ուժերի համագործակցությունը կարող է վարակիչ դառնալ ընդհանրապես: Այդժամ կարելի կլինի արդեն սեփական փորձով արձանագրել, որ քաղաքականության մեջ ծայրահեղ հակադիր դիրքավորումները պայմանական և ժամանակավոր երևույթներ են: Առաջիկա ընտրություններում ուժերը չափելու հերթական առիթը, թերևս, էլի շատերին է ստիպելու` հրաժարվել անարդյունավետ նախկին մոտեցումներից: Գործող մի քանի տասնյակ կուսակցությունները պետք է որ վերջնականապես համոզված լինեն, որ ընտրություն կոչվող մեծ խաղին ինքնուրույն ներկայանալն անխուսափելիորեն կրկնելու է նախկին ձախողումները: Իսկ հավանական դաշնակիցներ գտնելն ու նրանց հետ նախընտրական միավորումներ կազմելը փոքրիշատե կմեծացնի անհաջողելու հավանականութ յունը: Կարելի է կարծել, որ սկսվող քաղաքական ամառը, սեզոնին բնորոշ մեղմությունը պահպանելով հանդերձ, թեժ բանակցություններով է առանձնանալու, որոնց արդյունքները միգուցե սեպտեմբերին ի հայտ գան: Քաղուժերի շարունակական և անիմաստ տրոհումների ժամանակներն անցել են: Ցանկացած կուսակցություն, եթե իր հնարավորությունների սահմաններում ձգտում է իրական ներկայություն ապահովել քաղաքական դաշտում ոչ միայն նախընտրական դաշինքները, այլև հետագա միավորումները նույնպես անխուսափելի պետք է համարի: Ամեն դեպքում, թեև զգալի ուշացումով, բայց հայրենի կուսակցությունները հասկացել են, որ իրենց անորոշ կամ, որ ավելի ճիշտ է, ոչնչի հավասար կարգավիճակը վերանայել է պետք: Ի վերջո, նույնիսկ ՀԱԿ¬ը, որին կարճ ժամանակահատվածում հաջողվեց քաղաքական դաշտի ամբողջ ընդդիմադիր հատվածի առաջամարտիկը դառնալ, բավական արագ համոզվեց, որ եթե ոչ միավորումը, ապա գործնական համագործակցությունն անխուսափելի է: Ուրեմն, առավել ևս` այդպես չկայացող քաղուժերի պարագայում միավորումներն ինքնապահպանման երաշխիք կարելի է համարել: