Պատերազմ չի լինի


ԱԺՄ նախագահ Վազգեն Մանուկյանը համոզված է, որ ղարաբաղյան հակամարտությունը չի վերսկսվի: Պաշտպանության նախկին նախարարի հիմնավորմամբ` պատերազմի վերսկսումը նախ և առաջ ձեռնտու չէ Ադրբեջանին, քանի որ անկայունությունը կվտանգի տեղի ղեկավարության ունեցվածքի պահպանումն ու աճը, նավթատարի նորմալ շահագործումը և այլն: Այսուհանդերձ, ազատագրված տարածքների վերադարձը նույնպես չի գոհացնի հարևան երկրի հասարակությանը, եթե ԼՂՀ-ն շարունակի մնալ իբրև ինքնուրույն միավոր` պահպանել անկախությունը` բացառելով ցանկացած այլ կարգավիճակ: Բացի այդ` Ադրբեջանն արդեն պատերազմը տանուլ է տվել, և հին պատմության նոր կրկնության որևէ երաշխիք գոնե այս պահին չկա: Այնուամենայնիվ, եթե խնդրի կարգավորման ուղղությամբ մինչև տարեվերջ լուրջ քայլեր չձեռնարկվեն, ապա դա չի նշանակում, թե հաջորդ տարիների բանակցությունների ռեսուրսն արդեն սպառված կարելի է համարել: Ըստ Վազգեն Մանուկյանի` մեծ տերություններին գերազանցապես խաղաղության պահպանումն է հետաքրքրում ( -խմբ.): Իսկ թե որ պետության կազմում կլինի Ղարաբաղը` այս դեպքում նրանց առանձնապես չի հետաքրքրում: