Արձաններն աղաղակում են


Մեր երկրի մշակութային առաջխաղացման, նրա լուսավոր ապագայի երազները փայփայում ենք յուրաքանչյուրս: Բայց ոչ բոլորին է հատուկ երազանքն իրականություն դարձնելու շնորհալի ջիղը, ընդհակառակը. շատերը նույնիսկ եղածը ավերակ դարձնելու հետաքրքիր «մասնագիտություն» են ձեռք բերել: Ահա այս «մասնագիտական հմտության շնորհիվ» Սասունցի Դավթի արձանը զրկվեց իր համբերության բաժակից (գուցե մտածել էին Դավթի նյարդերի մասին), կամ Մարտիրոս Սարյանին ուղարկեցին վաստակած հանգստի` ձեռքից վերցնելով վրձինը: Ահա մի նմանատիպ մասնագիտական մոնտաժման էր ենթարկվել նաև Արմեն Տիգրանյանի արձանը, որի հետ է կապված հետևյալ ծիծաղելի դեպքը: - Ընկերուհուս հարցրի, թե՞ արդյոք գիտի` ում արձանն է, նա առանց հապաղելու պատասխանեց, որ Րաֆֆու արձանն է (զարմացա` ինչո՞ւ հենց Րաֆֆու, և ոչ ուրիշի): Սակայն զարմանքս բավարարեց արձանի վրա գունավոր ներկով արված ծիծաղելի անգլիատառ մակագրությունը` RAF: Ու եթե դեպի մշակութային արժեքները ունեցած ա°յս վերաբերմունքը արմատանա մեր մեջ, ապա եկող սերնդի իդեալ-հերոսների անունները շուտով նույնպես կհայտնվեն արձանների վրա` Սասունցի Դավթի արձանի վրա կկարդանք Spidepman, Տորք Անգեղի արձանին` Superman... Մի՞թե սրա համար էլ է պետք մեղադրել միայն իշխանություններին: Տեղական իշխանությունները, բնականաբար, պարտավոր են մտահոգվել կոթողների անաղարտությամբ: Սակայն դրանք չաղավաղելը գոնե մեզանից յուրաքանչյուրի պարտքը պետք է լինի: Չթողնենք արձանների աղաղակներն անպատասխան` օգնենք նրանց մաքրության ու պահպանության գործին:

Զարուհի ԴԻԼԱՆՅԱՆ