Լինենք ժառանգն ու տերը հնամենի հայ թատրոնի


«ՄԵՏԱՔՍՅԱ-80» Կային ժամանակներ, երբ թատրոնը համաժողովրդական սիրո, ավելին` պաշտամունքի առարկա էր, հասարակության բոլոր խավերի ու շերտերի: Եվ, ամենակարևորը, արժանանում էր պետական հատուկ ուշադրության, վերաբերմունքի: Ճիշտ է, այդ երանելի ժամանակներում ամենքն էլ հնարավորություն ունեին այդ սինթետիկ արվեստի կախարդանքին տրվելու, բայց միայն նյութական բարեկեցությունը չէր այդ հոգևոր-բարոյական սնունդի բուռն պահանջարկի խթանը: Բեմի վրա էին դերասանական վառ անհատականություններ, որոնք փայլում էին վարպետ բեմադրիչների մոգական ուժով համոզչական կենսական մարմնավորում ստացած նույնիսկ այն ներկայացումներում, որոնցում չգրված (կամ` գրված) օրենքով անպայմանորեն պետք է պահպանված լինեին «վերևից պարտադրված» սխեմաները (սյուժետային, կերպարային, մինչև անգամ` բեմադրական): Ազնիվ մղումներ, վեհ զգացմունքներ էր արթնացնում ամենատարբեր հետաքրքրությունների ու զբաղմունքի տեր մասսայական հանդիսատեսի մտքում ու սրտում այդ օրերի թատրոնը: Եվ սիրելի էին դառնում բեմից կերպավորման իրենց ունակություններով փայլող դերասան-դերասանուհիները, որոնք դառնում էին իսկապես համաժողովրդական սեփականություն` անբացատրելի ակնածանք ու փառք վայելելով իրենց անդավաճան հանդիսատեսի, իրենց ժողովրդի մոտ: Փափազը, Հրաչյան, Վաղարշը, Արուսը, Ավետը, Խորիկը, Ֆրունզիկը, Մետաքսյան... Այդպես էին խոսում նրանց հերթական դերակատարումները քննարկելիս, այդպես էլ մնացին նրանք համատարած, ինքնաբուխ, չպարտադրված (չգովազդված, այլ` վաստակած) սիրո համատարած օվկիանոսի հիշողության ծալքերում իրենց անզուգական խաղի թողած գունեղ, մարդացնող տպավորություններով: Ամենևին պատահական չեմ համարում, որ Մայր թատրոնը նրանցից մեկի` Մետաքսյայի անունով կոչեց ավանդույթ դառնալու միտում ունեցող վերջերս կազմակերպած իր թատերական փառատոնը: Առիթը հոբելյանն էր, և հոբելյարը` հայ թատրոնի պատմություն դարձած դիցուհիներից մեկը լինելով, արժանի էր իր ծննդյան 80-ամյակը տոնելու գոնե այսպես. ավաղ, չլիներ կյանքի չար խաղը, նա միանգամայն կարող էր ներկա գտնվել փառատոնին և իր առինքնող կանացիությամբ ու արտիստական բնատուր հմայքով, հարուստ բեմական կենսափորձով կրկին գերել սիրելի հանդիսատեսին, չէ՞ որ ցանկացած տարիքում կարողանում էր գերել յուրովի: Անկեղծ ասած, ինձ համար առավել ուշագրավ կլիներ պատվավոր վկայագրեր ու հիշարժան նվերներ ստացած դերասանուհիներին (անվանի և սկսնակ) տեսնել մեծանուն արտիստուհու խաղացանկում երբևէ մնայուն տեղ գրաված դերակատարումներով. դա աննախադեպ թատերական երևույթ կդառնար: Նրանք եթե նույնիսկ չկարողանային փայլել Մետաքսյայի անկրկնելի վարպետությամբ, կաշխատեին իրենց կատարողական ողջ ներուժով երևալ ցուցադրվող ներկայացումներում` հավաստելով արդի դերասանական արվեստի թատրոնը կենսունակ պահող որակի մասին: Մյուս կողմից, փառատոնի անցկացման անսպասելիորեն հղացված գաղափարը` գտնել մեկ այլ թատրոնական հնարք պանծալի ծննդյան տոնակատարությունը նշելու, քան թատերականացված հանդիսությունն է, անկասկած անհամեմատ երկար ժամանակ ու տքնաջան աշխատանք կպահանջեր իմ ենթադրած նպատակը հաջողությամբ իրագործելու համար: Եվս մեկ կարևոր հանգամանք. արտիստուհու 75-ամյակի առթիվ այդ կարգի միջոցառումներում հատկապես վարպետացած ՀՀ ժողովրդական արտիստ Վահե Շահվերդյանը արդեն արել էր ջերմ ընդունելության արժանացած մի բեմականացում և հազիվ թե կարողանար խուսափել ինքն իրեն կրկնելուց: Ստեղծված հանգամանքները հաշվի առնելով` ողջունում եմ փառատոնային տարբերակը, մանավանդ որ այն անցավ նախատեսվածից ավելի սրտառուչ մթնոլորտում, որում անորոշ կերպով զգացվում էր իր անսահման բարությամբ նմանը չունեցած արտիստուհու աներևույթ ներկայությունը: Եվ կազմակերպիչների կողմից արվեց հնարավոր առավելագույնը մեկենասների հույսին մնացած մեր սոված ժամանակներում ներկայացուցչական պատկառելի մակարդակով այս տոնական փառատոնը անցկացնելու համար: Վաղուց հասունացել էր պահանջը, որ Մայր թատրոնը իր ավանդույթները ստեղծեր: «Մետաքսյա-80»-ը համարում եմ այս ուղղությամբ արված առաջին քայլը: Ուզում եմ հավատալ, որ թատոնից դուրս իր կյանքը չպատկերացնող նրա գեղարվեստական ղեկավարը կպրպտի ուրիշ ծրագրեր ևս` հանդիպումներ, քննարկումներ, առանձին դերասան-դերասանուհիների, բեմադրիչների ստեղծագործական հաշվետու երեկոներ և այլն: Մանավանդ որ հաջորդ առիթը` Սիրանույշի 150-ամյա հոբելյանը, հեռու չէ: Փառատոնի մասնակից թատերական կոլեկտիվները միասնաբար ստեղծեցին խայտաբղետ մի խճանկար, որում նրանցից յուրաքանչյու րը երևաց բեմական արվեստի վարպետության իրեն հատուկ գույներով: Ներկայացվեցին մի քանի հաջողված բեմադրություններ (Ա. Պետրոսյանի «Ես մի ծառ եմ ծիրանի»-Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոն. Վ. Սարոյանի «Դուք մտնում եք աշխարհ»-Խամա ճիկների թատրոն. Ս. Խալաթյանի «40 օր համբառնալուց առաջ»-Վանաձորի Հ. Աբելյանի անվան թատրոն. Ռ. Կալինոսկու «Հրեշը լուսնի վրա»-Երևանի պատանի հանդիսատեսի թատրոն. Ա. Այվազյանի «Ատամնաբույժն արևելյան»-Հ. Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի թատրոն. Ալ. Շիվանզադեի «Արմենուհին»-Ստանիսլավսկու անվան ռուսական թատրոն): Ցավոք, թատերասեր հանդիսատեսին դրանք վաղուց էին ծանոթ, նա ակնկալում էր տեսնել նոր ուշագրավ բեմադրությունների ներկայացումներ: Իսկ նորը նրա համար Թբիլիսիի Պ. Ադամյանի անվան թատրոնի ներկայացրած «Պաղտասար աղբարն» էր` դասական գործի նորովի մատուցում` առանց խեղաթյուրելու հեղինակային խոսքը, նկատի առնելով այսօրվա հանդիսատեսի բարձր պահանջները (բայց այս մասին ավելի հանգամանալից կանդրադառնանք առանձին, գուցե զուգահեռ անցկացնելով ավանդական չափանիշներով արված մեկ այլ «Պաղտասարի» հետ): Ասենք, Գյումրիի Վ. Աճեմյանի անվան թատրոնի գեղարվեստական ղեկավար Նիկոլայ Ծատուրյանն էլ փորձել էր Սունդուկյանի «Խաթաբալա» և «Բաղնսի բողչա» կատակերգությունները միավորել մեկ բեմադրության մեջ, որի հենց վերնագրից հասկանալի է ասելիքի առանցքը` «Փուղի զորութիւնը»: Արտաքուստ պահպանելով հին Թիֆլիսի սունդուկյանական միջավայրը` այսօրվա հեռվից փոքր-ինչ այլ լուծումներ է տեսել հայտնի կոնֆլիկտների, հերոսների նկարագրերի, դրսևորումների: Այդուհանդերձ բեմադրիչը, գուցե դերասանախմբի միջին որակի բացակայության պատճառով, չի հասել հարկավոր ընդհանրացման` ներկայացվող արատները ոչ թե ծաղրվում, ձաղկվում են, այլ անհոգ ծիծաղ հարուցում: Փառատոնին մասնակցած արդի հայ դերասանուհիներից մի քանիսի դերակատարումները կարելի է արժանի նվեր համարել Մետաքսյա յի ծննդյան առթիվ. Գրետա Մեջլումյանի Խաթուն մայրիկը և Նելլի Խերանյանի Զառեն («Ես մի ծառ եմ ծիրանի»), Տաթևիկ Մելքոնյանի Արմենուհին և Լեյլա Խաչատրյանի Եղսաբեթը («Արմենուհի»), Մարիամ Ղազարյանի Մարթան և Ռուզան Գասպարյանի Սոֆին («Ատամնաբույժն արևելյան»), Նանո Պողոսյանի Անուշը («Պաղտասար աղբար») և Մարիամ Ղազանչյանի Սեդան («Հրեշը լուսնի վրա») և, իհարկե, Աննա Էլբակյանի փայլուն հնչյունավորած Պեգին («Դուք մտնում եք աշխարհ»): Իր փորձարարական մտածողությամբ ուշագրավ էր միակ կին բեմադրիչի` Աիդա Հովհաննիսյանի «Առլեզը» ըստ Աղասի Այվազյանի (Երևանի երիտասարդական պետական թատրոն): Փառատոնը չսահմանափակվեց մայրաքաղաքով: Գավառի, Գորիսի, Արտաշատի թատրոնները իրենց աշխատանքները ներկայացրեցին տեղերում, այսինքն թատերական տոնի անմիջական մասնակիցը դարձավ նաև մարզային հանդիսատեսը: Թող որ նրանց բեմադրությունները ինչ-ինչ կողմերով զիջում էին Երևանում ցուցադրվածներին, խրախուսականը կրկին դրանց ստեղծագործական ու կենսական կնճռոտ խնդիրների վրա առանձնահատուկ ուշադրություն դարձնելու առիթը բաց չթողնելն էր: Կարծում եմ, Մշակույթի և երիտասարդության հարցերի նախարարությունը կոնկրետ միջոցառումներ կձեռնարկի մարզերում թատերական կյանքը առույգացնելու, ստեղծագործական պատշաճ մակարդակ ապահովելու ուղղությամբ: Համարենք, որ այս փառատոնի լայնամասշտաբ կազմակերպումը առաջին գործնական քայլն է և հուսանք, որ հարուստ կենսափորձ ունեցող մեր արդի բեմադրիչները, բեմանկարիչները, դերասան-դերասանուհիները իրենց հերթին կօժանդակեն Հայաստանում գործող թատրոնների (նաև Ստեփանակերտի) ստեղծագործական վերելքին, որպեսզի մեր հնամյա թատրոնը չհնանա, իրավունք ունենա Արտավազդ Երկրորդից սկսած մինչև մեր օրերը եղած թատրոնական գանձերի, նույն Մետաքսյայի ժառանգը կոչվելու:

Նվարդ ԱՍԱՏՐՅԱՆ