Իրականությունը` մուգ ակնոցներով


Ազատական-առաջադիմական կուսակցության նախագահ Հովհաննես Հովհաննիսյանը Հայաստանում ստեղծված իրավիճակը գնահատում է «բարդ և ծանր»: Նա համոզված է, որ իշխանությունները երկրում առկա խնդիրները լուծելու ուղղությամբ կամ չեն մտածում, կամ էլ ելքերը գիտեն, բայց անտարբեր են: Արդյունքում` չլուծված հարցերն աստիճանաբար շատանում են, պրոբլեմները` խորանում: «Երկրում քաղաքական բանավեճ չկա, չկա նաև քաղաքական միտք, քաղաքական պրոցեսներ»,- իր հոռետեսությունն է փորձում հիմնավորել նախկին պատգամավորն ու երբեմնի մարզպետը` նույնքան հիմնավոր թերահավատությամբ ավելացնելով, որ այդպիսիք եթե մինչև անգամ կան էլ, ապա «ընթացիկ խնդիրների» ցածրամակարդակ կարգավիճակում են: Քաղաքական երկխոսության ձգտում նույնպես գլխավոր ազատական-առաջադիմականը չի նշմարում: Ըստ նրա, ստեղծվել է մի իրավիճակ, երբ մեծամասնությանը թվում է, թե ամեն ինչ շատ լավ է, ամուր կայունությունը պահպանվում է, սակայն գործընթացներն աննկատելիորեն բոլորովին այլ ուղղություններով են զարգանում: Իհարկե, երկրիս թիվ 1 ազատա-առաջադեմի նման հոռետեսությունը կարող էր նաև ընկալելի լիներ, եթե ներկա իրավիճակի հիմքերը իր երկարատև պաշտոնավարման տարիներին դրված չլինեին: Ահավասիկ, ըստ Հովհաննիսյանի` ղարաբաղյան զինադադարին հաջորդող խաղաղությունն ամրագրող կռվանները Հայաստանն աստիճանաբար կորցնում է: Կորչում է նաև «պատերազմում հաղթողի հոգեբանությունը և տարածաշրջանում ժողովրդավարության կղզյակ համարվելու շանսը, ինքնուրույն արտաքին քաղաքականություն վարելու իմունիտետը, սեփական շահերի համար ինքնուրույն որոշումներ կայացնելու հնարավորությունը» և այլն: Արդյունքում` հայաստանյան քաղաքականությունը նախկին պաշտոնյան մեկ դարպասով ֆուտբոլային խաղի է նմանեցնում, համարելով, որ ամեն ինչ իրագործվում է միայն պարտադրանքի ոճով, իսկ ընդդիմությունն արհամարհվում է: (Ճիշտ այնպես` ինչպես իր իշխանության տարիներին): Խորհրդարանն էլ է աստիճանաբար հեղինակազրկվում. «Խայտառակություն է, ոչ թե Ազգային ժողով: Այստեղ միայն մի քանի մարդ է տեղյակ ԼՂ հիմնախնդրից: Մնացածը հարուստ տղերք են, գալիս են, նստում, գլուխները քորում ու թողնում գնում»: Եվ քանի որ, Հովհաննիսյանի կարծիքով, իշխանության ներսում հանդուրժում են միմյանց, դրա համար էլ ամեն ինչ հաջողվում է հունի մեջ պահել: Հունը փոխելու նպատակ ազատականության ջատագովները մասնակիորեն ունեն, որովհետև եթե մինչև ընտրություններ էական փոփոխություններ չլինեն, ապա նրանք չեն բացառում նույնիսկ բոյկոտի տարբերակը: Այս դեպքում նկատենք, որ փոփոխություններն ընտրությունների միջոցով իրագործելու ծրագիրը` գոնե ըստ վերջիններիս ներկա տրամադրությունների և պատկերացումների, չի գործելու: Եվ դրա պատճառներից մեկն էլ ընդդիմադիր որոշ ուժերի հեղինակության բացակայությունն է: «Բոլորս մի հարթության վրա ենք, և բոլորով ենք ներքև սկում,- ասում է կուսակցապետը` ավելի պատկերավոր խոսքն այսպես ամփոփելով,- կապ չունի «Համմերով» է մարդը սկում, թե ոտքով, քանի որ ողջ երկիրն է ճահիճում գտնվում»: Իշխանությունները վտանգը գիտակցում են, թեպետ ճահիճում` նախընտրական մեծ ալիք է առաջացել, ինչը մեխանիկորեն աշխուժացրել է նաև արմատականներին: Եվ բոլոր այն ընդդիմադիրները, ովքեր ազատականության կողմնակից են, ԱԱԿ-ը նրանց հետ պատրաստ է նախընտրական դաշինք կազմել, այդ թվում` ՀՀՇ-ի: