Մենք պետք է իրար թիկունք լինենք


Բանակը հզոր է և անպարտելի` երբ յուրաքանչյուր զինվոր գիտակցում է, որ հենց իրենից է սկսվում հաղթանակը: Ահա այս բարձր գիտակցումով է ծառայում հրետանային դիվիզիոնի հաշվարկող Երվանդ Ստեփանյանը: Հայոց բանակի արժանի զինվոր, ում համար հայրենիքն ու հայրենասիրությունը բարձրագույն արժեքներ են, հող հայրենիի պաշտպանությունը` մեծագույն պատիվ: Երվանդն Արմավիրի մարզից է` Մեծամոր քաղաքից: Սովորել է Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանում: Առաջին կուրսն ավարտելուց հետո զորակոչվել է բանակ: Աչքի է ընկնում իր ունակություններով, օրինակելի, հավասարակշիռ պահվածքով, ինչն աննկատ չի մնացել հրամանատարության կողմից: Նա ճանաչվել է գումարտակի լավագույն հաշվարկող և խրախուսվել «Բանակի գերազանցիկ» կրծքանշանով: - Հայոց բանակի զինվոր լինելն ինձ համար առաջին հերթին մեծ պատիվ է: Գիտակցում եմ, որ ես պաշտպանում եմ իմ հայրենիքը: Ես և իմ ծառայակիցները պետք է ամեն ինչ անենք, որ մեր հայրենակիցները հանգիստ ու խաղաղ քնեն, զբաղվեն իրենց առօրյա աշխատանքներով: Մեր բանակն օրեցօր զարգանում է, բարգավաճում: Արվում է ամեն հնարավորը, որ այն է´լ ավելի կատարելագործվի, որպեսզի մենք կարողանանք ավելի հզոր լինել, ավելի ապահով դարձնել մեր սահմանները: Մարտական հերթապահության չեմ գնացել, բայց գիտեմ, թե դա որքան մեծ պատասխանատվություն է զինվորի համար: Հենց սահմանում կանգնած տղաներն են ապահովում մեր անվտանգությունը, իրենց շնորհիվ ենք մենք հիմա հանգիստ նստած զրուցում: Ծառայության մեծ ու փոքր բոլոր դժվարությունները հաղթահարելի են, երբ հայրենյաց պաշտպանը «զինված» է ամուր կամքով ու հաստատակամությամբ: Ու այդ կամքն է ծնում այն նոր որակները, որոնք առաջին հերթին զինվորն է բացահայտում ինքն իր մեջ. - Դժվարությունները քիչ են: Ամեն ինչ արվում է այնպես, որ զինվորի համար ավելի լինի հեշտ լինի: Բոլոր պայմանները ստեղծվում են դրա համար: Ծառայության սկիզբն է դժվար: Հետո ընտելանում ես: Ծառայել եմ արդեն 13 ամիս: Հսկայական փոփոխություններ եմ զգում իմ մեջ, մարդկանց սկսել եմ ավելի լավ ճանաչել: Այստեղ մենք կոլեկտիվ ենք, պետք է իրար թիկունք լինենք, միմյանց խոսքը հարգենք, լինենք ընկերասեր: Իսկ այն երիտասարդներին, ովքեր խուսափում են ծառայությունից, խորհուրդ կտայի անպայման ծառայել: Յուրաքանչյուրը պետք է հասկանա, որ ինքը ևս պարտավոր է պաշտպանել մեր Հայաստանը:

Հասմիկ ԳՅՈԶԱԼՅԱՆ