Թաքցնելու բնազդներով


Հայրենի տնտեսվարողները ոչ բոլոր հարկատեսակներն են պարտաճանաչ վճարում: Նախօրեին Պետեկամուտների կոմիտեն հրապարակել է 50 միլիոն և ավելի դրամի շահութահարկ վճարած կազմակերպությունների ցանկը, ինչից պարզ է դառնում, որ նույնիսկ միլիարդավոր դրամների հարկային պարտավորություններ կատարող տնտեսվարողները շահութահարկ վճարելիս չափազանց «ժլատ» են գտնվել: Միգուցե շահույթ բառը լսելիս նրանք անմիջապես թաքցնելու բնազդներով են առաջնորդվում, իսկ հարկեր վճարելն ուղղակի պարտավորություն են համարում: Ամեն դեպքում, 50 միլիոնի սահմանաչափին հասած ընկերությունների թիվը 200¬ի էլ չի հասնում: Հետաքրքիր է, որ նախքան ֆինանսատնտեսական ճգնաժամը, նման կազմակերպությունների թիվն ավելի մեծ էր: Ինչպես խոշոր հարկատուների, այնպես էլ շահութահարկ վճարողների անունները հիմնականում կրկնվում են չնչին փոփոխություններով: Հետաքրքիր է, սակայն, որ նման ցուցակներում մշտապես «ներկա» ստացող ձեռնարկությունների վճարումները տարեցտարի նվազում են: Հեռախոսակապի ոլորտը տնօրինող ընկերություններն այս առումով բացառություն չեն եղել և մինչև անգամ գլխավորել են առաջատարների ցուցակներ: Այլ հարց է, որ, օրինակ, «ԱրմենՏելի» 5,8 միլիարդ դրամը նվազել ու 4,7¬ի է հասել: Իսկ թե ավելի քան մեկ միլիարդ դրամով շահույթի նվազումն ինչով է բացատրվում` անհայտ է: Համենայն դեպս, կառույցի պատասխանատուները լռում են` նախընտրելով խուսափել «ավելորդ» հարցերից ու անհարկի ուշադրությունից: Ավելի անհասկանալի է «Ղ-Տելեկոմի» պահվածքը, ում վճարած գումարները ոչ ավել-ոչ պակաս` 16 անգամ են նվազել: Ինքն իրեն բջջային կապի առաջատար համարող «ՎիվաՍել-ՄՏՍ»¬ը նույնպես խուսափում է միլիարդավոր դրամների անկումը որևէ կերպ մեկնաբանել: Համենայն դեպս «ՎիվաՍելը» համեմատաբար վերջերս շուկայում հայտնված «Օրանժի» կեսի չափ է շահութահարկ վճարել: Ի դեպ, արժեր հենց կապի ոլորտին անդրադառնալ, քանի որ մշտապես համարվել է, թե այս շուկայի դերակատարների գործերը շատ լավ են: Ուրեմն ստացվում է, որ այս ոլորտի տնտեսվարողները ևս սկսել են շահույթները թաքցնել: