«Սատանան մանրուքների մեջ է»


17 տարի շարունակ ԼՂ հիմնախնդրի շուրջ բանակցություններն առիթ են տվել փորձագետներին` տարատեսակ մեկնաբանություններով որևէ ինտրիգ հրամցնել հանրությանը: Բանակցություն ների գաղտնիությունը պարարտ հող է ստեղծել` մշտապես հորինելու այնպիսի կանխավարկածներ, որոնք ճշմարտությունից անչափ հեռու են: Հիմնախնդրի կարգավորման տարբեր փուլերում տարբեր սկզբունքներ առաջ քաշելով` Մինսկի խմբի համանախագահները, որպես կանոն, հայտնվել են փակուղում: Սակայն դա բոլորովին էլ չի խանգարել Հայաստանի քաղաքական գործիչներին (հատկապես ընդդիմադիր) բազում «հանելուկներ» յուրովի գաղտնազերծելով` թմբկահարել, թե գերտերությունները շուտով ուժեղացնելով ճնշումները Հայաստանի վրա` պարտադրելու են ոչ հայանպաստ համաձայնագիր ստորագրել: Այս «երգը» լսել ենք 17 տարի, յուրաքանչյուր բանակցությունից առաջ և հետո, տարբեր իշխանությունների օրոք: Երկար ու ձիգ տարիների ընթացքում հակամարտող երկրների ղեկավարներին մի քանի տասնյակ անգամ նստեցնելով բանակցությունների սեղանի մոտ, միջնորդները նույն ստանդարտ, միապաղաղ ու վաղուց ձանձրալի դարձած ծրագրերով փորձել են համատեղել անհամատեղելին: Բնական է, որ ոչինչ չէր ստացվելու: Դե իսկ ենթատեքստեր խցկելով սույն բանակցային գործընթացի մեջ, ՀՀ ընդդիմադիր ուժերի նպատակը եղել է ոչ թե այն արհեստականորեն հետաքրքիր դարձնելը, այլ ներքաղաքական կյանքում սեփական շահերն առաջ մղելը: ԼՂ հիմնախնդրի կարգավորման արդի փուլում, հատկապես կազանյան հանդիպումից հետո ի հայտ եկան ոչ թե հնարովի, այլ իրական ինտրիգներ: Մեկ ամսից ավելի է` քաղաքագետները «գլուխ են կոտրում» հասկանալու-վերլուծելու-վերծանելու ԼՂ¬ի շուրջ ընթացող առեղծվածային, առաջին հայացքից անտրամաբանական իրադարձությունները: Գլխավոր առեղծվածը, որի պատասխանը չի գտնվում, հետևյալն է. ինչու կազանյան ձախողված բանակցություններից շատ չանցած` աննախադեպ աժիոտաժ սկսվեց: Ի դեպ, հակամարտության պատմության ամբողջ ընթացքում երբեք չէր ստեղծվել մի իրավիճակ, երբ միաժամանակ «իրար խառնվեին» ոչ միայն Մինսկի խմբի համանախագահները, այլև գերտերությունների առաջին դեմքերը` Մեդվեդևը, Սարկոզին, Օբաման ու Հ. Քլինթոնը: Այս ամենն իրոք տարօրինակ էր և առեղծվածային: Հարցի պատասխանը գտնելու համար նախ պետք է «բացահայտել», թե ինչու ՌԴ արտգործնախարար Լավրովն «ափալթափալ» «վազեց» Բաքու, այնտեղից` Երևան, հետո միանգամից` Վաշինգտոն: Այս ձեռնարկումների հապշտապությունը, Մեդվեդևի գրավոր առաջարկները պաշտոնական Բաքվին և Երևանին` ինչ¬որ հանելուկ են պարունակում: Չգիտես ինչու, վերլուծաբանները շրջանցեցին առաջին հայացքից մանրուք թվացող մի իրողություն: ԱՄՆ¬ը առաջին դեմքերի մակարդակով երբեք այնպիսի ցցուն հիասթափություն չէր արտահայտել, ինչպես կազանյան հանդիպումից հետո: Սովորական պատահականությո՞ւն էր: Ո´չ: Այդ «հիասթափությունը» հակամարտող կողմերին «դեղին քարտ» ցույց տալու նպատակ չէր հետապնդում: Պարզապես Մեդվեդևի «բոստանը» ԱՄՆ¬ը խոշոր քար գցեց` հստակ հասկացնելով Ռուսաստանին, թե ԼՂՀ հիմնախնդրի հարցում թող իմիտացիաներ չստեղծի և շատ «չթպրտա»: ԱՄՆ¬ի կողմից իր միջնորդական ջանքերի նսեմացումը Մեդվեդևը չէր մարսելու: Սակայն լավլովյան «տուրնեն» կազմակերպելու հիմնական պատճառը, թերևս, ՌԴ նախագահի սրված արժանապատվութ յունը փրկելը չէր միայն: Բնական հարց է առաջանում` իսկ ուրիշ ի՞նչ: Քիչ թե շատ տրամաբանական պատասխան գտնելու համար կրկին «մանրուքների» մեջ պետք է խորանալ: Թե´ ամերիկյան, թե´ եվրոպական պաշտոնյաները, կարծես խոսքները մեկ արած, անընդհատ կրկնում էին մի նախադասություն, որն անպատճառ պետք է խորը ենթատեքստ ունենար. այն է` «Ստատուս քվոյի պահպանումն այլևս անընդունելի է»: Ուրեմն` 17 տարի ստատուս քվոն ուզած¬չուզած ընդունել են, իսկ հիմա հանկարծ այլևս ընդունել չեն կարող: Ի՞նչ պատահեց: Եթե իրար կողքի դնենք առաջին «մանրուքը» (ԱՄՆ¬ի ցուցադրական խորը հիասթափությունը) և երկրորդը («ստատուս քվոյի» անընդունելի լինելու պարագան, ինչը դեռ շարունակում են թմբկահարել), ապա կտեսնենք, որ դրանք խիստ փոխկապակցված են: Կարելի է ենթադրել, որ ԱՄՆ¬ը իր համար «ալիբի» է նախապատրաստում` վաղուց իր գզրոցում պահվող նախագիծ¬սցենարը իրագործելու համար: Ահա այստեղ, թերևս, պետք է որոնել լավրովյան առեղծվածային «վազքի» բանալին: Կրկին պնդելով, որ Մեդվեդևի վիրավորված արժանապատվությունը փրկելուց շատ ավելի կարևոր առաքելություն էր իրականացնում Լավրովը: Տրամաբանական է թվում, որ Վաշինգտոնում ՌԴ արտգործնախարարը զգուշացրել է ԱՄՆ¬ին, թե թույլ չի տալու ԼՂՀ վերաբերյալ վաղօրոք պատրաստված ինչ¬որ սցենար դնել գործողության մեջ: Եվ երրորդ հետաքրքիր «մանրուքը», որի վրա փորձագետները չսևեռվեցին: Ոչ ոք զարմանք չարտահայտեց, թե ինչու Բաքվից Երևան, Երևանից` Վաշինգտոն մեկնած Լավրովը քննարկման թիվ 1 թեմա չդարձրեց ԼՂՀ հակամարտության հարցը: Պաշտոնական հաղորդագրություններում պարզապես հայտարարվեց, թե ի շարս կարևոր հիմնախնդիրների` քննարկվել է նաև ԼՂ¬ի կարգավորման խնդիրը: Անտրամաբանակա՞ն է: Իհարկե´: Առկա է «զռռացող» ծխածածկույթ: Մինչդեռ տրամաբանական կլիներ, եթե պաշտոնական հաղորդագրությամբ ծանուցվեր, որ ԼՂ հիմնախնդրից բացի, քննարկվել են նաև մի շարք այլ կարևոր հարցեր: Այլապես ստացվում է անհեթեթություն. Բաքու և Երևան հապշտապ այցերը պատահականորե՞ն են համընկել Վաշինգտոն մեկնելու Լավրովի ծրագրի հետ: Իսկ ճշմարտամոտ ենթադրութ յունը թերևս այն է, որ բավական կոշտ խոսակցություն է տեղի ունեցել ԱՄՆ ղեկավարության և Լավրովի միջև` հենց Արցախի հարցի շուրջ: Չի բացառվում, որ ՌԴ արտգործնախարարը Մեդվեդևի կողմից զգուշացրել է Սպիտակ տանը. 1) այլևս երբեք «խորը հիասթափություն չապրել», 2) ստատուս քվոյի անընդունելիության մասին հայտարարություններ չանել, 3) ԼՂ վերաբերյալ գաղտնի ծրագրերը գզրոցից հանելով` ուղարկել աղբաման: Այս բոլորն ի մի բերելով, կարելի է եզրահանգել, որ Հարավային Կովկասում` այժմ բախվում են շատ ավելի գլոբալ աշխարհաքաղաքական շահեր, քան 2-3 տարի առաջ: Շուտով, երբ Մեդվեդևի` ՀՀ¬ին և Ադրբեջանին ներկայացված առաջարկների պատասխանները, թեկուզ փոքր¬ինչ գաղտնազերծվեն, տողատակերից պարզ կդառնա, թե վերը ներկայացված «սցենարը» որքանով է համապատասխանում իրականությանը:

Արամ ՀԱԿՈԲՅԱՆ