Երկխոսությո՞ւն, թե՞ տուն-տունիկ. ո՞վ է շահելու


Հայ Ազգային Կոնգրեսի և իշխանության պատվիրակների միջև բանակցությունների երկու փուլ արդեն կայացել է. երրորդը պլանավորված է վաղը: Եթե նրանց` երկուսուկես ժամ տևած առաջին հանդիպման ընթացքում քննարկման կոնկրետ նյութը հայտնի չէր, ապա նույնքան տևողությամբ երկրորդ հանդիպման ավարտից անմիջապես հետո ՀԱԿ համակարգող Լևոն Զուրաբյանն ակնհայտ բարձր տրամադրությամբ շնորհավորեց լրագրողներին` թե իշխանությունն ընդունել է արտահերթ ընտրություններ անցկացնելու մասին իրենց պահանջը: Բայց ընդամենը րոպեներ անց իշխանության պատվիրակության ղեկավար Դավիթ Հարությունյանը ճշտեց` համաձայնություն է ձեռք բերվել այդ առաջարկն ընդամենը բանակցությունների օրակարգում ընդգրկելու շուրջ, ինչը, համաձայնվենք, բոլորովին էլ նույնը չէ: Ընդհանրապես, արտախորհրդարանական արմատական համարվող ընդդիմության և իշխանության միջև առկա գործընթացների մասին կողմերից տրվող իրարամերժ տեղեկատվությունն ու հարցականներ առաջացնող մեկնաբանությունները նորություն չեն: ՀԱԿ-ի որդեգրած մարտավարությունը, թերևս, հուշում է, որ նա այս փուլում ջանում է պահպանել հասարակության իրեն աջակցող մասին: Այս առումով հատկանշական է, որ ներքաղաքական զարգացումների թեմայով իր հարցազրույցներից մեկում ՀԱԿ համակարգողն ասել էր, թե եթե իշխանությունն ընդառաջ է գնում ժողովրդի պահանջներին, ի՞նչ կարիք կա ընթանալու պետական ապարատը կազմաքանդելու ճանապարհով: Նույն` աջակցողներին, հատկապես սոցիալ-տնտեսական վիճակից դժգոհ` շուտափույթ փոփոխությունների սպասողներին չհիասթափեցնելու տրամաբանության շրջանակում է տեղավորվում պատվիրակությունների երկրորդ հանդիպումից անմիջապես հետո Լևոն Զուրաբյանի պատասխանը` եթե իշխանությունը չընդունի մինչև սեպտեմբեր արտահերթ ընտրություններ կազմակերպելու պահանջը, առճակատում տեղի կունենա: Որքանո՞վ կարելի է լրջորեն վերաբերվել այս հայտարարությանը: Համենայն դեպս, իշխանության պատվիրակության կամ աշխատանքային խմբի ղեկավար Դավիթ Հարությունյանն այդ հայտարարությունը համարում է ներկա փուլում ՀԱԿ-ի մարտավարությունից բխող, ինչը, թերևս, վերն ասվածի հաստատումն է: Այս ամենից կարելի է մի հետևություն անել. ՀԱԿ-ի և իշխանության միջև երկխոսությունը վաղուց է կայացել, պատվիրակություններ կազմելու մասին առաջինի պահանջին հունիսի 17-ին հանրապետության նախագահի պատասխանից էլ շատ առաջ: Պարզապես այն կրել է անդրկուլիսային բնույթ: Վերջապես, որ թերևս ամենակարևորն է, հասարակությանը հուզող, ծայր աստիճան սոցիալական բևեռացման պայմաններում անպատմելի դժվարությամբ մի կերպ գոյատևող ժողովրդի ո՞ր հոգսերի լուծումը գտնելուն է միտված այս երկխոսություն կոչվածը, եթե կողմերից մեկը գոնե առերես պնդում է արտահերթ ընտրությունների պահանջը, իսկ մյուսը` անդրդվելիորեն մերժում: Վերջերս էլ նոր ԿԸՀ վերընտրված նախագահ Գարեգին Ազարյանն իր հարցազրույցում արտահերթ ընտրություններ անցկացնելը մի քանի պատճառաբանությամբ անհնար համարեց: Այս ամենից արդյո՞ք չի կարելի եզրակացնել, որ ՀԱԿ-ն ու իշխանությունն իսկապես անդրկուլիսյան ինչ-որ համաձայնության են հանգել` ժամանակ ձգձգելու մասին: Եթե այդ` ժամանակ ձգձգելը բխում է աշխարհի հզորների հետ հարաբերություններում, արտաքին քաղաքականության ոլորտում մեր երկրի բազում չլուծված խնդիրների շահերից, էլի կարելի է հասկանալ: Իսկ եթե ո՞չ: Եվ վերջապես անպատասխան հաջորդ հարցը. ո՞ւմ օգտին է այս ձգձգումը, ո՞վ է շահում կամ ո՞վ կարող է շահել ժամանակ ձգելուց: Այս խաղի հիմնական դիրիժորը, թերևս, Հանրապետության նախագահն է: Նա կարող է շահած դուրս գալ այս խաղից: Նախ` միջազգային հանրությունն այլևս չի կարող նրան մեղադրել ընդդիմության հետ երկխոսելուց հրաժարվելու մեջ: Ավելին, վերջին օրերին հաճախ է խոսվում այն մասին, որ երկրի ներքաղաքական կյանքում ներդրվում է քաղաքական նոր`խնդիրները ընդդիմության հետ միասնաբար` երկխոսության միջոցով լուծելու մշակույթ: Իսկ հասարակության համար այս անպտուղ բանակցությունների վրա ծախսվող յուրաքանչյուր օրը մոտեցնում է համապետական հերթական ընտրությունները:

Տարոն ՄԻՐԶՈՅԱՆ