Տորի կապիկը կթողնի՞ ծխելը 


 

Այս էգ օրանգուտանգին ինդոնեզական գազանանոցից տեղափոխել են հեռավոր մի կղզի, որպեսզի նա կարողանա թողնել ծխելը: Իսկ ծխել Տորին սովորել էր կենդանաբանական այգում: Այցելուները, անտեսելով արգելող ցուցանակները` վառած գլանակներ էին նետում նրա վանդակը: Կապիկն էլ, ընդօրինակելով մարդկանց` ներքաշում ու արտափչում էր ծուխը` արդյունքում դառնալով մոլի ծխող:

- Ինդոնեզիայի կենդանաբանական այգին տառապում է անկարգապահ այցելուների վարքագծից: Այստեղ նշան է կախված` որ արգելվում է կենդանիներին անհանգստացնել: Բայց զբոսաշրջիկները խախտում են կանոնները,- պատմել է Օրանգուտանգների պաշտպանության կենտրոնի տնօրեն Հարդի Բակտյանտորոն:

Այսուհետ այցելուները բարձրագույն կարգի կաթնասուններին կդիտեն հեռվից: Տորիի նոր բնակատեղին այցելուներին թույլատրելի վայրից հեռու է 15 մետր: Կենդանու առողջությանը ոչինչ չի սպառնում, բայց նրան փորձում են փրկել մարդկային այս թուլությունից: Դե կապիկը կարդալ չգիտե և չի կարող իմանալ ծխելու վնասները…