Եթե չուզենաս ոտաբոբիկ մնալ… 


 

Կարծում եք պետությունը միայն իր ժողովրդի անվտանգությամբ, սոցապահովությամբ ու զանազան իրավունքներո՞վ է մտահոգ: Կամ, ո՞վ է ասում, թե Չինաստանը հոգնել է անվերջ աճող իր քաղաքացիների շատությունից: Չէ˜, մտահոգ երկիր է, որ շատությունից մարդիկ իրար չխանգարեն:

Դիցուք, այսուհետև Պեկինի գերծանրաբեռնված մետրոյում բոլոր ցանկացողներին վարձակալությամբ ռետինե չստիկներ են տրամադրելու: ՉԺՀ մայրաքաղաքի մետրոպոլիտենը որոշել է հոգալ իր ուղևորների «ճակատագրով», որովհետև նրանք հաճախ, հատկապես երթևեկի պիկ ժամերին, կորցնում են ամառային կոշիկները: Ու հիմա նրանք, ովքեր հրմշտոցի մեջ մետրոյի վագոնից դուրս են գալիս ոտաբոբիկ (պարզապես կորցնում են կոշիկները), վարձույթի հատուկ կետերում կարող են անվճար փոխարինիչ ստանալ: Ընդ որում, Պեկինի բոլոր` 182 կայարաններում էլ արդեն գործում է այդ ծառայությունը:

Ոտաբոբիկ տուն հասնելու վտանգի առջև հայտնված ուղևորները նույնիսկ չստերի գույնն ընտրելու հնարավորությունն ունեն` երկնագույն, վարդագույն կամ դեղին: Իսկ օգտագործելուց հետո այդ հողաթափերը պետք է վերադարձվեն վարձույթի կետ: Բայց անփույթ ուղևորներին որոնում չի հայտարարվի: Ու գուցե շուտով ողջ Պեկինը սկսի «քայլել» վարձույթային ռետինե չստերով: