Քչերը գիտեն, շատերը` ոչ

Մատնաքաշ 


 

Պատմել է մանկավարժ, լրագրող, գրող-հրապարակախոս Ալբերտ Փարսադանյանը

1987 թ. Երևան վերադառնալիս Ալբերտ Փարսադանյանն Ալավերդու հացեր էր գնել:

- Մատնաքաշն ուրիշ է ինձ համար,- ասաց և պատմեց.

… 1930-ական թվականներին Երևանի քաղխորհրդի գործկոմի նախագահ Արամայիս Երզնկյանը կանչում է հացթուխ Օգսենին և ասում.

- Հացի նոր տեսակ պիտի ստեղծել, այնպիսի հաց, որ արժանի լինի մայրաքաղաք Երևանին: Երեք շաբաթ անց Օգսենը ներկայանում է Արամայիս Երզնկյանին և նրա առջև դնում երկարուկ, երեսին ակոսաձև նախշեր քաշած մի հաց:

- Տես , այնպիսի ակոսներ եմ արել, ոնց որ արտն է լինում,- ասում է հացթուխը:

Երզնկյանը համտեսում է հացն ու ասում.

- Այո համեղ է, ակոսներն էլ գեղեցիկ են: Հիմա մեր բախտի, մեր հողի տերն ենք: Մենք մեր ակոսները կդարձնենք հացավետ: Ակոսի մեջ մեր գոյության հազարամյա խորհուրդն է: Ի՞նչ կոչենք այս հացը:

- Մատնաքաշ. ակոսաձև նախշերը մատներով եմ քաշել,- ասում է Օգսենը:

- Գեղեցիկ անուն է, թող մատնաքաշ կոչվի,- համաձայնում է քաղաքագլուխը:

Վաղարշակ ՂՈՐԽՄԱԶՅԱՆ