Ձեռի հետ` ոտի վրա 


 

Մայրաքաղաքի Բաշինջաղյան փողոցի թիվ 184 հասցեում «Թոնրատուն» անունը կրող խորտկարան է գործում: Առավոտից երեկո ախորժելի բույրերով լեցուն այս հաստատությունը մինչ օրս կշարունակեր իր բնականոն գործունեությունը, եթե ոստիկանության ծառայողների տեսադաշտում իր կասկածելի վարքագծով չհայտնվեր մատուցողուհի Հեղինե Հ.-ն:

30-ամյա այս կինը հուլիսի 28-ի երեկոյան, գողություն կատարելու կասկածանքով, բերման է ենթարկվել ոստիկանության Մաշտոցի բաժին: Կասկածներն անհիմն չէին. օպերատիվ տեղեկություններ էին ստացվել, որ մատուցողուհու «ձեռքերն այնքան էլ մաքուր չեն»:

Բաժնում տեղի ունեցած կարճատև զրույցից հետո օրենքի պահապանների կասկածները հաստատվեցին: Պարզվեց, որ Հեղինե Հ.-ն երկու օր առաջ, իր բուն պարտականությունները կատարելուց զատ, համարձակություն է ունեցել նաև մտնել «Թոնրատան» տնօրինուհու աշխատասենյակն ու իր ղեկավարի պայուսակից գողանալ 30.000 դրամ:

Ուշագրավ է, որ տնօրենը գողության մասին ոստիկանություն չի դիմել: Բայց, հաստատությանը տհաճ անակնկալ մատուցած մատուցողուհու գործը ներկայումս հետաքննության փուլում է: