«Ծեծվածը» 


 

Երևանի «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնից ոստիկանության Կոտայքի բաժնում հաղորդում է ստացվել, որ կողերի կոտրվածքներով իրենց մոտ բուժօգնության է տեղափոխվել 43-ամյա Վաղինակ Գալստյանը` հայտնելով, որ անծանոթ անձինք Ջրվեժ գյուղի տարածքում գտնվող «Մատրյոշկա» գիշերային ակումբի մոտ իրեն ծեծի են ենթարկել:

Ոստիկանության ծառայողները պարզել են, որ Գալստյանին ոչ ոք ծեծի չի ենթարկել: Նա ինքը ստիպված էր եղել խոստովանել, որ վնասվածքները ստացել է ոչ թե անհայտ անձանց կողմից ծեծի ենթարկվելու, այլ գիշերը ոգելից խմիչք օգտագործած վիճակում Ջրվեժ գյուղի գերեզմանատան մոտ վայր ընկնելու հետևանքով: Իսկ իրողությունը հիվանդանոցում գունազարդված է ներկայացրել, որպեսզի ... անվճար բուժօգնություն ստանա:

Միանգամից ասենք, որ հերթապահ բժիշկները Գալստյանին պատրաստակամորեն և անվճար բուժօգնություն են ցուցաբերել` ուշադրություն անգամ չդարձնելով նրա պատճառաբանություն-փաստարկներին, հետևապես, ի՞նչ կարիք կար ստելու, իրեն զոհի կերպարանքով «Մատ-րյոշկա» գիշերային ակումբի մատույցները հասցնելու և տեղի ունեցածը «հերոսապատում» դարձնելու:

Հիմա արդեն, ամենայն հավանականությամբ, նա ստիպված է լինելու հենց այդ սուտ վկայությունների համար պատասխան տալ իրավապահներին: