ԱՆՆՈՐՄԱԼ ԵՐԵՎՈՒՅԹ 


 

Հաճելի է, որ Հայաստանի պետական բյուջեն սկսել է հարստանալ հարկատուների հաշվին: Սակայն աննորմալ է այն երևույթը, որ հազար խոշոր հարկատուների ցանկում առաջնային հորիզոնականներում տեղեր են զբաղեցրել բուհերը:

Մի կողմից մասնագետները դա դրական են համարում, քանզի կրթությունը դարձել է ֆինանսաբեր, մյուս կողմից էլ անհանդուրժելի է, որ տնտեսության փոխարեն` զարգանում է այսպես կոչված կրթական բիզնեսը:

Ցանկում ընդգրկված են 15 բուհեր և կրթական ծառայություն մատուցող կազմակերպություններ: Խոշոր հարկատու բուհերի ցուցակը գլխավորում է Մ. Հերացու անվան բժշկական պետական համալսարանը, որը զբաղեցնում է 109-րդ տեղը, երկրորդը Երևանի պետական համալսարանն է (177-րդ տեղ), երրորդը` Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանը (272-րդ տեղ): Հազար խոշոր հարկատուների մեջ են ևս 12 բուհեր: Եվ մյուս արտառոցությունն էլ այն է, որ այս բուհերից շատերում ցածր են դասախոսների աշխատավարձերը, դեռևս լուծված չեն բուհական գիտությամբ զբաղվողների սոցիալական խնդիրները: Նշանակում է, կարևոր է դարձել ոչ թե մարդը, ում սոցիալական շահերը պիտի գերակայեն, այլ ընդամենը բյուջեն լցնելու գրոհայնությունը: