«ՊԵՏՔ Է ԱՄՈՒՐ ԿԱՆԳՆԵԼ ՀԱՅՐԵՆԻ ՀՈՂԻ ՎՐԱ»


 

«Ավանգարդ»-ի հյուրասրահում ականավոր հայ երգչուհի, Հայաստանի և Վրաստանի ժողովրդական արտիստուհի Էլվիրա ՈՒԶՈՒՆՅԱՆՆ է, ով 1970-80-ական թվականներին հռչակվեց որպես ազգային օպերային արվեստի նշանավորներից, կանգնեց մեր երաժշտական թատրոնի մեծերի կողքին:

Էլվիրա ՈՒԶՈՒՆՅԱՆ.

«ՊԵՏՔ Է ԱՄՈՒՐ ԿԱՆԳՆԵԼ ՀԱՅՐԵՆԻ ՀՈՂԻ ՎՐԱ»

- Սիրելի տիկին Էլվիրա, ուրախ ենք, որ ընդունեցինք մեր առաջարկությունը` թերթի միջոցով հանդիպելու մեր ընթերցողներին:

- Ես էլ շատ ուրախ եմ: «Ավանգարդը» լավ եմ հիշում. երիտասարդական թերթ էր, որի ամեն համարին հաճույքով էին սպասում ընթերցողները: Հաճելի է, որ թերթը շարունակում է իր կենսագրությունը:

- Չնայած Ձեր կենսագրությանը ծանոթ են երաժշտասերները, Ձեր անունը տեղ է գտել տարբեր հանրագիտարաններում, այնուհանդերձ ցանկալի կլիներ, որ պատմեիք, թե ինչպես պատահեց, որ Թբիլիսիի կոնսերվատորիայի ուսանողուհին, դեռևս ուսումը չավարտած, հայտնվեց մեր օպերային թատրոնում:

-

Օպերային թատրոններում մի չգրված օրենք ու կարգ կա, որ առաջատար համարվող երգիչ-երգչուհիները պիտի ճամփորդեն, հյուրախաղերով հանդես գան, իսկ ահա պիտի լինեն այնպիսիք, ովքեր «լուծ պիտի քաշեն», մասնակցեն ընթացիկ ներկայացումներին: Երևանի օպերային թատրոնում հարկավոր էր հաճախ փոխարինել Գոհար Գասպարյանին, ուստի անհրաժեշտություն էր առաջացել գտնել կոլորատուրային սոպրանոյի, ով կկարողանար երգել Գոհար Գասպարյանի երգացանկում ընդգրկված դերերգերը: Ես սովորում էի Թբիլիսիի կոնսերվատորիայի երրորդ կուրսում. իբրև կուրսային աշխատանք` պատրաստել էի Վիոլետայի արիան «Տրավիատա» օպերայից: Իմ մասին տեղեկացել էին Երևանի օպերային թատրոնում, ուրախացել, որ կարելի է հրավիրել ազգությամբ հայ երգչուհու… Ես սիրով ընդունեցի երևանյան հրավերը, քանի որ միանգամայն այլ էր վերաբերմունքս Երևանի հանդեպ: Չեմ ուզում ասել, թե Երևանի հանդեպ սերը պայմանավորված էր լոկ հայ լինելով: Դա կարևոր էր, իհարկե, սակայն ոչ այն կարգախոսային ձևերով, ինչպես մատուցվում էր: Մի մոռացեք, որ ես այլ սերնդի ներկայացուցիչ եմ, այլ դաստիարակություն եմ ստացել: Դաստիարակություն, ըստ որի` ողջ Խորհրդային Միությունը, Մոսկվան, Թբիլիսին, Երևանը մեր տունն էին… Ոչ թե փողն էր հարուստ ու երջանիկ դարձնում մարդուն, այլ շփումները, աշխարհագրական այն տարածքը, որը քո հայրենիքն է: Իմ հայրենիքը ողջ երկիրն էր` Երևանով հանդերձ: Ուրեմն ես հայրենիքիս մի քաղաքից մյուսն էի գալիս` հրաշալի ու գեղեցիկ Երևան, որն իր նկարագիրն ու կերպարն ուներ: Ասեմ, որ բավական հետաքրքիր ձևով ես հայտնվեցի մեր թատրոնում: Երևան եկա մասնակցելու մրցույթի` այստեղ չունենալով շատ ծանոթներ և բարեկամներ: Ինձ համար անգնահատելի էր Չաուշյանների, Դոմբաևների և Սարաջևների բարեկամությունը. նրանք իմ միակ կապն էին արվեստի աշխարհի հետ: Մասնակցեցի մրցույթին, երգեցի «Տրավիատա» և վերադարձա Թբիլիսի: Իմ վերադարձից հետո «Կոմունիստ» ռուսալեզու թերթում տպագրվում է «Մրցույթի արդյունքները» վերնագրով տեղեկատվություն, որի հեղինակ Շահնազարյանը գրում է. «Էլվիրա Ուզունյանը անչափ հետաքրքիր երևույթ է օպերային թատրոնի բեմում…»: Պատկերացնո՞ւմ եք, սա գրվում է երրորդ կուրսի ուսանողուհու մասին…

- Երբ Դուք եկաք Երևան, թատրոնում, բնականաբար, Գոհար Գասպարյանի փառքն էր գերիշխում: Արդյո՞ք որևէ խնդիր չի ծագել այդ նշանավոր երգչուհու հետ` եթե հաշվի առնենք այն հանգամանքը, որ կար նաև ստեղծագործական մրցակցության հարցը:

- Որևէ խնդիր և որևէ բարդույթ չի եղել մեր հարաբերություններում: Նա ինձ «կուկլա ջան» էր ասում` երբևէ չխոչընդոտելով իմ ստեղծագործական ընթացքին: Վեճեր չեն եղել նրա հետ, իսկ Տիգրան Լևոնյանի հետ որոշակի բախումները հետո հարթվել են: Լինելով Գոհար Գասպարյանի կողքին, ես կարողացա դասեր առնել նրա դրական և բացասական կողմերից: Այսինքն, նա իսկական դպրոց եղավ ինձ համար: Ոգևորում էր ինձ. օրինակ` փորձերի ժամանակ իր ներկայությունն ավելի քան զգում էի, իսկ նա ասում էր` «Բոյ ունես, գեղեցիկ ես, շատ լավ ձայն ունես, համարձակ ու հպարտ եղիր…»: Սա մեծ արվեստագետի առաքինությունն էր` չնախանձել երիտասարդներին, այլ գնահատել նրանց…

- Մեր զրույցի սկզբում Դուք նշեցիք, որ հիշում եք «Ավանգարդը»: Իսկ ինչպե՞ս է կայացել Ձեր հանդիպումը մեր թերթի հետ:

- Արդեն որոշակի ճանաչում էի ձեռք բերել, երգել էի մի շարք դերերգեր: Եվ ահա մի օր ինձ է մոտենում մի լրագրող և ասում, որ ցանկանում է գրել իմ մասին: Վիկտոր Բալայանն էր այդ լրագրողը` «Ավանգարդից»: Այդ հանդիպումը մեր լավ բարեկամության սկիզբը դարձավ: Ես Վիկտորին առաջարկեցի լսել իմ կատարումները, ապա նոր միայն գրել: Նա ասաց, որ լսել է ինձ, ապա միայն կայացրել որոշում: Ասաց, որ ուզում է գրել «Մեր հեռանկարային երիտասարդ երգիչները» թեմայով ակնարկ: Հետո ինձանից խնդրեց մի փոքր լուսանկար: Բացահայտեմ մի գաղտնիք, որի մասին այսքան ժամանակ չեմ խոսել... Վիկտորն ասաց, որ ինքը ոչ միայն ոգևորվել է իմ կատարումներով, այլ ցանկացել է գրել, որովհետև իմ կողքին տեսել է շատ չար մարդկանց: Գիտե՞ք ինչն էր հետաքրքիր, այդ հոդվածից հետո այնքա˜ն թշնամիներ ունեցա… Պարզվեց, որ գովեստը շատերին քո դեմ է տրամադրում: Սա արվեստում նկատվող երևույթ է` երբ գովեստը շարժում է չարակամների նախանձը:

- Չարակամներին չնկատելը, նրանց դավերը հաղթահարելը նաև ամրապնդեց Ձեր ինքնահաստատումը, օգնեց առավել ամուր կանգնել ոտքերի վրա և վստահորեն գնալ դեպի հաջողությունները:

- Իհարկե, սակայն այստեղ ես ուզում եմ առանձնացնել «Ավանգարդի» ներդրումը: Սա պատահական չէ, ձեր թերթն իսկապես իմ կյանքում իր կարևոր տեղն ունի: Եվ կարևոր տեղ ունի Վիկտոր Բալայանը: Շատ կուզենայի, որ այսօր մեր երիտասարդ արվեստագետներին շրջապատեին նման մարդիկ:

- Դուք այն բացառիկ արվեստագետներից եք, ով միշտ սերտ կապեր է պահպանել Հայաստանի մյուս բնակավայրերի հետ: Ոչ թե պարփակվել եք Երևանի շրջանակներում, այլ երգը տարել եք մյուս բնակավայրեր: Ինչո՞ւ հանկարծ որոշեցիք դուրս գալ Երևանից, երբ մեր շատ արվեստագետներ կարծես խորշում էին...

- Այդ ամենը տեղի ունեցավ 1970-ականներին: Ես հաճախ էի կամերային նվագախմբի հետ համերգներով հանդես գալիս այլ քաղաքներում: Այդ համերգների ընթացքում տեսա, զգացի, որ ունենք միանգամայն այլ ունկնդիր, ով գնահատել գիտի երգը, ունի´ այդ երգի կարիքը: Գնացի Ֆիլհարմոնիա և խնդրեցի ամառային ամիսներին ինձ գործուղել մեր շրջանները, որպեսզի երգի հետ նրանց բարեկամությունը խորացնելու առիթ ունենամ… Ուրիշ է Երևանից դուրս գտնվող Հայաստանը, դա միանգամայն այլ աշխարհ է` գեղեցիկ, հետաքրքիր, զարմանալի-սիրելի մարդկանցով... Ես մինչև հիմա կարոտով ու սիրով եմ հիշում այդ մարդկանց: Հատկապես սիրում եմ Լոռին, որովհետև զարմանալի բանաստեղծականություն և քնարականություն կա Լոռվա մեծն Հովհաննես Թումանյանի բնաշխարհում: Հավանաբար, այդ սիրո մեջ դեր է կատարել նաև Անուշը, որն իմ սիրած դերերգերից մեկն է եղել:

Երևանցիների աչքերի մեջ փայլն է պակասել, իսկ այդ փայլն ամենամեծ գեղեցկությունն է: Ես ամեն անգամ Հայաստան գալով, վերապրում եմ Երևանից դուրս գտնվելու երջանկությունը: Դուրս` այսինքն Հայաստանի տարբեր բնակավայրերում: Այն տարիներին իսկապես ձևավորվել էր գեղարվեստական ակտիվ կյանք, որին իրենց մասնակցությունն էին բերում մեր երգարվեստի շատ նշանավորներ: Նրանց մի մասի անուններն այսօր, ցավոք, մոռացության են մատնվել: Ես կարող եմ անուն առ անուն հիշել բոլորին, ովքեր, ավաղ, դարձել են մոռացված: Արվեստում ամենասարսափելին այն է, երբ աշխատում ես, նվիրվում, ու գալիս է մի ժամանակ, երբ ամեն ինչ մոռացության է տրվում: Այսօր շատ կարևոր է, որպեսզի մոռացության չտրվեն մայրաքաղաքից հեռու ապրող մարդիկ: Նրանց մասին հոգ տարվի, ազգային արվեստը չկենտրոնանա միայն Երևանում` այն զրկելով մշտապես հարստանալու հնարավորությունից: Իսկ մեր մարզերն իրենց մեջ ահռելի լիցքեր են պարունակում:

- Դուք Հայաստանից մեկնեցիք մոտ երկու տասնամյակ առաջ… Ես միտումնաբար չեմ օգտագործում հեռանալ բառը, որովհետև Դուք այստեղ եք, կաք: Դուք հաճախ եք լինում տանը:

- Ես ուզում եմ ավելի ճիշտ ասել: Ամուսինս 1990-ականներին հրավեր էր ստացել Միացյալ Նահանգներում ապրող իր քեռուց: Նա գնաց, սակայն այնքան շատ էին ձևականությունները կապված հրավերի հետ, որ անգամ չկարողացավ տեսնել քեռուն, ով այդ ժամանակ մահացավ... Հենց ամուսինս էլ կազմակերպեց իմ մեկնումը: Ես իսկապես չեմ հեռացել, չեմ թողել Հայաստանը: Ամեն տարի գալիս եմ Հայաստան` երկու-երեք ամսով: Սա իմ երկիրն է, իմ հայրենիքը: Ես մեկնեցի ոչ թե Հայաստանից հեռու ապրելու, այլ կային որոշակի պայմանավորվածություններ, հանուն որոնց էլ գնացի և անցա ակտիվ աշխատանքի` ձգտելով օգտակար լինել բոլոր նրանց, ովքեր մտադրություն ունեին իրենց նվիրելու արվեստին, երաժշտությանը: Այնտեղ կազմակերպեցի վարպետության դասեր, որոնք իսկապես պետք էին... Ես գնացի այն ժամանակ, երբ հարկավոր էր օգնել մորս, նրան դուրս բերել ծանր պայմաններից… Իմ մեկնելու հետ կապված սխալ տեղեկություններ կան, կան թյուր մոտեցումներ, մինչդեռ ամեն ինչ այլ էր, այլ կերպ էր…

- Ճիշտ է, Դուք ինչ-որ չափով հեռացել եք հայաստանյան մշակութային կյանքից, սակայն մշտապես հիշվում է Ձեր անունը: Նշանակում է, որ Դուք մեր արվեստի ու մշակույթի անբաժանելի մասն եք: Ուրեմն, ի՞նչ ծրագրեր ունեք, ինչպե՞ս եք պատկերացնում Ձեր հետագա մասնակցությունը մեր մշակութային կյանքին: Ինչպե՞ս եք տեսնում մեր մշակույթի վաղվա օրը:

- Հին ճշմարտություն է, որքան ամուր ենք կանգնում մեր արժեքների վրա, որքան ամուր ենք դնում մեր ոտքը հայրենիքի հողին, այնքան վստահորեն ենք կառուցում մեր մշակույթի ապագան: Հիմա, Փառք Աստծո, ամեն ինչ կա, ստեղծվել են այնպիսի ազատություններ, որոնցից մենք զուրկ ենք եղել: Հիմա, ինչպես ասում են, ազատականություն է, որը հնարավորություն է տալիս մղվելու դեպի ստեղծագործական ազատությունը, թռիչքները: Ուրեմն, լավագույնս պետք է օգտագործվեն ընձեռված հնարավորությունները: Միայն պիտի ցանկանալ, որ մեր արվեստը քայլի ճշմարիտ արժեքների և բարձր չափանիշների ճանապարհով… Պետք է այնպիսի դաստիարակված միջավայր լինի, որպեսզի միշտ լինի Հայաստան ու Հայրենիք գալու ձգտումը: Ես վերջերս այստեղ մի համերգի ներկա գտնվեցի «Երաժիշտները կատակում են», որը ղեկավարում էր Կարեն Դուրգարյանը: Հրաշալի երգիչներ կան: Բեմում այնպիսի երգիչներ էին, ովքեր մտածում էին, հասկանում իրենց կատարած ստեղծագործությունը և մատուցում մակարդակով: Նշանակում է` կա´ այն բարի միջավայրը, առկա´ են այն բարեբեր որակները, որոնք պետք են մեզ: Ամեն ինչ անենք` դրանք պահպանելու և հարստացնելու համար: